Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի շնորհիվ հայկական «Ռակետա» մեքենան դարձել է ամենապահանջվածը

Մարտ 29,2016 23:40

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության պրեմիերան, որը դիտելու էր եկել մոտ 700 մարդ. թատրոնի դահլիճը՝ օթյակներով, 700 տեղանոց է ու ոչ մի դատարկ աթոռ չկար: Մինչ ֆիլմի ցուցադրումը գլխավոր դերակատար, գյումրեցի Մկրտիչ Արզումանյանը, որ նաեւ պրոդյուսերներից մեկն է ( ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակն ու ստեղծագործական պրոդյուսերը՝ Աշոտ Աբրահամյանն է),Գյումրու Ջազ ակումբում հանդիպեց լրագրողներին:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է որոշել ցուցադրությունը սկսել հենց Գյումրիից, Մկրտիչ Արզումանյանն ասաց. «Միշտ պետք է փորձել Գյումրիից սկսել, որովհետեւ Գյումրիի հանդիսատեսը ամենախստապահանջն է, հումորով է, տեղեր կան, որտեղ շատ բուռն արձագանք են տալիս, մինչդեռ Գյումրիում հանդիսատեսը ձեռնպահ կմնա: Այսինքն` այստեղի ցուցադրությունից հետո պատկերն ավելի ռեալին մոտ է, թե ինչ ես դու ստեղծել, դրա համար շատ կարեւոր է, որ Գյումրիում անցնի այդ փորձությունը, հետո մյուս մարզերում շարունակենք ցուցադրությունը»:

Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ ի սկզբանե ե՛ւ սցենարով, ե՛ւ որակով, ե՛ւ նկարահանման կադրերով փորձել են այնպես անել, որ ֆիլմն իր ոճով տարբերվի նախորդներից: «Մենք ինքներս մեզ ապացուցեցինք, որ առանց գռեհկության, առանց ժարգոնային մոտեցման հնարավոր է ստեղծել երգիծական ֆիլմ: Այսուհետ ամեն ինչ անելու ենք, որ այդ ափերի մեջ պահենք ինքներս մեզ ու մեր աշխատանքը՝ չխաբելով հանդիսատեսին, դա շատ կարեւոր է: Այսինքն, երբ որ դու մատուցում ես ինչ-որ բան եւ ասում ես, որ սա՛ է, վերցրե՛ք, ավել չի լինելու, բնականաբար՝ մեկ, երկու, երեք հանդիսատեսն էլ սովորում է քեզ ու այդպես անկում ես ապրում, դեգրադացվում, նույն տեղում լճանում, լճանում, լճանում ես ու նաեւ հանդիսատեսին ես լճացնում: Կարծում եմ՝ պետք է անընդհատ ձգտել առաջ, փորձված հնարքները՝ դեմքը ծռել, մի բառ ասել, մենք տիրապետում ենք շատ լավ, բայց փորձեցինք այդ ամենից հեռու մնալ, ուղղակի ստեղծել պարզ,սպիտակ, բարի ֆիլմ մարդկային հարաբերությունների մասին: Փորձել ենք այնպես անել, որ գերխաղ կոչեցյալը չլինի մեր ֆիլմում, առավել ուշադիր ենք եղել ստեղծելուց»:

Կատակերգության գլխավոր դերակատարուհին «Եվրատեսիլի» այս տարվա Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանն է, որը ֆիլմում իր հարսանիքի օրը փախչելով հարուստ, բայց միաժամանակ դաժան փեսացուցից՝ նստում է պատահական տաքսի ու պարզվում է՝ այն Հայաստանում «Երազ» գործարանի կողմից արտադրված առաջին մեքենան է՝ «Ռակետա» մակնիշի: Ամբողջ իրադարձությունների կենտրոնում հենց հայկական մակնիշի ավտոմեքենան է, որի վարորդի՝ Աղասիկի դերակատարը Մկրտիչ Արզումանյանն է: Չնայած մեծահարուստ, լքված փեսացուն իր թիկնապահների հետ փորձում է գտնել փախուստի դիմած հարսանացուին՝ Սաթենիկին, դիմում է ամեն միջոցի տաքսու վարորդին հայտնաբերելու, նրանից վրեժ լուծելու համար, այդուհանդերձ վարորդը, իր կյանքը վտանգելով, մենակ չի թողնում փախած հարսնացուին: Այստեղ նեղության մեջ ընկած մարդուն սատար կանգնելու գաղափարից բացի ցուցադրվում ու պրոպագանդվում էր հայկական մակնիշի մեքենայի առավելությունները:

