Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրեմլից ասածը՝ հայերեն թարգմանաբար

Մարտ 30,2016 12:00

Որտե՞ղ է իրականում հակամարտության «միակ ելքը»

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը կարճ ժամանակահատվածում երկու անգամ արժանացրեց ուշադրության Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Եթե իր առաջին անդրադարձում նա փաստորեն փորձեց համոզել, թե ինչու պետք չէ հակամարտության գոտում ներդնել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ, այն էլ անհաջող, ապա այս վերջերս նա ավելի հեռուն գնաց:
Բաքուն մինչ այդ անթաքույց մեղադրում էր Մինսկի խմբի համանախագահներին հայամետ դիրքորոշման մեջ, նրանց կոչում «սադրիչներ», «երեսպաշտներ», «իսլամաֆոբներ», ռուսներն էլ, տիկին Զախարովայի շուրթերով՝ պնդում էին ի պատասխան, որ այդ մեղադրանքներն իրենց չեն հասցեագրված, քանզի Մոսկվան «միշտ եւ ամբողջ սրտով կողմ է» հակամարտության կարգավորմանը, եւ դեռ պետք է պարզել, թե համանախագահներից ո՞ր մեկին են վերաբերվում Բաքվի այդ մեղադրանքները:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս կարեւոր հայտարարություն արեց՝ ասելով, որ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի եւ նրանց միացած մի քանի տասնյակ կոնգրեսականների առաջարկություններին, կապված հակամարտության գոտում եւ շփման գծի վրա զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտության հետ, համաձայն են բոլոր երեք համանախագահները:
Բաքուն հենց այստեղ է տեսնում համանախագահների «հայամետությունը» եւ փորձում դա բացատրել, ասենք, համանախագահների «իսլամաֆոբիայով»: Եվ ահա, նրան շաբաթ օրը օգնության է հասնում Կրեմլի մամլո խոսնակը: Նա հայտարարեց նույնիսկ իր պատկերացրած՝ հակամարտության «միակ ելքի» մասին, այն է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում դեռ չի բնորոշվում առաջընթացով, իսկ իրականում հեռու է ցանկալիից: Ռուսաստանը մի խումբ երկրների հետ միասին հետեւողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը տեղում կանգ չառնի եւ լինի թեկուզ դանդաղ, բայց առաջընթաց շարժում: Առայժմ պարծենալու բան չկա, սակայն միակ ելքն այն է, որպեսզի այդ «հնգյակը» ստեղծի բարենպաստ պայմաններ ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համար», – ասում է պարոն Պեսկովը՝ այդպես էլ չբացատրելով, թե եռանախագահության հետ մեկտեղ ո՞ր երկուսին եւս պետք է գումարել իր ասած «հնգյակը» ստանալու համար, եւ ի՞նչն է անբարենպաստ Երեւանի եւ Բաքվի պարագաներում առանձին վերցրած:
Սակայն հաշվի առնելով, որ Երեւանն ի սկզբանե ողջունել է զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների ներդրումը հակամարտության գոտում, իսկ Մոսկվան գեթ մեկ անգամ հրապարակայնորեն չի ողջունել այդ գաղափարը, չնայած չի էլ խոչընդոտել համանախագահների կոնսենսուսին, իսկ Բաքուն ուղղակի իր ցասումն է արտահայտել այդ գաղափարին ի պատասխան, ապա պարզ է դառնում, թե «ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի համար» բարենպաստ պայմանների համար մտահոգվելով՝ ի՞նչ եւ ինչո՞ւ է ակնարկում Մոսկվան: Այո՛, նա, հետեւաբար, մտահոգված է Բաքվի համար «անբարենպաստ» պայմաններով եւ մտահոգվում է բարձրաձայն:

Սակայն Մոսկվայի մտահոգություններն այսքանով չեն ավարտվում: Պեսկովն ասում է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, իհարկե, այսպես ասենք, նման հակամարտություններում մեկ կողմի անվերապահ դիրքորոշման մասին հայտարարությունները, առավել եւս՝ ուժի կիրառմամբ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ոչ մի կերպ չեն նպաստում առաջընթացին»:
Այս «քարն», անկասկած, գցված է ամերիկյան «բոստանը»: Եվ պատճառը մակերեսին է: Զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների ներդրումը ենթադրում է դիտորդների թվի էական մեծացում, նրանց մանդատի ընդլայնում, որպեսզի զինադադարի հնարավոր խախտումները հետաքննելու հնարավորություններ ստեղծվեն: Հենց սա է մտահոգում Մոսկվային, քանի որ սա նշանակում է մի բան. Մոսկվան այլեւս չի կարողանա պատերազմի վերսկսման վտանգով պարզ շանտաժի ենթարկել հակամարտության կողմերին, Ալիեւի ռեժիմին սա նույնպես զրկում է հնարավորությունից, որպեսզի նա էլ շանտաժի ենթարկի հայկական կողմին եւ միջազգային հանրությանը, որ իր հերթական «բեմականացված ցասումը» վաղ թե ուշ բերելու է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման:

Ռուսաստանը նաեւ «խրախուսական մրցանակներ» է պատրաստել կողմերին. Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանում կհայտարարի գազի գնի իջեցման մասին, իսկ Ադրբեջանին «հետը կտանի» Իրանի հետ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման՝ միեւնույն ժամանակ Բաքվին հորդորելով «այլեւս չզբաղվել Ռուսաստանին եւ Թուրքիային հաշտեցնելու անպտուղ միջնորդությամբ»:

…Քարոզչական շահարկումները բերել են նրան, որ հակամարտության իրական կարգավորման շահը սկսել են կոչել «հայամետ», իսկ կարգավորման իմիտացիան, արտաքին թշնամու կերպարի շահագործումը՝ «ադրբեջանամետ»: Շարունակելով տրամաբանությունը եւ դատելով դեպքերի ընթացքից ու հայտարարությունների բովանդակությունից՝ ստացվում է նաեւ, որ եթե ոչ կարգավորումը, ապա տարածաշրջանի կայունացումը, պատերազմի գործուն բացառումը, սադրանքների հետաքննությունը եւ սադրիչներին պատժելու մեխանիզմների ներդրումը դարձել են նաեւ «ամերիկամետ» կամ «արեւմտամետ», իսկ քառորդ դար տեղում դոփելը, զենքի ցինիկ բիզնեսը եւ պատերազմով շանտաժը, սպանությունները սահմանին եւ շփման գծում, «ռազմավարական դաշնակից» լինելու մասին այս ամենից հետո ճամարտակելը՝ «ռուսամետ»:

Իսկ եթե ավելի պարզ, ապա խոսքը գնում է ուղղակի պատերազմի եւ խաղաղության մասին՝ անկախ նրանից, թե դա «ինչամետ» է: Կարեւորը դա չէ, այլ այն, որ խաղաղությունն է, որ բխում է տարածաշրջանում բոլորի շահերից, բացի…

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում Нарине ներկայացող օգտատրոջ հայհոյանքների վրա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031