Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի` Թուրքիան մեծապես նպաստեց միգրացիոն ճգնաժամին` եվրոպացի պաշտոնյաների հանդուրժողականությունը չարաշահելով:
-Պարոն Գրիգորյան, Փարիզում 2015-ի նոյեմբերին եւ անցյալ շաբաթ Բրյուսելում իրականացված ահաբեկչությունները փաստում են այն մարտահրավերների մասին, որոնց առջեւ այսօր կանգնած է Եվրոպան: Նախ` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում:
– Տարբեր բացատրություններ կան, կարելի է, մասնավորապես, ընթացող գործընթացները դիտարկել traditio versus ratio` ավանդույթն ընդդեմ բանականության, հինը նորի դեմ պայքարի կոնտեքստում: Ավանդական, սահմանափակ աշխարհայացքի վրա հիմնված մտածելակերպը, բախվելով արեւմտյան ժողովրդավարության, աշխարհիկության, գիտության առաջընթացի, խոսքի ազատության, մարդկանց իրավահավասարության ու մոդեռնիզացիայի այլ արտահայտությունների հետ եւ անմրցունակ գտնվելով, փորձում է իր գոյությունը պահպանել` դիմելով ցանկացած միջոցների: Նման աշխարհայացքի կրող մարդկանց ուղղորդելն ու շահագործելը բավական հեշտ է:
– Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ ընդունում են ահաբեկիչների նետած ձեռնոցը, բայց առայժմ` միահամուռ պայքարելու ձգտումն արդյունք չի տալիս: Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում ճգնաժամից դուրս գալու եւ Եվրոպան կրկին ապահով դարձնելու հարցում:
Կարդացեք նաև
– Նախկինում «Կարմիր բրիգադների» եւ այլ ահաբեկչական խմբավորումների խնդիրը լուծած Եվրոպան այժմ էլ կարող է առկա խնդիրը լուծել: Այն ժամանակ էլ կային ահաբեկիչների ու դրանց սատարող օտարերկրյա ուժերի նկատմամբ դրականորեն տրամադրվածներ` գաղափարական պատճառներով: Ներկայիս ահաբեկչական խմբավորումների կրոնական քողի տակ հանդես գալը որոշակիորեն բարդացնում է խնդիրը, բայց դրանց դեմ պայքարի ռազմավարության եւ մարտավարության կատարելագործումն աստիճանաբար տեղի է ունենում:
– Եվրոպայում ահաբեկչությունների փաստը հանգեցնում է փախստականների դեմ դժգոհության ալիքի, որքանո՞վ են սրանք միմյանց կապված խնդիրներ, եւ, առհասարակ, ինչպե՞ս եք պատկերացնում փախստականների խնդրի լուծումը:
– Ահաբեկչությունը վերջերս ժամանած, ռազմական գործողությունների պատճառով իրենց երկրները լքած փախստականների մասնակցությամբ չի իրականացվում, ահաբեկիչները հենց արեւմտաեվրոպական երկրներում են ծնվել կամ առնվազն տարիներ առաջ քաղաքացիություն ստացել: Փախստականների դեմ դժգոհությունն ուղղակի պարարտ հող է ստեղծում ամբոխավարների համար:
Իհարկե, ընթացող զանգվածային ներգաղթն առաջացնում է որոշակի լրացուցիչ ռիսկ` պոտենցիալ հանցավոր տարրերի ներթափանցման առումով, առավել եւս հաշվի առնելով, որ միգրանտների մեծամասնությունն ապաստան ստանալու հիմքեր չունի: Սակայն միգրացիոն հոսքերի կառավարմանը, ապաստան հայցողների գրանցմանը եւ իրականում պաշտպանության կարիք ունեցողներին կեղծ պատրվակներով դիմողներից տարբերակելու մեխանիզմները նաեւ այդ խնդրի լուծմանն են ուղղված:
Այլ խնդիր է, որ թե այդ մեխանիզմները, թե սոցիալական ապահովության համակարգերը կատարյալ չեն. արեւմտաեվրոպական երկրներում ծայրահեղական իսլամիստ քարոզիչներից շատերն արդեն տարիներ շարունակ օգտվում են փախստականի կարգավիճակից եւ շռայլ նյութական օգնությունից` Եգիպտոսում, Ալժիրում եւ այլ երկրներում հետապնդման ենթարկվելու պատրվակով:
