Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող դատապարտյալին երեխային տեսնել չեն թողնում

Մարտ 30,2016 17:00

Ինչո՞ւ է կին դատապարտյալը հացադուլը շարունակում

Սոնա Մալումյանը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Նա արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է 5 տարի 4 ամիս: 8-րդ օրն է, ինչ նա գտնվում է անժամկետ հացադուլի մեջ՝ հացադուլի բոլոր կանոնները խստագույնս պահպանելով: 1 տարի 4 ամիս է, ինչ լրացել է Սոնային բաց ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ժամկետը, սակայն չեն տեղափոխում: Նրան անցյալ շաբաթ այցելել է դիտորդական խումբը եւ պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը: Տեղի վարչակազմից որեւէ մեկը, ըստ դատապարտյալի, նրան չի այցելել: Ս. Մալումյանն անցյալ տարվա մայիսին դիմել էր հանրապետության նախագահին. «Նախ, նամակս չէին ուղարկում, որովհետեւ այնտեղ բաներ կային, որ դուր չէր գալիս տեղի վարչակազմին: Ի զարմանս ինձ, վերջապես մեկ ամիս հետո գտա նամակս. վարչության պետի վերահսկողական բաժնի պետի տեղակալ Ներսես Մինասյանի մոտ էր»,-ասում է Սոնան: Ի դեպ, ըստ նրա, որեւէ մեկը իրեն կարճատեւ մեկնում չի տալիս: Կարճատեւ մեկնումի դիմումն անցյալ շաբաթ մերժել է վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, թե «այդտեղ սոցիալական հարց չի վերականգնվում»: Բանն այն է, որ Սոնայի 7 տարեկան երեխան գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, եւ մայրը նրան տեսել է 2 տարի առաջ: «Երեխան արդեն մեծ է, հասկանում է, ես որտեղ եմ, նա հոգեբանական ճնշվածության մեջ է»,- ասում է Սոնան: Երեխան փաստացի գտնվում է նախկին ամուսնու քրոջ մոտ:

Սոնան տեղեկացրեց, որ երեկ դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում եմ ամբողջությամբ:

Ռ. Մինասյան
Սոնա Մալումյանի նամակը՝ հանրապետության նախագահին

«Մեծարգո պարոն նախագահ: Ես՝ Սոնա Մալումյանս, ծնված 1977 թվականին, Վանաձորում, ՀՀ քաղաքացի, կրթությունս բարձրագույն, խնամքիս մանկահասակ դուստրս, դատապարտվել եմ ութ տարվա ազատազրկման: Գտնվում եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Միշտ խուսափել եմ գրառումներից, կայքերից ու թերթերում երեւալուց, չնայած այն հանգամանքին, որ մասնագիտությամբ լրագրող էի: Բայց, այդուհանդերձ, այլեւս հնարավոր չէ դիմակայելու այն բոլոր բացատրություն չունեցող կամայականություններին, որոնց մասնակիցն ենք դառնում մեր առօրյայում: Խոսելով դատապարտյալներից՝ ցանկանում եմ շեշտել, որ վերջիններս առաջնորդվում են քննչական մարմինների եզրակացություններով, կամ ավելի վատ, կիրառում են ՀՀ քրեական օրենսգրքի ամենաանհեթեթ 25 հոդվածը՝ «Ներքին համոզումը», որի կիրառմամբ քրեակատարողական հիմնարկում է գտնվում մոտ 80 տոկոս դատապարտյալ:

