Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխվող տեսակետներ

Մարտ 30,2016 10:00

Մոտ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 19-ին, գերմանական Frankfurter Allgemaine Zeitung պարբերականում հրապարակվել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում վերջինս նշել էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն է», և «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»: Այդ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որը հեռուստատեսությամբ ասել էր, թե Բաղդասարյանի այդ հայտարարությունը չի արտացոլում Հայաստանի պաշտոնական տեսակետը ու թերեւս արտահայտում է Ազգային ժողովի նախագայի փոփոխված կարծիքը: Երկու պաշտոնյաների մեջ առկա էր ակնառու հակասություն Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցում, եւ դա շատ արագ պետք է բերեր Ազգային ժողովի նախագահի հրաժարականի, որը եւ տեղի ունեցավ նույն թվականի մայիսի 29-ին:

Այսօր Արթուր Բաղդասարյանը դժվար թե կարծիք հայտնի, որ Հայաստանի ապագան տեսնում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում: Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում աշխատելը (ի դեպ, երկու տարի է՝ ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցնում, ինչի հետեւանքով որեւէ աղետ, կարծես թե, տեղի չի ունենում, կարելի է, հետեւաբար, ենթադրել, որ դա այնքան էլ կարեւոր պաշտոն չէ), շփումները Բորդյուժայի եւ Պատրուշեւի հետ, հավանաբար, համոզեցին ՕԵԿ նախագահին, որ Հայաստանի գործառույթը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է: Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդը» հասարակական մասնաճյուղ է բացում Մոսկվայում, Կոբզոնն այն ողջունում է, ՕԵԿ-ականները քննադատում են ներկայիս իշխանություններին բավականաչափ ռուսամետ չլինելու համար: ՕԵԿ առաջնորդը ծավալուն հարցազրույցներ է տալիս ոչ թե Frankfurter Allgemaine Zeitung-ին, այլ ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների: Չի բացառվում, որ այստեղ իր դերն է խաղում ռուսահայ գործարար Արա Աբրահամյանի հետ շփումը:

Այս փոքր օրինակը բերում եմ ոչ թե հատուկ Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի մասին որեւէ բացասական բան ասելու նպատակով: Ամբողջ խնդիրն այն է, որ նման վարք են դրսեւորում մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողները: Իհարկե, նրանք բոլորն ասում են, որ իրենք ոչ մի «ուժային կենտրոնի» էլ չեն ձգտում, կուրծք են ծեծում, թե իրենց միակ ուշքն ու միտքը բացառապես Հայաստանի շահերն են: Բայց իրականում նրանք շատ ավելի «պրագմատիկ» են եւ ղեկավարվում են բացարձակապես սեփական քաղաքական շահերով: Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, միայն թե պետք չէ ձեւեր թափել:
Այստեղ կա եւս մի շատ կարեւոր նրբություն: 2006 թվականին Պուտինն այդքան «ջղայն» չէր, մեզ չէր ստիպել մտնել Մաքսային միություն, Ուկրաինայից Ղրիմը չէր խլել, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի վրա չէր հարձակվել: Հետեւաբար, կարծում եմ, որ այսօր Հայաստանում գրեթե չկան քաղաքական գործիչներ, որոնք կհայտարարեն, որ մեր երկրի ապագան ԵՄ-ն է եւ ՆԱՏՕ-ն: Դա այսօր պարզապես վտանգավոր է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Արամ,

    Հայաստանի Եմ կամ ՆԱՏՕ միանալու միտքը անգամ ցնորված ին կամ փաստերի զուրկ անձի նշան է, կամ էլ մեկի, ով պղտոր ջրում փորձում է ձուկ որսալ. Ոչ ԵՄ և ոչ էլ ՆԱՏՕ ին Հայաստանը պետք է, երբ ԵՄ չի կարողանում իր անդամների օրինակ Հունաստանի պրոբլեմները լուծել կամ ՆԱՏՕ ին ինչին է պետք մի պետություն, որի բնակչության 90%ռուսական կողմնորոշում ունի.

  2. Յուրի Դավթյան says:

    Մեծարգո պարոն Աբրահամյան, Ձեր թույտվությամբ կհայտնեմ իմ դիտարկումները այս հոդվածի կապակցությամբ.
    1. Ոչ թե ջղայն, այլ ջղային:
    2. Ես, իհարկե, հասկանում եմ, որ կալիբրով Դուք հավանաբար ավելին եք, և դա Ձեզ իրավունք է տալիս, որ ռազմավարական դաշնակից հզոր Ռուսաստանի նախագահին որակեք. հույս ունենանք, որ Պուտինը դրանից հետո վերջապես խելքի կգա:
    3. Կեղծ մտայնություն է կարծել, թե Հայաստանին Պուտինը ստիպել է Հայաստանին մտնել Մաքսային միության մեջ: Հայաստանի իշխանություններն իրենք են խնդրել, որ մտնեն՝ երկրի անվտանգությունից ելնելով:
    4. Մինչև Խրուշչևի կամայական որոշմամբ Ուկրաինային նվիրելը Ղրիմը երբեք չի եղել Ուկրաինայի կազմում /ինչպես Ղարաբաղը՝ Ադրբեջանի/. Ռուսաստանի կազմում լինելը Ղրիմի ողջ բնակչության կամաարտահայտությունն է եղել:
    5. Դոնեցկը և Լուգանսկը գնդակոծողները ուկրաինական զորքերն են, ոչ ռուսականը:
    Հարգելի պարոն Աբրահամյան, անկեղծ ասած, ինձ համար անբացատրելի է այն, որ այսօր հակառուսական տրամադրություններով են համակված հատկապես նրանք, ովքեր խորհրդային տարիներին, տուրք տալով քաղքենիությանը, ռուսական կրթություն են ստացել և այսօր էլ ռուսական լեզվամտածողություն ունեն:
    Հայցում եմ Ձեր ներողամտությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031