ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ Հրազդանում կայանալիք ընտրություններին: Նա նշեց, որ անձամբ հետեւում է բոլոր ՏԻՄ ընտրություններին, եւ իր կարծիքով՝ Հրազդանում իրավիճակը մի փոքր այլ է:
«Կարծես թե, որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այդ ընտրությունները վերածել ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների լոկալ ընտրությունների, այլ դարձնել քաղաքական այդ ընտրությունները: Ինչեւէ, մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երեւանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ: Կարծում եմ՝ Հրազդանը վստահաբար այն տեղը չի լինելու, որտեղ տարբեր, ոչ հրազդանցի քաղաքական գործիչներ կփորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները: Բոլոր դեպքերում, եթե կարիքը լինի օգնելու մեր թիմին, մենք կօգնենք, բայց հուսով եմ՝ հրազդանցին ինքնուրույն կկայացնի իր որոշումը՝ անկախ նրանից՝ որ թեկածուին է քվեարկելու: Այս պարագայում՝ կարծում եմ քաղաքական հյուրախաղերը տեղին չեն, հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, որտեղ քաղաքացիները շատ լավ իրար գիտեն եւ գիտեն բոլոր թեկնածուներին: Այսինքն՝ լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն մենք ինքներս չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու, եթե դրա կարիքը լինի, իսկ այս պահին դրա կարիքը չկա»:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն որերորդ անգամն է նույն թեկնածուին է առաջադրում ՀՀԿ-ն, ուրիշ թեկնածու չունե՞ն, Աշոտյանը պատասխանեց. «Դուք նայե՞լ եք թեկնածուների ցանկը, Ձեզ միակ անծանոթ անունը ո՞րն է այնտեղ՝ ՕԵԿ թեկնածո՞ւն: Այդ հարցը տվեք խնդրում եմ նաեւ մյուս թեկնածուին, թե ինչու է պարբերաբար այդ մարդը առաջադրվում»:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: Առաջադրվել է 3 թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, Հայաստանի հայկական վերածնունդ կուսակցության անդամ Արթուր Միսակյանը եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