«Մենք սկսում ենք կուսակցության նոր ծրագրի մշակումը»,- մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբը, որը համակարգելու են ինքը եւ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը: Արմեն Աշոտյանը նկատեց, որ ՀՀԿ ծրագիրը վերջին անգամ վերանայվել եւ հաստատվել է 10 տարի առաջ: Այս ընթացքում քաղաքական եւ քաղաքագիտական մտքի զարգացում է տեղի ունեցել, ստեղծվել են նոր հնարավորություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ. «Բնական է, որ կուսակցության նոր ծրագիրը պետք է համահունչ լինի ոչ միայն ներկային, այլ նաեւ ուրվագծի ապագան: Կարծում եմ՝ աշնանը տեղի ունենալիք համագումարին մենք կներկայացնենք շատ ժամանակակից ծրագրի տեսլական, որով կպահպանենք մեր գաղափարաբանական հիմքը, ազգային պահպանողականությունը, միաժամանակ առավել արդյունավետ եւ ադեկվատ կարձագանքենք ե՛ւ շրջակա աշխարհի նոր մարտահրավերներին, ե՛ւ Հայաստանի զարգացման տեսլականների նոր ուղղություններին»:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ծրագրի նախագիծը մինչեւ համագումար քննարկվելու է կուսակցության մարզային եւ տարածքային կառույցների հետ. «Շատ կարեւոր է գալիք գործունեության մեջ երկու ուղղություններով տարվող աշխատանքները, առաջինը՝ կապ վերահաստատել մեր քաղաքացիների հետ: Ամբողջ եվրոպական քաղաքական միտքն այսօր մտածում է, թե ինչպես անել, որ ավանդական քաղաքական կուսակցությունները վերականգնեն իրենց երբեմնի կապը քաղաքացիների հետ՝ օգտագործելով նաեւ նորագույն տեխնոլոգիաները: Սա շատ կարեւոր մարտահրավեր է բոլոր քաղաքական կուսակցությունների համար: Եվ երկրորդը՝ իհարկե՛, մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր կուսակցական շարքերի պոտենցիալը եւ ներառականությունը կուսակցությունների մարզային եւ տարածքային կառույցների՝ որոշումների կայացման փուլում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