«Մենք աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում նաեւ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցման նպատակով հետաքննությունների մեխանիզմի կիրառման առաջարկին»,- այսօր հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը`«Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը`երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ:
Քննարկումը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը:
«Հակամարտող կողմերի պատրաստակամությունը շատ կարեւոր է նպատակներին հասնելու համար: Սկզբունքները համաձայնեցված են, դրանք բանակցությունների հիմք են, բայց արդյունքի հասնելու համար քաղաքական կամք է պետք, որը նաեւ հասարակությունների վստահության վրա պիտի հիմնված լինի»,- հայտարարեց դեսպանը`կրկին հավասարության նշան դնելով հակամարտող կողմերի միջեւ. «Երկու կողմերն էլ պիտի հրաժարվեն սադրիչ հայտարարությունների: Ցավոք, սահմանին գործողությունները շարունակվում են եւ լարվածության հիմնական պատճառը դա է»:
Կարդացեք նաև
Դեսպանը վստահ է`ԼՂՀ կարգավորման բանակցությունների միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա կարծում է, որ անմիջական շփումները ժողովուրդների միջեւ կարող են նպաստել անվստահության հաղթահարմանը, որը տարիներ շարունակ եղել է ու ավելացել:
«Քաղաքական լուծումը հնարավոր է, բայց քաղաքական կամք է պետք»,- վստահ է դեսպանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում անդրադարձավ անցած տարիների ընթացքում Ադրբեջանի դրսեւորած ապակառուցողական մոտեցմանը`ԼՂՀ հակամարտության կարգավորման համատեքստում: «Տարիների ընթացքում մենք մեծապես հանդես ենք եկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի կողմից առավել ճկուն քաղաքականության օգտին, ինչը ենթադրում էր հակամարտող կողմերի ներկայացրած անհամադրելի պահանջների ու սկզբունքների համադրման համար ուղիների հայտնաբերում: Սակայն, տարիների ընթացքում արձանագրված իրողությունները, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի ձախողման հաջորդական ու նպատակային փորձերը, շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, դիպուկահարներին հեռացնելուց հրաժարումները թելադրում են մոտեցումների փոփոխություն»,- ասաց պարոն Զաքարյանը` հավելելով, որ իրողությունն այն է, որ շփման գծում, տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և միջադեպերը ոչ միայն չեն նվազել, այլ ակտիվացել են:
«Հարցի հետ կապված օրակարգային է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը, որը ոչ միայն կարևոր միջոց կդառնա անվտանգության ձևավորման համար, այլև առաջնային քայլ՝ վստահության միջոցների ամրապնդման հարցում: Հարցի կապակցությամբ միանշանակ կարող ենք նշել, որ ԵԱՀԿ-ի առավել ներգրավվածությունը խնդրի լուծման հարցում իր նպաստը կունենա իրավիճակի թուլացման և վստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, մենք նաև օրակարգային և իրողություններով պահանջված ենք համարում ԵԱՀԿ-ի առավել կոշտ ու կամային քաղաքականության հետայսու դիրքորոշումը: Ժամանակը ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ հեռու է խաղաղության հասնելու ցանկությունից ու բոլորովին էլ չի փորձում թաքցնել իր ռազմատենչ նկրտումները: Ադրբեջանի կողմից պետական մակարդակով դրսևորած ապակառուցողական մոտեցումներն ու սադրիչ քաղաքականությունները ոչ այլ ինչ են, քան ԵԱՀԿ-ի համար առավել կոշտ քաղաքականության համար հիմք՝ նպատակ ունենալով հակամարտության լուծումը, նոր պատերազմի բռնկումից խուսափելը, կանխարգելիչ գործառույթի իրականացումը ՝ ի կայունություն ու խաղաղություն տարածաշրջանի ապագայի»,- ասաց պարոն Զաքարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