ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարեւոր է համարում, որ 2012-ի ընտրություններից հետո ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի կողմից արված դիտողությունները կյանքի կոչվեն նոր ընտրական օրենսգրքում, որի նախագիծն այժմ քննարկումների փուլում է: Այդ մասին նա ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ:
«Մենք ակնկալում ենք իրատեսական փոփոխություններ եւ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հավասար իրավունքներով մասնակցել ընտրությունների, ունենալ ժողովրդի ուժի վրա հիմնված իշխանություն եւ ընտրությունների արդյունքները միջազգային հանրության մոտ կասկած չհարուցեն»,- ասաց պատգամավորը` դիմելով քննարկմանը ներկա ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ ԵԱՀԿ-ում նախագահող երկիր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին:
«Կարծիքները տվեք հստակ, որ երկիմաստ չլինեն»,- ասաց պատգամավորը`օրինակ բերելով, որ ԸՕ նախագծի քննարկումների ժամանակ քվեարկածների ցուցակների հրապարակման ընդդիմադիրների պահանջի մասով առկա թնջուկը, երբ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի մի նորմով արգելում է հրապարակումը, մեկ այլ նորմով չի արգելվում: «Ոչ միայն հետընտրական գնահատականների ենք սպասում այլ ակտիվ ներգրավվածության` ԸՕ-ի մշակման փուլում»,-ասաց պատգամավորը` նկատելով, որ Հայաստանում «մոդա» է դարձել շատ գործընթացներ քողարկել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներով:
Այս համատեքստում, Էդմոն Մարուքյանը նաեւ բարձրաձայնեց`մեզ համար շատ վիրավորական էր, որ ԸՕ-ի նոր նախագիծը նախ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի կայքում եւ անգլերենով:
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների եւ Հայաստանի համագործակցությանը: Այս համատեքստում, նա բավական արդյունավետ է համարում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով գրասենյակի եւ հանձնակատարի հետ համագործակցությունը: Մասնավորաբար, Դունյա Միյատովիչի արագ արձագանքը հանրաքվեից հետո`լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին: Այդ հայտարարությամբ տիկին Միյատովիչն անդրադառնում էր նաեւ այն խնդրին, որ իրավապահները չեն հայտնաբերել եւ պատժել դեռ ամռանը, «Էլեկտրիկ-Երեւան» շարժման ժամանակ լրագրողների նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներին:
Նա մեջբերեց նաեւ Ilur.am կայքի խմբագրի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ինչը կարճվեց`Դունյա Միյատովիչի`ՀՀ ԱԳՆ-ին ուղղված նամակից հետո: «ԵԱՀԿ-ն իրապես կանգնած է խոսքի ազատության թիկունքին եւ վերահսկում է անդամ երկրներում իրավիճակը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նկատեց, որ անվտանգությունը Հայաստանի համար միշտ կարեւոր է եղել, բայց դա երբեք չենք կապել ժողովրդավարացման հետ: Անվտանգությունը մենք միշտ ռազմական տեսանկյունից ենք գնահատել: Իր համոզմամբ, սակայն, Հայաստանը երկու խնդիր ունի`ժողովրդավարացում եւ ինքնիշխանություն: «Հայաստանը մասնակցում է անվտանգության մասով եվրոպական նախաձեռնություններին, բայց դուրս ենք մնում անվտանգության համակարգերից»,- ասաց Անուշ Սեդրակյանն`այս առումով կարեւորելով ԵԱՀԿ-ի դերը:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ իր ելույթում ասաց, որ վերջին երեք տարիներին մարդու իրավունքները եւ ժողովրդավարացումը Հայաստանում փաստացի նահանջ է ունեցել: Դա մերկապարանոց կարծիք չէ, հիմնված է կազմակերպության իրականացրած մի շարք դիտարկումների վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