Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարտքը պատիվ է

Մարտ 29,2016 23:54

Բանկերից մեկի գովազդն էի նայում նոր, սկզբից ինձ թվաց սոցիալական գովազդ է բանակի մասին: Մեր այս նիհիլիստական, չգիտես որտեղից մեր մեջ մտցված, խիստ մոդայիկ հակա-հայրենասիրական, նյութապաշտական,«որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ական մթնոլորտին այնքան գեղեցիկ էր հակադրվում…

Հայրենասիրությունը, ինչպես ցանկացած զգացմունք, պետք է դաստիարակել: Դաստիարակել մանկուց, մանկապարտեզից, դպրոցից… Երեխան, որն ամեն օր տանը լսում է «երկիրը երկիր չի», «պետք է փախնել այստեղից», «մի բան անեմ՝ գնամ» եւ այս կարգի այլ հայտարարություններ, գոնե դպրոցում, գոնե հեռուստացույցից պետք է այլընտրանք ստեղծող մտքեր լսի այն մասին, որ ինքը պարտք ունի կատարելու Հայրենիքի առջեւ, որ ինքը պիտի սիրի, պիտի պաշտի, պիտի փայփայի Հայրենիքը, պիտի երջանիկ լինի նրանով, որ ի տարբերություն շատ ու շատ այլ ազգերի, ՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ունի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, այս աշխարհի վրա ունի այն անկյունը, որտեղ ինքը եկվոր չի, օտար չի, միգրանտ չի, ՏԵՐ է: Ոչինչ, որ այդ Հայրենիքը թույլ է, չկայացած, անհաջող իշխանություններով, բազում խնդիրներով լեցուն, բայց դա մեր ՍԵՓԱԿԱՆ պետությունն է: Իսկ նրա ամրացումը, նրա կայացումը կախված է մեզնից յուրաքանչյուրից, եւ նա, ով չի հասկանում դա, փնտրում է հեշտ ճանապարհներ, փախնում է, նա պարզապես բաց է թողնում ՊԱՏԻՎԸ՝ Հայրենիքին ծառայություն մատուցելու, Հայրենիքը կայացնելու:

Ա՛յս գաղափարները պետք է մեր երեխաների մեջ մտցնել այսօր, որպեսզի վաղը ունենանք այն սերունդը, որը ոչ թե մեքենայի վրա կգրի «ծախում եմ էթամ»՝ հույս ունենալով, որ ավելի արագ կվաճառի մեքենան, այլ հանուն Հայրենիքի կայացման հնարավոր եւ անհնար ջանքերը ներդնելու պատրաստ մարդկանց համախումբ:

Հասկանում եմ, գիտեմ, որ այս խոսքերս մեր նյութապաշտ հասարակության համար չափից դուրս ճոռոմ եւ բարձրագոչ կթվան: Հասկանում եմ, գիտեմ, որ բարեկեցության փնտրտուքով այլ ափեր գտած մեր հայրենակիցները կամ կքմծիծաղեն կամ խիստ կբարկանան ասածներիցս, հասկանում եմ, գիտեմ, որ ուրիշի ստեղծած բարեկեցիկ հողի վրա սեփական արմատները գցելու ցանկություն ունեցողները պարզապես կփակեն ականջներն ու աչքերը, եւ կգոռան՝ ոչչչչչ, գնալու եմմմմմ….

Բայց դեռ կան, վստահ եմ՝ կա՛ն մարդիկ, որոնք, նայելով սոցիալական թվացող, իրականում՝ բանկի գովազդը, նույն զգացումներն ունեցան, ինչ՝ ես, փշաքաղվեցին ու մտածեցին այն մասին, թե ի՛նչ են իրենք տվել Հայրենիքին: Դաստիարակեք ձե՛ր երեխաներին Հայրենիքի հանդեպ սիրով, իսկ հետո թող նրանք ընտրեն իրենց ապագան՝ ինչպես կուզեն: Սեփական արմատները, սեփական հողը, սեփական ծնողներին, սեփական տունը սիրող մարդը վաղը աչքը չի գցի ուրիշի հողին, ունեցվածքին, ծնողին:

Արժեքների վերագնահատման ժամանակաշրջանում տեղապտույտներ տալով՝  հայրենասիրությունը չգիտես ինչու ամոթալի, ծիծաղելի բան է թվում այնպես, ինչպես՝ կնամեծարությունը, տարեցների հանդեպ հարգանքը, հեղինակությունների հանդեպ պատկառանքը, դաստիարակվածությունը, կարդացած լինելը: Փողը՝ որպես միակ ընդունելի արժեք համարող հասարակությունը դատապարտված է: Ցինիկ, առանց սրբությունների, առանց հեղինակությունների ապրող սերնդի մեջ դժվար է ճիշտ արժեքներ դաստիարակելը: Մենք արդեն իսկ շատ ժամանակ ենք կորցրել: Մենք սերունդներ ենք կորցրել, որոնք թքած ունեն ցանկացած արժեքի վրա, որը նյութական չէ: Պետք է շտապել, քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ կա՛ն մարդիկ, որոնք չեն ցանկանում փոխել իրենց Հայրենիքը մի քանի կոպեկի հետ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    Ապրեք, Մելինե: Որակյալ ժուռնալիստիկայի բացառիկ օրինակ է:
    Ափսոս որ շատ հազվադեպ եք գրում այսպիսի թեմաներով: Հիշում եմ ամիսներ առաջ կարդացի ձեր վերջին հրապարակախոսական, նույնպես որակյալ հոդվածը:
    Հիմա այդ տեմպի տակ կարդում եմ նաև ձեր համեղ բաղադրատոմսերի որակյան ձևակերպումները 😀 :
    Որակյալ մասնագետի բացառիկ օրինակ եք հայկական իրականությունից:

  2. Հ.Շ. says:

    Կեցցէս, պատվական հայ կին – եւ ենթադրում եմ, մայր (իսկ եթէ ոչ տակաւին, ապա մաղթում եմ այդ, յանուն Հայրենիքի վեհագոյն շահերին) – :

    Ազգասիրութեան դէմ հնչող Ազգի դասալիքների դեղին քմծիծաղը պարզապէս – զուր – ջանք մըն է իրենք իրենց ամօթը ծածկելու, իրենց յանցանքի զգացումը խեղդելու:

    Ամէն դէպքում, դէպի ոսկեգոյն երազանքներ փախչողներից գրեթէ բոլորը, դրսում, արագօրէն խփվում են իրականութեան դաժան պատին, սակայն չեն ուզում յայտնել իրենց ձախողութիւնը, յուսախաբութիւնը եւ զղջումը: Երեւի, այդ ալ պատիվի իրենց ըմբռնողութիւնն է…

    Հայրենիքի սուր կարօտախտն ալ լինելու է անոնց մնայուն պատիժը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031