Ս.թ. մարտի 30-ին տ-ն Լի Քարթերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարեց ԱՄՆ դեսպանության կանանց մենթորական ծրագրի չորրորդ ամենամյա շրջափուլի մեկնարկը: 2016-17թթ. ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ միասին: Ծրագրի մեկնարկը զուգադիպում է և նվիրված է Կանանց պատմության միամսյակին: Մամուլի ասուլիսի հիմնական խոսնակներն էին մենթորներ Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի նախագահ Հասմիկ Սահակյանը և ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Կանանց պատմության միամսյակն ԱՄՆ-ում նշվում է ամեն տարի մարտ ամսին և կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնցով արժանին է մատուցվում հասարակության մեջ կանանց ունեցած ներդրմանը: Վերջերս նախագահ Օբաման նշեց. «Կանանց վերաբերյալ առկա կանխակալ ակնկալիքները գերազանցած բազմաթիվ կանանց քաջության ու խիզախության շնորհիվ ակնհայտ դարձավ, որ կանայք ի զորու են անել այն ամենը, ինչ անում են տղամարդիկ և անգամ ավելին. եղան դրական տեղաշարժեր, գյուտեր, վերացվեցին խոչընդոտները և առաջընթացը հաղթանակեց… Պայքարի ու դժվարությունների բոհով անցնելով՝ կանայք կյանքի բոլոր ասպարեզներում կարողացել են դրական տեղաշարժեր ապահովել աշխարհի տարբեր վայրերում՝ հարկ եղած դեպքում անվարան միավորվելով, որպեսզի հաղթահարեն արգելքները և առաջնորդեն պայքարը հանուն առավել արդարացի, առավել ներառական և առավել առաջադեմ հասարակության»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010թ.-ին: Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը և օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիների համար: 2016-17թթ. շրջափուլում 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի 62 ուսանողուհիների, ինչպես նաև «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի և «Մեր տուն» կազմակերպության սաներին:
ԱՄՆ դեսպանության մամուլի հաղորդագրության