Լրահոս
Օրվա լրահոսը

Հարմարվողների եւ կեղծիքների խորհրդարան՝ ըստ Իշխանյանի

Մարտ 30,2016 14:30

Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, համամիտ չէ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի՝ օրերս Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ արտահայտած այն մտքի հետ, թե ՀՀՇ-ի իշխանության տարիների խորհրդարանում անվանի գիտնականներ են եղել: Պարոն Իշխանյանը 90թ. ձեւավորված խորհրդարանը ՀՀՇ-ական չի համարում. «Այդ ժամանակ Հայոց համազգային շարժումը դեռեւս կուռ կուսակցական համակարգ չուներ, եւ ի վերջո ինչ-որ իմաստով համազգային շարժում էր:

Իսկ եթե ՀՀՇ-ական խորհրդարան ասելով Արամ Մանուկյանն ու Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նկատի ունեն 1995 թ.-ից հետո ձեւավորված խորհրդարանը, այնտեղ ես էլ չեմ հիշում, որ լուրջ գիտնականներ, գրողներ եւ արվեստագետներ եղած լինեն: Դա կեղծիքներով ձեւավորված, հարմարվողականների եւ ֆունկցիոներների խորհրդարան էր: Մի խոսքով՝ եթե Արամ Մանուկյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀՇ-ական խորհրդարան ասելով նկատի ունեն 90թ. ձեւավորվածը, ապա երկուսն էլ սխալ են, քանի որ այդ խորհրդարանում կային լուրջ գիտնականներ, բայց դա ՀՀՇ-ական խորհրդարան չէր, իսկ եթե նկատի ունեն 95թ. խորհրդարանը, ապա այս պարագայում Ռադիկ Մարտիրոսյանն է ճիշտ, իսկ Արամ Մանուկյանը՝ սխալ, որովհետեւ 95թ. խորհրդարանում նման տրամաչափի գիտնականներ իսկապես չկային»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն Արամ Մանուկյանին արձագանքելով՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել էր, թե չի հիշում որեւէ ականավոր գիտնականի ՀՀՇ-ական խորհրդարանում:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031