Համաձայնվենք, որ թիվն ահռելի է: Եվ այս պարագայում ոչ մի կերպ չես կարող չծիծաղել հայտնի՝ «Դուրս կգաս՝ անմեղությունդ կապացուցես» անեկդոտի տողերով: Հանդգնում եմ Ձեզ խորհուրդ տալ, որպեսզի ավելի խիստ վերաբերվեք, չնայած, ցավոք, անկախ են: Դատական կրպակին, որոնց տրամադրվող մեկ աշխատավարձը կարելի է օգտագործել երեխաներին բարեկեցիկ ապագա ապահովելու համար, ինչի համար բազմաթիվ մայրեր ստիպված չեն լինի բռնել հանցագործության ուղին, հայտնվելով այս անիծված շրջանում: Ինչեւէ: Խոսելով պաշտպանների տեսանկյունից, որքան էլ նրանք ըմբոստանան, շեշտում եմ, որ Հայաստանում ավելի քան զարգացած է պաշտպանների ինստիտուտը, որը միայն զիջում է դատավարականին, որոնք արհամարհում են ցանկացած ապացույցներն ու փաստարկները, որոնք այս պարագայում կարող են կպնել ավելի շուտ խոստացածի շահերին: Այսինքն, այսօր լավ պաշտպան համարվում է այն մասնագետը, ով կարողանում է գումար առաջարկել թե քննչական մարմիններին, որոնք գործը կարող են փակել՝ գործը դատարան չհասցնելով, թե դատավորներին, որոնք կայացնում են մեղմ դատավճիռներ: Ավելի քան համոզված եմ, որ ասածս դուր չի գա արդարադատության ջատագովներին, որոնք կբարկանան եւ կփորձեն հակառակն ապացուցել: Ինչի համար միանշանակ հաստատում եմ. ես չեմ կարողանա ապացուցել, որ կաշառքով չեք դատել, իսկ դուք էլ չեք կարող հաստատել, որ այդ կաշառքը չեք վերցրել…

Հուրախություն Ձեզ՝ ասեմ, որ Հայաստանը համալրված է պրոֆեսիոնալ հոգեբանների բանակով, որոնք վաղակետ ազատման ժամանակ կարողանում են հինգ րոպեում ճանաչել մեր ով լինելը եւ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանից անիմաստ ընծայված անկախ հանձնաժողովին, որի որոշումները, ըստ քրեակատարողական հիմնարկի պրոֆեսիոնալ վարչակազմի, հնարավոր չէ վիճարկել դատարաններում: Այնինչ, Հայաստանի արդարադատության նախարարությանը կից դիտորդական հանձնախմբի իրավաբանների կարծիքով՝ ոչ միայն հնարավոր է, այլեւ վիճարկվում է: Ավելորդ է շեշտել, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկից վաղակետ ազատվում են լավագույն դեպքում տարեկան 3 դատապարտյալ, որոնց պատժի ավարտին է մնում 3-6 ամիս: Հարց է ծագում. մի՞թե 10 տարի կալանք կրողին պետք են այդ ամիսները, երբ նրա վաղակետ ազատման ժամկետը լրացել էր: Այսինքն՝ 3 տարի առաջ: Անկախ հանձնաժողովը եզրակացություն է կայացնում մեզ տրված բնութագրերին, որոնք կազմում է տեղի սոցիալ-հոգեբանական բաժինը: Որը ոչ միայն պատկերացում չունի մեր հուզականությունից, այլեւ եթե զրուցում էլ է, չի բացառվում, որ վերջում զեկուցագիր կնվիրի, քանի որ փորձել ես առաջ քաշել քո եւ քո ընկերների ոտնահարված իրավունքները: Չեմ բացառում, որ մեր սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցներն ունեն համապատասխան կրթություն, բայց իսպառ բացակայում են նրանց հմտությունները, որոնց բացակայությունը որոշում է մեր հետագա ճակատագիրը, այսինքն՝ պատժից վաղաժամ ազատման, բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու, այլ կարեւոր հարցեր:

Տպավորությունս այն է, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական բաժինը պատկանում է մշակույթի նախարարությանը: Քանզի ակտիվ գործունեություն է ծավալում միջոցառումներ կազմակերպելու, եւ դատապարտյալ մասնակիցներին սուտ խրախուսանք տալու խոստումներով: Ինչ վերաբերում է պետին՝ պարոն Միքայելյանին, որին հետագայում կանդրադառնամ, նա էլ մշակույթի նախարարն է, որը փորձում է ծափիկ-ծիծաղիկներով քրեակատարողական վարչությանը համոզել, թե ինչ արտակարգ փոխըմբռնման պայմաններում ենք ապրում:

2010, 2012, 2014 թ. լրացել է իմ կիսափակից կիսաբաց, կիսաբացից բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու ժամանակահատվածը: Դիմելով նախկին պետ պարոն Սարգսյանին, ստանում էինք նույն պատասխանը, որ ունեն ընդամենը 14 տեղ, որոնք համալրված են, եւ ազատվելու դեպքում կքննարկվի մեր հարցը: Այնինչ «Սուր անկյուն» հաղորդաշարում, մեզ վերաբերող ռեպորտաժից հետո, նույն Սարգսյանից տեղեկացանք, որ ոչ թե գործում է 14 տեղ, այլեւ 21 տեղ: Ինչ է Ձեզ թվում: Պետը ոչ միայն վատ չզգաց իր ստի համար, այլ բաց ուղղիչ հիմնարկի շարքերը անտեսանելի տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ համալրեց «Հայինկասացիայի» աշխատակիցների հոծ բազմությամբ, համոզելով մեզ՝ խարդախներիս, որ պետությանը գցելն այդքան էլ վատ բան չի, համ էլ միլիարդից ավելի գումար ես ունենում, համ էլ շատ արագ հասնում ես բաղձալի, բայց որոշակի ազատությանը:

Անդրադառնալով կոնկրետ իմ օրինակներին, ինչին ավելի լավ եմ տիրապետում, նշեմ, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու դիմումներ եմ ներկայացրել սկսած 2015 թվականի հունվարից, ինչին քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը տալիս է տարաբնույթ պատասխաններ. նախանձելի հաճախականությամբ, սկզբից՝ տեղ չկար, երբ հարցս կքննարկվեր տեղ բացվելուց հետո, հետո տեղ կար, բայց ես դատապարտվել եմ դիտավորյալ հանցագործության համար, եւ ինձ վերահսկելը գիշերային ժամերին անհնարին էր: Տեղաբաշխման հանձնաժողովը երեւի չէր նկատել, որ ես չեմ դատապարտվել մարմնավաճառության համար, եւ ինձ վերահսկել գիշերները պետք չէ, եւ իրենց սիրելի բոլոր մարմնավաճառներին, Ա. Սարգսյանի միջնորդությամբ, արդեն տեղափոխել են բաց ուղղիչ հիմնարկ: Քանզի չէին ցանկանում, որ հասարակության դատին վերջինները ներկայացնեին շատուշատ պաշտոնյաների սեռական նախասիրությունները, որոնք անզգուշություն էին ունեցել կիսել գիշերային ուրախությունները: Ի դեպ, նշեմ, որ հանձնաժողովի պատասխանի երկրորդ տարբերակից ոչ մեկը չկարողացավ գլուխ հանել: Փոխարենը՝ գլխի գցելով վերադասներին, որ խելքը գլխին պատասխաններ տվեք, քանզի պարզվում է, որ էս դատապարտյալները ոչ միայն գրելու, այլեւ՝ տրամաբանելու ունակություն ունեն:

Բնականաբար, դիմեցի դատարան: Պարզվեց, որ ես բացասական բնութագիր ունեմ: Ոչ միայն ինձ, այլ վերոնշյալ հարցով դատարան դիմած բազում դատապարտյալների սոցիալ-հոգեբանական բաժինը համոզում է, որ դրական բնութագիր ունենք: Երբ որ դատարան ենք դիմում, պարզվում է հակառակը:

