Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի շարք առաջարկներ նման են «գազն անցած ջերմուկի». Հ. Նաղդալյան

Մարտ 29,2016 22:50

Կարծես իրականություն են դառնում ընդդիմության կողմից առաջարկվող՝ 4+4+4 ֆորմատով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչներ ի սկզբանե չէին բացառել, բայց արդյո՞ք պատրաստ են իշխանությունները ընդառաջ գնալ ընդդիմության կողմից ներկայացվող մի շարք առաջարկներին, այդ թվում՝ ցուցակների հրապարակման պահանջին, պարզեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:

– Տիկին Նաղդալյան, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի եւ ՀԿների ներկայացրած 5 պահանջների հարցում իշխանությունը պատրա՞ստ է արդյոք գնալ զիջման:

-Նախ ինձ զարմացնում է բառապաշարը, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից՝ զիջել-չզիջել, ուլտիմատումներ: Ընդհանրապես այս բանավեճը տարօրինակ հնչեղություն կամ տոնայնություն ունի, մարտահրավերի տպավորություն է ստեղծվում: Սա արհեստականորեն ներդրվում է մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, քանզի իշխանությունները բազմիցս հնչեցրել են՝ սա մեզ համար կենաց ու մահվան պայքար չէ, մենք մեր երկրում ընտրական գործընթացները բարելավելու, կատարելագործելու և վստահության աստիճանը բարձրացնելու խնդիրն ենք տեսնում և ուզում ենք լուծել՝ գործնական ու հիմնարար քայլերով:

Հետաքրքիր միտում է նկատվում, որը ընդդիմությունը դեռևս Սահմանադրական բարեփոխումների գործընթացից սկսած կիրառում է՝ բովանդակային քննարկման փոխարեն ձևի հետևից ընկնելով, ձևով փոխարինելով բովանդակությունը: Այսինքն՝ այսօր ևս ընդդիմությունը կանխամտածված կերպով փաստաթղթի բովանդակային կողմին անդրադառնալու փոխարեն, կենտրոնանում է միայն քննարկման ձևին կամ ձևաչափին առնչվող բանավեճի վրա: Կարծում եմ, բացատրությունը մեկն է՝ և՛ Սահմանադրության, և՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները պարզորոշ տեսնում են, որ այն լուծումները, որոնք դրված են փաստաթղթերի բովանդակության մեջ, հստակորեն ցույց են տալիս իշխանության շահագրգռությունը խնդիրների լուծման կամ Ընտրական օրենսգրքի կատարելագործման հարցում:

Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեալ քայլերը բացահայտ խոսում են այն մասին, որ հանրության կողմից խնդրահարույց և սուր նեգատիվ ընկալում ունեցող թիրախային հարցերը լուծելու ուղղությամբ հստակ և հետևողական կամք է ցուցաբերվում: Կարծում եմ, այս գործելաոճը ընդդիմության կողմից պարզապես մանևրելու փորձ է: Տեսնելով, որ իշխանությունը իսկապես տրամադրված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ բովանդակային աշխատանքի և առաջարկների հնարավորինս լայնամասշտաբ քննարկման և ընդունման, լայն կոնսոլիդացիայի ստեղծման՝ փորձում են հորինել նոր, արհեստական սահմանափակումներ, ձևաչափեր, և մտնել դրանց վերաբերյալ բանավեճի մեջ:

Վստահաբար, ճիշտ և արդարացի է իշխանությունների որդեգրած դիրքորոշումը՝ թե՛ այս 4+4+4-ի , թե՛ այլ 4-երի կամ 24-երի, անգամ մեկի կողմից արված առաջարկները պատրաստակամորեն լսելու, քննարկելու, աշխատելու, գտնելու խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ձևը:

-Իսկ ներկայացված կոնկրետ առաջարկությունների մասով ի՞նչ կասեք:

– Կարծում եմ, եթե բովանդակային խնդիրներին անդրադարձներ լինեին, դրանք ցույց կտային, որ մի շարք առաջարկներ արդեն ուշացած են կամ նման են, այսպես ասած, «գազն անցած ջերմուկի»: Ընտրողների ցուցակների մաքրման իմաստով Հայաստանի հանրապետությունում դեռ այն ժամանակվանից, ինչ քաղաքացիների հաշվառումը վարվում է ՀՀ պետական ռեգիստրի կողմից, ըստ էության կատարվել է հսկայական աշխատանք: Այսօր դրան գումարվում է ևս մեկ նորամուծություն, որն աննախադեպ քայլ է իշխանությունների կողմից՝ ընտրողների գրանցման ողջ գործընթացը ավտոմատիզացվում և էլեկտրոնային ճանապարհով է իրականացվում՝ անկախ, արտասահմանյան հեղինակավոր ու առաջատար, տեխնիկական աուդիտ անցած կազմակերպության միջոցով: Սա այնպիսի հեղափոխական քայլ է, որով այլևս ցուցակների մաքրման մասին խոսակցությունը տասներորդական է դառնում, իշխանությունը պարզապես ողջ գործընթացը տալիս է մարդու, իշխանության, և առհասարակ որևէ շահագրգռության գործոն բացառող մի համակարգի: Այս առումով ընդդիմության ներկայացրած՝ ցուցակների մաքրմանն առնչվող առաջարկությունը ուղղակի կորցնում է իր ակտուալությունը և սրա վրա այսքան սևեռումը արհեստածին է:

Ինչ վերաբերում է ցուցակները հրապարակելու առաջարկին՝ դիրքորոշման հիմքում դնելով մարդու իրավունքների խախտման անընդունելիությունը՝ մենք չենք պնդում, որ բացարձակ անհնար է և բացառվում է, որ որևէ մեկը ծանոթանա ցուցակներին, հակառակը՝ մինչ օրս մեր կողմից հետևողականորեն քայլեր են արվել: Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի ընդդիմադիր «դիմադիր» անդամները, ինչպես նաև վստահված անձինք, հնարավորություն են ունենում ծանոթանալու ցուցակներին և հսկողության տակ պահելու դրանք: Օրենսգրքի 34 հոդվածով սահմանված կարգով ցանկության դեպքում վստահված անձինք և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև, դիտորդները և լիազորված անձինք, ովքեր ունեն անհանգստություն կամ կասկածներ ցուցակների հետ կապված, կարող են դիմել և ծանոթանալ ստորագրված ցուցակներին կոնկրետ ժամանակահատվածում: Այսինքն՝ այս առաջարկով, ըստ էության, ևս վերանում է արգելքը կամ տեղեկատվության պակասի պահը:

Այս օրինակները և բազմաթիվ այլ առաջարկների նկատմամբ վերաբերմունքը փաստում են, որ գոյություն ունեցող խնդիրների լուծման իրական կամք և պատրաստակամություն իշխանությունն ունի և դա ոչ միայն բառերով է արտահայտվում, այլ կոնկրետ գործողություններով, որոնք արդեն նախագծի մեջ ներառված են, մնացածը պարզապես աղմուկ է՝ արվող գործը ստվերելու և հանրության շրջանում կանխավ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031