Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գրեմմիակիր» երգչախումբը հայերեն կերգի

Մարտ 30,2016 13:00

Հայաստանն էլ կյուրընկալի Բրյուսելի
«Բոզար» արվեստների պալատի նախագահ Փոլ Դուջարդինին

2000-ին հիմնադրված «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մի քանի հոբելյան կնշի: Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց, որ լրանում է «Երեւանյան հեռանկարների»՝ Բյուրականում հիմնադրած Երաժշտական ակադեմիայի մեկամյակը: Իրենք ապրիլի 4-ին կայանալիք ասուլիսում մտադիր են անփոփել՝ ինչպես հոբելյանները, այնպես էլ անցյալ բեղուն տարին՝ հայաստանյան եւ դրսի համերգներով: «Խորհրդանշական է, որ ապրիլի 4-ին ոչ միայն Բյուրականում մեր փառատոնի ակադեմիայի հիմնադրման մեկ տարին է լրանում, այլեւ մի կարեւոր միջոցառում ունենք: Բելգիայից ճանաչողական այցով Հայաստան է ժամանում Եվրոպայի հանրահայտ մշակութային քաղաքականության գործիչներց մեկը՝ Բրյուսելի «Բոզար» արվեստների պալատի հիմնադիր եւ նախագահ Փոլ Դուջարդինը: Նա Բյուրականում պետք է հանդիպի մեր մտավորականության հետ, քննարկի կարեւոր հարցեր, որոնց թվում են Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները՝ Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում, որից հետո պետք է Եվրամիությունում հանդես գա համապատասխան զեկույցով: Կարծում եմ՝ նշանակալի այց է, որը էական նշանակություն կունենա ե՛ւ որպես հանդիպում, ե՛ւ գիտելիք փոխանցելու առումով: Բյուրականի արվեստի ակադեմիայում նույն օրը նաեւ փոքրիկ համերգ կլինի՝ «Գյուրջիեւ» խումբը ելույթ կունենա, «Հովեր» երգչախումը: Ի թիվս այլ ստեղծագործությունների, կկատարավեն Ստեփան Ռոստոմյանի գործերից, որովհետեւ այդ օրը նրա համար էլ է հոբելյանական: Մի խոսքով, հագեցած օր կունենանք»,-հայտնեց Սոնա Հովհաննիսյանը:

Pol_Dujardin

Փոլ Դուջարդինի լուսանկարը՝ www.rtbf.be-ից:

Ինչ վերաբերում է «Երեւանյան հեռանկարների» 15-ամյա հոբելյանը մեկ տարի ուշացումով նշելուն եւ ավանդաբար ապրիլին անվանի երաժիշտներ ու խմբեր հրավիրելուն, այս մասին էլ տեղեկացրեց. «Անցյալ տարի այնքա՜ն մեծ էր մեր փառատոնի ներդրումը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առումով, որ արդեն յուրաքանչյուր տարի ապրիլյան օրերին մենք չենք կարող որեւէ միջոցառում չկազմակերպել: Օրինակ, այս տարի հրավիրել ենք «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբին: Դա Եվրոպայի լավագույն երգչախմբերից մեկն է, հատուկ հայկական ծրագիր են պատրաստել ու հայերեն լեզվով են հանդես գալու:

Estonia_ergchaxumb

Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը:

Շատ ազդեցիկ ծրագիր է՝ Կոմիտաս-Եկմալյանի պատարագից էլ պատառիկներ կհնչեն: Ի դեպ, այդ ծրագիրն անցյալ տարի իրենք կատարեցին նաեւ Տալլինի Սուրբ Հովհաննես տաճարում՝ «Քեզ հետ Հայաստան» միջոցառումների շարքում: Հայաստանում Էստոնիայի երգչախումբը հանդես կգա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, դա բացառիկ համերգ կլինի: Ապրիլի 24-ի լուսաբացը կդիմավորվի իրենց համերգով եւ եկեղեցու զանգերով: Քանի որ Եղեռնի զոհերն արդեն որպես սրբադասված նահատակներ են, նման համերգը հարիր կլինի նրանց հիշատակին: Ապրիլի 26-ին էլ տեղի կունենա մեր փառատոնի 15-ամյակի հոբելյանական երեկոն: Այն անցյալ տարի պետք է տեղի ունենար, որովհետեւ փառատոնը հիմնադրվել էր 2000-ին, բայց անցյալ տարի մենք բացի 100-ամյա տարելիցից, ուրիշ բան չէինք նշում: Բազմաթիվ հյուրեր են սպասվում, երաժիշտներ, պատվիրակություններ: Հույս ունենք, որ ամփոփիչ գեղեցիկ երեկո կլինի՝ փառատոնի գործունեության վերաբերյալ, եւ կստանանք բազմաթիվ արձագանքներ»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031