Վարչությունից ստանում եմ անբացատրելի ռեպլիկներ, արդեն ինձ են ուղղվում մերժման այլ պատասխաններ: Նմանատիպ պատասխաններ ստանում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների 90 տոկոսը: Այսինքն, լինելով տարբեր մարդ, լինելով տարբեր ընտանիքներից, դատապարտված լինելով տարբեր հոդվածներով՝ մենք գնահատվում ենք որպես մեկ մարդ, որի բացատրությունը չենք կարողանում ստանալ, քանզի այս եւ նմանատիպ հարցերով, արդարադատության նախարարին, իրարամերժ պատասխաններ էի ստանում ՀՀ ՔԿՀ վարչության պետի տեղակալ Հովհաննիսյանից: Նույնիսկ ակնարկեցի նախարար Հովհաննիսյանին, որ չնայած այն փաստին, որ պետի տեղակալն էլ է Հովհաննիսյան, այդուհանդերձ, դիմումներիս պատասխան եմ ակնկալում հենց իրենից, այլ ոչ թե նյութին չտիրապետող մեկից, որի պատասխանների անիմաստ տրցակը ողողել է ամբողջ պահարանս:
Այսօր «Աբովյանի» բաց ուղղիչ հիմնարկում առկա է մոտ 16 ազատ տեղ, որն անբացատրելի պատճառներով չի համալրվում: Վարչակազմը՝ պետ Միքայելյանը պատճառաբանում է, որ իրենից ոչինչ կախված չէ, որոշումը ընդունում է ՔԿ վարչության տեղաբաշխման հանձնաժողովը, որի կազմից ոչ մի գաղափար չունեմ, եւ չգիտեմ էլ, թե ինչ օրինաչափությամբ է աշխատում: Ի դեպ, հուրախություն ինձ՝ վերջինս պարզեց ՔԿ վարչության պետի ինքնությունը: Եվ հավատացեք, այնքան ուրախացա. 2 տարի առաջ մեզ այցելած, այստեղ ծնված երկու փոքրիկների հետ Ա. Օսիկյանի վերաբերյալ, որ խոստումներ տալով, հորդորելով աշխատակիցներին՝ երեխաներին լավ նայեք, միամտաբար հավատացի, որ ոչ միայն մեզ չեն լավ նայի, այլեւ քրեակատարողական հիմնարկում մնացած միակ փոքրիկին, որը վերջերս ենթարկվեց վիրահատման: Եվ եւս երկու անգամ պետք է վիրահատվի:

Նրան վերոնշյալ անձինք չեն ապահովում ոչ միայն անհրաժեշտ իրերով, այլեւ անհրաժեշտ սննդով, ինչի մասին խոսվում է զանգվածային լրատվամիջոցներով:
Քանի որ ես գտնում եմ, որ օրենքով ինձ պարտավոր են տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, եւ նույն հոդվածներով ավելի բարձր պատժաչափ ունեցող դատապարտյալներ կան այնտեղ, որոնց առկայությունը ոչ մի կերպ չի ցանկանում տեսնել հիմնարկի պետ Միքայելյանը, տեսնելով, որ իր կարծիքով վեց ամիսն էլ է բավական ազատությանն ադապտացվելու համար, դիմել եմ հացադուլի:

Կյանքում առաջին անգամ փոշմանել եմ, որ չեմ զբաղվել աշխարհում ամենահնագույն մասնագիտությամբ: Քանզի համոզվեցի, որ վերոնշյալների ոչ մի տիպը պատնեշ չուներ, եւ կարող են ի շահ իրենց օգտագործել վերոհիշատակված տղամարդկանց թուլությունները: Խնդրում եմ, հետեւություն անել նամակիցս, վերջապես հասկացնել տալ, որ այստեղ էլ են ապրում իրական հայուհի մայրեր, որոնք րոպե առաջ ցանկանում են լինել տանը, իրենց երեխաների կողքին, այլեւս ոչ թե զարդարել մայրուղիները, որոնք կարողանում են խաչփակել թուլամորթ պաշտոնյաների այն բազմությունը, որոնք ի պաշտոնե մոռացել են իրենց առաքելությունը»:

 

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031