Մկրտիչ Արզումանյանը «Ռակետա» մակնիշի մեքենայի հետ կապված պատմեց հետեւյալը. «Ֆիլմի մասին դեռ ոչ մի բան չկար համացանցում, երբ մենք, այսպես ասած վիրուս տարածեցինք. տեղադրեցինք մի քանի լուսանկար՝ ցույց տալով «Ռակետա» մակնիշի մեր մեքենան: Սկսվեց հետարքրքությունը համացանցում, որոշ մարդիկ ասում էին, որ իրոք եղել է այդ մեքենան, մյուսներն ասում էին նման մեքենա չի եղել, այդ մարդկանց երեխաներն էին գրում, որ իմ ծնողներն աշխատել են այնտեղ, նման բան չի եղել ու այսպես շարունակ…»:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է այնպես անել, որ «Ռակետա»-ն վերարտադրվի, նորից պահանջարկ ունենա, Մկրտիչ Արզումանյանն ասաց. «Պարզվեց, որ մի ամիս առաջ «Երազ» գործարանում եղել է մի նախագիծ, որը ներկայացվել է Մոսկվային, ու նախագիծը չի հաստատվել, այսինքն` մենք շատ ճիշտ ուղղության վրա ենք, շատ ճիշտ մտածել ենք սցենարը. «Ռակետա»-ն կշարունակի ապրել, արդեն նկարահանման ժամանակ ուզում էին գնել, շաբաթ-կիրակի ուզում էին հարսանիքների համար օգտագործել, մի խոսքով, ճանաչված մեքենա է: «Ռակետա»-ն մեր կյանքը կերավ, մեզ ուղղակի քամում էր, երբ որ 45 աստիճան շոգ էր, մինիմալ շարժում էինք կատարում, որ կադրում թաց չլինես, այդպես անընդհատ քեզ դիմահարդարները ուղղում են ու նստում ես ղեկին, ու մեքենան որոշում է, որ ինքը չի շարժվելու: Նորից ես փորձում, բայց ինքը համառորեն չէր գնում, այդպիսի տեսարաններ շատ-շատ կային, գլխավոր դերակատարի պես կապրիզ էր անում»:

Թե ինչո՞ւ որպես գլխավոր դերակատարուհի ընտրեց Իվետա Մուկուչյանին, Մկրտիչ Արզումանյանը պարզաբանեց. «Իմ կարծիքով նա միակ մարդն էր, որը կմարմնավորեր այդ կերպարը, իրոք շատ երկար ենք մտածել, երբ մտածում էինք կերպարների մասին՝ ինչպե՞ս պետք է լինի աղջիկը, ինչպե՞ս պետք է լինի տղան, հենց այդ ժամանակվանից մեզ այդ միտքը տանջում էր, բայց ով պիտի խաղա այդ դերը: Իվետան իր համարձակությամբ, ճկուն լինելով, տաղանդով, աշխատասիրությամբ, չլինելով դերասան, խաղաց: Ես հիշեցի մի տեսահոլովակ, որտեղ Իվետան իր սիրած տղայի հետ մարտեր առանց կանոնների էր անցկացնում, շատ դաժան, արյունալի տեսարաններ էին, հիշեցի, որ մեզ մոտ էլ կա նման տեսարան, միտք եկավ, սկսեցի նայել Իվետայի մասնակցությամբ ցանկացած հարցազրույց, նույնիսկ որտեղ որ ինքը բնական է, չի խաղում, չի երգում ու որոշեցինք, որ նա մարմնավորի գլխավոր դերը: Այստեղ դեր խաղաց նաեւ Իվետայի կերպարը, որը որ հայտնի էր մեր հանդիսատեսին: Հետո սցենարի մեջ նախատեսված էր, որ հարսնացուն ապրած պետք է լինի Գերմանիայում. Իվետան իրոք ապրել է Գերմանիայում եւ շատ արտահայտություններ, նախադասություններ մենք օգտագործել ենք գերմաներենով: Մի խոսքով, նա այն մարդն է, որը կարող էր մարմնավորել այդ կերպարը: Մենք երկար ճանապարհ անցանք միասին, մի քանի ամսի անց, ես հասկացա, որ հուզվում եմ Իվետայի խաղից: Ինձ այնքան էր համոզում, որ հասկացա՝ նա արդեն պատրաստ էր, որովհետեւ գլխավոր դերը շատ բարդ է մարմնավորել. պետք է ունենա զարգացում, հաճախ նկարահանվում են վերջին տեսարաններից, հետո նոր անդրադառնում առաջին տեսարաններին, այնպես որ պետք է շատ զգոն, ուշադիր լինես, որ հանկարծ ինչ-որ բան չվրիպի, մի տեղ ավել չանես, մի տեղ պակաս չանես»:

Ֆիլմի մեջ խաղում է նաեւ Մկրտիչ Արզումանյանի որդին: Վերջինս ասաց, որ իր որդին ապրում, շնչում է այն ամենը, ինչ որ ինքն է անում, հոր յուրաքանչյուր քայլը որդու ուշադրության կենտրոնում է: Մեր հարցին, թե որտե՞ղ է ցուցադրվելու ֆիլմը Հայաստանից դուրս, Մկրտիչ Արզումանյանը պատասխանեց, որ մի քանի օր է ՝ինչ վերադարձել է ԱՄՆ-ից, այնտեղ հրաշալի պրեմիերա է տեղի ունեցել, մարդիկ շեշտել են, որ սա ընտանեկան ֆիլմ է, կարելի է ընտանիքի հետ նստել ու նայել, չկա որեւէ մի տեսարան, որից ամաչեն: Մայիսին ֆիլմը պատրաստվում են ցուցադրել Եվրոպայում, այնուհետ Ռուսաստանում: Ֆիլմի անվանումն առաջարկել է Մկրտիչ Արզումանյանի կինը՝ Աննան: Մկրտիչ Արզումանյանը պատմեց, որ երկար են մտածել ֆիլմի վերնագրի մասին, տարբերակներ են քննարկել ու մի օր տուն մտնելով՝ լսել է կնոջ առաջարկը: Նրա բնութագրմամբ, ֆիլմի անվանումը շատ հաջողված է, այնտեղ ինտրիգ կա: Ֆիլմի նկարահանումը տեւել է 40 օր, թե ինչքան է կազմել բյուջեն, այս մասին չեն ուզում խոսել, պարզապես նշում են՝ ծախսել ենք այնքան գումար, ինչը բավարար է այդպիսի ֆիլմ ստեղծելու համար: «Բյուջե հնչեցնելը Հայաստանի պայմաններում այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ շատ մարդիկ օրվա հացի մասին են մտածում, հնչեցնել բյուջե, որը կազմում է ինչ-որ մեծ թիվ, դեմ եմ»:

Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ ֆիլմը թատրոնում ցուցադրելը պատճառաբանեց այն հանգամանքով, որ մեծ հետաքրքրություն կա ինչպես ֆիլմի, այնպես էլ Մկրտիչ Արզումանյանի հանդեպ, որը նրա բնութագրմամբ, Գյումրիի հպարտություններից է: «Հոկտեմբեր» կինոթատրոնը 200 տեղանոց է ու հնարավոր չէր ֆիլմով հետաքրքրված մեծ թվով մարդկանց տեղավորել:

«Ի ուրախություն մեզ, Մկրտիչ Արզումանյանը թեկուզ ապրելով մայրաքաղաքում, մնում է գյումրեցի, սիրում է իր քաղաքը, պատահական չէ, որ հենց իր առաջարկով, իր պահանջով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի հայաստանյան շրջագայությունը սկսում ենք իր ու մեր քաղաքից: Կարեւոր է, որ Գյումրին ուշադրության կենտրոնում է, կարեւոր է, որ Գյումրիում քննություն հանձնելու ավանդույթները վերականգնվում են: Մկրտիչ Արզումանյանը, լինելով լավ գյումրեցի, որոշել է, որ իր ֆիլմը պետք է շրջագայությունների արշավը սկսվի իր քաղաքից»: Վաղվանից ֆիլմը կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031