– ԵՄ-ն մինչեւ 2018թ. ավարտը փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար Թուրքիային կտրամադրի 6 միլիարդ եվրո: Թուրքիան ԵՄ-ի հետ իր փոխհարաբերություններում ավելի ու ավելի պահանջկոտ է դառնում, սակայն շատերի մոտ համոզմունք կա, որ փախստականները, միեւնույն է, կտեղափոխվեն Եվրոպա: Ի՞նչ խնդիր են լուծում ԵՄ-ն ու Թուրքիան այս փուլում փախստականների խնդրում:
– ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է, որ Թուրքիայից ժամանած եւ ապաստան ստանալու հիմքեր չունեցողները կարտաքսվեն Թուրքիա, իսկ նույն քանակությամբ սիրիացի փախստականներ Թուրքիայից կտեղափոխվեն ԵՄ: Անհնար է չնշել, սակայն, որ Թուրքիան մեծապես նպաստել է միգրացիոն ճգնաժամին` եվրոպացի պաշտոնյաների հանդուրժողականությունը չարաշահելով: Դեռեւս 2014թ. հոկտեմբերից գործող ռեադմիսիայի պայմանագիրը Թուրքիային պարտավորեցրել է ոչ միայն հետ ընդունել ԵՄ-ի տարածք ապօրինաբար անցած երրորդ երկրների քաղաքացիներին, այլեւ պարտավորեցրել է իրականացնել սահմանի արդյունավետ հսկողություն եւ վարել միգրացիայի ու վիզաներ տրամադրելու պատասխանատու քաղաքականություն: Սակայն գաղտնիք չէ, որ Թուրքիայի վիզային քաղաքականությունն ուղղակի նպաստել է ապօրինի միգրացիային: Թուրքիայից ԵՄ անցածների մոտ 40%-ն էր ժամանել սահմանամերձ Սիրիայից կամ Իրաքից. մյուսներն օգտվել են թուրքական էլեկտրոնային վիզա ստանալու հնարավորությունից, ինչի համար անգամ լուսանկար չի պահանջվում՝ ժամանելով Մարոկկոյից, Աֆղանստանից, Բանգլադեշից ու տասնյակ այլ երկրներից: Այսինքն՝ պարզապես օնլայն վիզաների տրամադրումից հրաժարվելով՝ Թուրքիան կարող էր կիսով չափ կրճատել դեպի ԵՄ միգրացիոն հոսքը:
Էրդողանն առայժմ որոշակի հաջողությամբ լուծում է արհեստածին ճգնաժամի միջոցով ԵՄ-ից զիջումներ կորզելու խնդիրը` միգրացիայի խնդրի կարգավորման անհրաժեշտության պատճառով խուսափելով Թուրքիայում խորացող ավտորիտարիզմի քննադատությունից ու առհասարակ` անհրաժեշտ ավելի կոշտ դիրքորոշումից, անգամ այն դեպքում, երբ Թուրքիայի տնտեսական կախվածությունը ԵՄ-ից զգալիորեն աճել է: Այս իրավիճակը քննադատության է ենթարկվում նաեւ շատ եվրոպացի փորձագետների կողմից:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական զորքերի մասնակի դուրսբերումը Սիրիայից, ի՞նչ նպատակ էր դրել իր առջեւ Ռուսաստանի նախագահն ու ի՞նչ արդյունքների հասավ: Ի՞նչ ուղիներ եք տեսնում ապագայում հակամարտության կարգավորման գործընթացում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման ուղղությամբ:
– Հաշվի առնելով ռուսական օդուժի կողմից շարունակվող ռմբակոծությունները՝ կարելի է հիշատակել Պ. Ֆելգենգաուերի կարծիքն այն մասին, որ դուրսբերումը զուտ ձեւական էր: Կարգավորման առումով կարճաժամկետ որեւէ բավարար լուծում, հավանաբար, գոյություն չունի, Սիրիայում պատերազմող խմբավորումների հաշտեցումը եւ միասնական պետության պահպանումը չափազանց բարդ խնդիր է: Մյուս կողմից էլ՝ որոշ արտաքին ուժերի միջամտությունը նպաստում է ներկայիս իրավիճակի պահպանմանը` անգամ հեռանկարային առումով նույն արտաքին խաղացողների համար ավելի վտանգավոր լինելով. դրա օրինակներից է Թուրքիայի` ցանկացած գնով քրդական պետության ստեղծմանը հակազդելու քաղաքականությունը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2016