Կինոարվեստում ընդհանրապես, հայ կինոյում՝ մասնավորապես, ավելի շեշտված է գործում արտիստական «ամպլուան»: Օրինակ, եթե կատակերգական կատարում է, ապա դա Ֆրունզիկ Մկրտչյանն է, եթե խոհականն ու ազգայինն է մարմնավորվում՝ Սոս Սարգսյանն է, կամ եթե մոր կերպար է, ապա անկրկնելի Վերջալույս Միրիջանյանն է կամ Գալյա Նովենցը… եւ այսպես շարունակ: Անշուշտ, մեր օրերում էլ է այդպես: Վերջին շրջանում էլ պահանջվում են սցենարից բխող կերպարներ, որոնք հանդես են գալու մորեմերկ, «բաց» տեսարաններում: Գոնե մինչեւ այսօր մեր կինոյում այդպիսին ընկալվում է դերասանուհի Ռուզան Վիթ Մեսրոպյանը: Հիշենք արտիստուհու մուտքը կինոաշխարհ ֆրանսիացի կինոռեժիսոր Հիներ Սալեմի «Անցնող երազներ» ֆիլմում (1997թ.), որտեղ Ռուզան Վիթը խաղընկերներ ունենալով ֆրանսիացի ճանաչված այնպիսի դերասանների, ինչպիսիք են Օլիվյե Սիտրուկը, Ժաքի Ներսիսյանը, Պատրիկ Բուշիտեն եւ մյուսները, իրեն «թույլ տվեց» նկարահանվել «բաց» տեսարաններում: Հիշյալ ֆիլմին հաջորդեցին դարձյալ նույն կինոռեժիսորի «Մենություն», «Լիմոնի օղի» կինոնկարները: Արդարության դեմ չմեղանչելու համար հավելենք, որ Ռուզանը առանձնապես հայտնի դարձավ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմից (2007թ.), ներկայանալով էքսցենտրիկ գլխավոր հերոսուհու կերպարով:
Oրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կինոռեժիսոր Արշակ Ամիրբեկյանի «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի առաջին ցուցադրությունը, որտեղ շուրջ 10 տարվա լռությունից հետո Ռուզան Վիթ Մեսրոպյանը մարմնավորել է մարմնավաճառի կերպար:
«Առավոտի» նկատառմանը, թե գոնե մեզ համար տարօրինակ է, որ շուրջ 10 տարի նա առաջարկ չի ստացել որեւէ ֆիլմում կամ սերիալներում նկարահանվելու, դերասանուհու պատասխանը հռետորական էր՝ հարցն ավելի ճիշտ է ուղղեք կինոռեժիսորներին… Ապա մեր զրուցակիցը մանրամասնեց. «10 տարի հենց այնպես չեմ անցկացրել. աշխատում էի սցենարական նյութերիս վրա (դերասանուհին պատրաստվում է առաջիկայում ներկայանալ իբրեւ սցենարիստ), ամեն րոպե ընտանիքիս հետ էի, վայելում էի միակ դստերս օրեցօր հասակ առնելու րոպեները, ինչպես նաեւ վայելում ամուսնուս՝ նկարիչ Անդրեյ Շուգարովի ստեղծագործական պահերը եւ այլն… Եվ տարիների լռությունից հետո մի օր հնչեց զանգ՝ Արշակ Ամիրբեկյանը շեշտելով, որ ինքը գիտի, թե քանի տարեկան եմ, հրավիրեց «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմում մարմնավորելու 20 տարեկան աղջկա կերպարը: Մինչ հրավերը ասացի, թե հավանաբար ֆիլմում նախատեսված են բաց տեսարաններ եւ դա է պատճառը, որ ինձ է դիմում…»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ դերասանուհուն հիշում են միայն «հանդուգն» կերպարների համար եւ ինչպե՞ս է դրան վերաբերվում ամուսինը՝ ճանաչված նկարիչ Անդրեյ Շուգարովը, Ռուզան Վիթը պատասխանեց. «Երբ Չալդրանյանի կողմից հրավիրվեցի «Քրմուհին» խաղալու համար, այդ ժամանակ ամուսնացած չէի: Խնդրեցի, որ սցենարին ծանոթանա հայրս նույնպես: Եվ նա ասաց, որ սա հենց քո դերն է, աղջիկս, վստահ եմ, որ արժանապատվորեն կմարմնավորես այն… Ահա այսպես օրհնեց հայրս: Ինչ վերաբերում է ամուսնուս, նա վստահ է, որ կանեմ մի բան, ինչը պատիվ կբերի մեզ: Նշեմ նաեւ, որ Արեւմուտքում ճանաչված նկարիչ ամուսինս վստահում է ճաշակիս եւ, ինչու չէ, հիանում թե ինձնով, թե իմ արվեստով»:
Ռուզանը հավելեց նաեւ, թե մարմնավաճառի դերի առաջարկը ստանալու առիթով, ամուսնուն հայտնել է այդ մասին, վերջինս ասել է՝ սա իսկապես քո դերն է եւ Մարիամին քո խաղով պարզապես կփրկես: Իսկ թե ինչ է նկատի ունեցել ամուսինը «փրկել» ասելով, Ռուզանը հայտնեց հետեւյալը. «Փրկել մարմնավաճառին, ոչ թե լինել մարմնավաճառ, այլ առաջ բերել նրա կենսագրության դրաման: Հերոսուհուս այդ «աշխատանքի» նպատակն է փակել հարբեցող հոր պարտքերը եւ փորձել արժանապատիվ ապագա ստեղծել փոքր եղբոր համար… Ֆիլմում Մարիամը հանդիպում է նկարչի, որը փաստորեն կարողանում է «փրկել» նրա կյանքը: Ըստ էության, նկարչի ընտանիքը ընդունում, սիրում է երբեմնի մարմնավաճառին, շրջապատելով նրան հոգատարությամբ ու ջերմությամբ: Իսկ երբ նկարիչը պարզապես լուսանկարում է աղջկան, որ հետո այն հանձնի կտավին, ու երբ Մարիամը ֆոտոսեսիաների առիթով մերկանում է, նկարիչը տեսնում է նրա մաքուր հոգին…»: Ռուզան Վիթ Մեսրոպյանը ամենաջերմ խոսքերն ուղղելով ֆիլմի անձնակազմին, այդ թվում՝ նկարչին մարմնավորած Աշոտ Ադամյանին, դերասաններ Արա Սարգսյանին, Կրիստինա Զամինյանին, Աննա Գեւորգյանին, օպերատոր Անդրանիկ Սահակյանին, նշեց, որ «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլուր իր առաջին՝ «Երեք երեկո» (2010թ.) ֆիլմի հաջողություններից ոգեւորված, հավանաբար այս ֆիլմն էլ կտանի «փառատոնային ճանապարհով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2016