Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, որ միջազգային հանրության կողմից լուրջ ճնշումներ կան իշխանության վրա, եւ այն, ինչ մենք տեսնում ենք, դա միայն «այսբերգի գագաթն» է:
2011-ին իշխանությունների հետ բանակցությունների հետ կապված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ իրենք «գյալաջի» անելու ժամանակ չունեն:
«Առավոտի» հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումն էլ «գյալաջի» կլինի՝ հաշվի առնելով, որ հստակ հայտարարվել է վերաբերմունքը 2 կարեւորագույն պահանջների հետ կապված, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բայց ի՞նչն է պրոբլեմը, ի՞նչ ենք կորցնում, մի հատ ինձ բացատրեք: Ասենք, 2 շաբաթ բանակցեցինք, արդյունքի չեկանք, ինչ-որ բան կորցրեցի՞նք»:
Մեր հարցին՝ այդ դեպքում իմաստը ո՞րն է բանակցելու, նա պատասխանեց. «Բայց կարող է ստացվի»: Մեր հարցին՝ կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, որ իշխանությունը բանակցել է ընդդիմության հետ եւ զիջումների է գնացել, պահանջները կատարել է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այո, քաղբանտարկյալների ազատում, Ազատության հրապարակի բացում, Մարտի 1-ի հետաքննության վերսկսում: 3 պահանջներ, որ մենք դրեցինք հանրահավաքին, ու դրանք բոլորը կատարվեցին: Ձեր կարծիքով՝ իրենք դա բարյացակամ կատարել են, հա՞»: Մեր դիտարկմանը, որ դա նաեւ միջազգային հանրության ճնշումն է եղել, Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ հիմա էլ միջազգային հանրության կողմից լուրջ ճնշումներ կան, եւ այն, ինչ մենք տեսնում ենք, դա միայն «այսբերգի գագաթն» է:
Երբ հիշեցրինք, որ Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընտրացուցակները չեն հրապարակվելու, դա մարդու իրավունքների խախտում է, կա ՍԴ որոշում, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Մենք էլ վախեցանք ու հրաժարվեցինք այդ պահանջից, հա՞»:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ մենք մտահոգություն ունենք, որ մեր պահանջները չեն ընդունվի, բայց որ կօգտագործվի դա ի չարս՝ ոչ: Դիտարկմանը՝ այդ քննարկումների արդյունքում իմիտացիա կստեղծվի, թե լսում են ընդդիմությանը, ժողովրդին, հանրության ձայնը բարձրացավ եւ այլն, բայց արդյունքն ըստ էության 0-ական է լինելու, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կներեք, հո հիմար չե՞ն միջազգային հանրության ներկայացուցիչները: Իրենք նայելու են, եւ իրենց համար արդյունք կլինի, երբ բանակցությունները բերեն կոնսենսուսի: Բանակցությունների հաջողությունը չափվում է արդյունքով, համաձայնությամբ, եւ իմաստը այդ ձեւաչափի դա էր: Բանակցություններից հետո մենք հայտարարություններ ենք անելու, եթե իշխանությունը ոչ մի կամք ցույց չտա, դուրս ենք գալու ու ասենք՝ կամք չստեղծեցին, սա իմիտացիա էր»:
Հնարավոր է, որ իշխանությունները 1-2 կետերի շուրջ համաձայնության գան, բայց ցուցակները չհրապարակեն, մատների թանաքոտումը չթույլատրեն, այսինքն՝ կարեւորագույն պահանջները չանեն, դա էլ է կոմպրոմիս: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Եթե մենք չբանակցենք, շանս կա՞, որ այդ պահանջները կիրագործվեն՝ ոչ, հետեւաբար ի՞նչ կկորցնենք մենք»:
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2016