Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կասկածելի բաղադրությամբ ջուր, քարուքանդ ճանապարհներ՝ Արթիկի գյուղերում

Մարտ 30,2016 14:00

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երկու փոխմարզպետների՝ Սեյրան Պետրոսյանի, Հարություն Արշակյանի ու մարզպետարանի վարչության պետերի մասնակցությամբ օրերս աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի երկրորդ քաղաք Արթիկում՝ հատ-հատ լսելով 26 գյուղերի խնդիրները: Խնդիրները չափից ավելի շատ են, բազմաբնույթ. գյուղապետերը մեծ մասամբ դժգոհում էին քարուքանդ ճանապարհներից, դպրոցների կամ գյուղապետարանի շենքերի ոչ նորմալ պայմաններից ու նաեւ ոռոգման ու խմելու ջրից, որոշ գյուղեր էլ՝ Նահապետավանն ու Սարալանջը, զուրկ են գազիֆիկացումից:

Պարզվեց, որ մի քանի գյուղերում՝ Մեծ Մանթաշում, Փոքր Մանթաշում, Արեւշատում, Գեղանիստում, 100 տարուց ավելի օգտագործում են ինքնահոս եկող, ստորգետնյա ջուր, որը գյուղապետերի բնութագրմամբ՝ առավել վտանգավոր է ամռանը: «Ամեն ամիս Սանէպիդից նամակ է գալիս, թե ձեր ջուրը շեղված է, քլորացված չէ, վարակազերծ չէ, անցած տարի անգամ տուգանքի ենթարկեցին, վերջը ի՞նչ պիտի լինի, քլորացման խնդիրը պետք է լուծվի ջրի: Ես հասկանում եմ, որ սա համայնքի լուծելու խնդիրը չէ, սա շատ լուրջ խնդիր է, մեր բնակչության անվտանգությանն է առնչվում»,- նեղվեց Գեղանիստի գյուղապետ Աղասի Ղազարյանը: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն էլ հակադարձեց, թե «դուք դիմում գրեցիք ու հրաժարվեցիք պետական սպասարկումից, ընդհանուր մատակարարումից՝ խզելով պայմանագիրը Պատրիկ Լորենի հետ, պատճառաբանեցիք, որ վճարման խնդիր կա»: Փոխմարզպետը հաստատեց, որ ջրի սպասարկումը իրոք բարդ վիճակում է գտնվում. որակը վտանգավոր է, անասունները գարնանը օգտվում են նույն ջրից, անկառավարելի է դառնում իրավիճակը, ուստի եւ հարկավոր է վերադառնալ «Ջրմուղկոյուղու» ծառայությանը: Գյուղապետն էլ ասաց, որ Պատրիկ Լորենին իրենք ցույց են տվել ջուրը, վերջինս հրաժարվել է քլորացումից: Պարզվում է, որ մեկ այլ գյուղում էլ՝ Սարալանջում, որի խմելու ջրի ցանցը հանձնված է Ջրային տնտեսության պետական կոմիտեին, խայտառակ որակի ջուր են խմում, գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը դիմել է Պատրիկ Լորենին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց անընդհատ նույն պատասխանն է ստացել՝ մյուս ամիս կփոխենք: Գյուղապետը նշում է, թե բոլորը զարմանում են՝ ո՞նց կարելի է նման վտանգավոր որակի ջուր խմել:

Ջրի հետ կապված մեկ այլ աբսուրդ խնդիր էլ կա Արթիկի տարածաշրջանում. Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին զարմացնում է այն, որ իր կողքի գյուղը մեծածախով է ջուր վերցնում, այնտեղ Ջրային տնտեսությունը անելիք չունի, եւ մարդիկ այդ ջրով թե՛ բանջարանոցներն են ջրում, թե՛ անասուններն են այդ ջրից խմում, իսկ իրենց սպասարկում է «Հայջրմուղկոյուղի»-ն, գյուղապետի բնութագրմամբ, ամեն օր «պլոմբներ», տուգանքներ՝ 100-150 հազար դրամի չափով:

Գյուղապետը շեշտեց, որ ինքը ոչինչ չունի Ջրմուղի աշխատակիցների դեմ, նորմալ աշխատում են, սակայն գյուղերը չունեն ընդհանուր կարգավիճակ, կարծես տարբեր պետության մեջ ապրեն:

Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանն էլ դժգոհեց, որ գյուղի դպրոցը ինչքան տաքացնեն, հնար չկա, չի տաքանում, պատուհանները հյուսիսային մասում են, բացի դրանից՝ իրենց ճանապարհը սկսեցին անցած տարի կառուցել ու կիսատ թողեցին: Ճանապարհների խնդիր ունի նաեւ Հայկասար գյուղը: Գյուղապետ Հրաչ Բարսեղյանի բնութագրմամբ՝ իբր թե Հայրենյաց-Տուֆաշեն ճանապարհը կառուցվեց, իրենցը դուրս մնաց, ու ամենավատն այն է, որ ավտոբուսները չեն մտնում Հայկասար: Մարզպետը խոստացավ աջակցել. եթե 6 կիլոմետրն անպայման կառուցելու են, թող մեկ կիլոմետրն էլ մարզպետարանի աջակցությամբ կառուցվի, որ գոնե բնակիչները չկտրվեն աշխարհից: Տուֆաշենում եւս ջրի հետ կապված խնդիր կա. գյուղապետի ասելով՝ խմելու ջրագծի ներքին ցանցն ահավոր վիճակում է, չեն կարողանում ջուր կուտակել, ուզում են դուրս գալ «Հայջրմուղկոյուղուց». հունվար-փետրվար, մարտ ամիսներին միշտ խնդիրներ ունեն, իսկ անցած տարի նույնիսկ մեկ շաբաթով ջուր չեն ունեցել, թեեւ պարտաճանաչորեն մուծել են, վճարել են մեծածախով:

Գետափ գյուղում էլ գյուղապետարանի շենքն է կաթկթում, այստեղ դպրոցի հատակը սնկային հիվանդությամբ է վարակված, փոշին ազդում է երեխաների առողջության վրա:
Վարդաքար գյուղն էլ թեեւ երկարատեւ բողոքներից հետո մի կերպ լուծեց դպրոցի շենքի հարցը, սակայն այստեղ ուզում էին դպրոցը փակել: Մեծ խնդիր է Այգաբաց-Վարդաքար ճանապարհահատվածը: Գյուղապետ Գալուստ Ավետիսյանի ներկայացմամբ՝ որպես ճանապարհ վարորդների համար ծառայում են դաշտերը, ցորենի արտերը, մեքենաներն անցնում ու դառնում են ցորենի միջով: Գյուղապետի վստահեցմամբ՝ եթե այս ճանապարհը կառուցվի, ապա կբեռնաթափվի Երեւան-Գյումրի մայրուղին:
Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանն էլ դժգոհեց, որ Նոր Կյանք-Գեղանիստ ասֆալտապատ ճանապարհը, որի փոսալցման համար պետությունը միջոցներ չի խնայում՝ անցած տարի Շիրակի մարզպետարանը 2 միլիոն դրամ փոխանցեց, աղետալի վիճակում է, քանի որ ռազմաբազայի ծանր տեխնիկան ու Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննայանոց տեխնիկան ամեն օր այդ ճանապարհով է անցնում՝ ընդամենը 5 սանտիմետրանոց ասֆալտի վրայով:

 
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031