Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Խնդիրը, միանշանակ, Ադրբեջանի հետ է կապված»

Մարտ 30,2016 15:12

«Միացյալ Նահանգները անշուշտ կցանկանար այս միջոցառումն օգտագործել նախագահների հանդիպում կազմակերպելու համար, որովհետեւ իրենց ստրատեգիան է դա»,- մարտի 30-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա հասկանալի է համարում, թե ինչու ԱՄՆ-ն նման Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին չի հայտարարում. «Կարծում եմ՝ այս պահի դրությամբ առավելապես այն պատճառով, որ դա հնարավոր չեղավ կազմակերպելը եւ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ուղղակի վերականգնել բանակցային ֆորմատը: Եվ հետեւաբար՝ չի կարելի հայտարարել մի բան, որը լավագույն դեպքում մնալու է ցանկության մակարդակում եւ իրականություն չի դառնալու, առավել եւս, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը Ռուսաստանի կազմակերպած հանդիպումների ընթացքում խուսափելու որեւէ փորձեր չեն կատարում: Բայց ի նկատի ունենալով հակամարտության վրա, համեմատած Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ավելի քիչ ազդեցությանը, բնականաբար, դա տեղի է ունենում հենց Միացյալ Նահանգների կամ արեւմտյան համանախագահների միջնորդական առաքելությունների պայմաններում: Հետեւաբար՝ խնդիրը, միանշանակ, Ադրբեջանի հետ է կապված»:

Նա նկատեց, որ Ադրբեջանի ցանկություններից մեկն է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը. «Պիտի խոստովանել, որ այս կտրվածքով Ադրբեջանը միայնակ չէ: Եթե նա միայնակ լիներ իր այս շահագրգռվածության մեջ, բնականաբար, այդ խնդիրը լուծելը քաղաքական եղանակներով շատ ավելի հեշտ կլիներ, բայց Մինսկի խմբի վերաֆորմատավորմամբ շահագրգռված է Թուրքիան, գրեթե նույն տեսքով, ինչ Ադրբեջանը, բնականաբար, իրեն տեսնելով այդ խմբի հնարավոր համանախագահներից մեկը: Եվ նաեւ Մինսկի խմբի դիրքերի ուժեղացմամբ շահագրգռված չէ, պետք է խոստովանել, մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը: Ես չեմ ուզում ասել, որ Ռուսաստանը իսպառ կցանկանար Մինսկի խմբի լուծարում, այս պահին նաեւ շահագրգռվածություններ կան, բայց նաեւ հաստատապես մենք կարող ենք մի բան վստահաբար պնդել, որ Ռուսաստանը Մինսկի խմբին զուգահեռ ստեղծել է մի ձեւաչափ: Ռուսաստանը այդ ձեւաչափով ընդգծում է ոչ միայն իր առավել դոմինանտությունը Մինսկի խմբի մյուս համանախագահ այլ երկրներից, այլ նաեւ նույն այդ ձեւաչափով կարողանում է չափազանց տեսանելի եւ շոշափելի ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031