Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանը հերքում է՝ ՌԴ քաղաքացուն ոստիկանների մտահոգության մասին բան է ասել

Մարտ 29,2016 22:12

«Հունիսի 23-ին, 24-ին (էլեկտրիկ Երեւան ակցիայի օրերին)  իրավիճակը էականորեն տարբերվում էր նախորդ օրերի իրավիճակից: Հավաքը հարկադրաբար դադարեցվել էր, լարված մթնոլորտ, չհասկացվածության մեծ չափանիշ ու կար վտանգ, որ իրավիճակը կարող էր նորից սրվել: Դրանով էր պայմանավորված բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը հավաքին»,- այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյանիկովան ընդդեմ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի եւ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ու պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայցով դատաքննության ժամանակ ասաց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ փոխոստիկանապետն ընդունում է, որ Ելենային անվանել է սադրիչ, բայց ըստ փաստաբանի. «Ոստիկանների ծառայությանը միայն անհնազանդությամբ  կամ այլ ձեւերով չէ, որ կարող են  խոչընդոտել: Խոչընդոտումը կարող է լինել հենց այն կերպ, որը դրսեւորել է  դեպքի օրը հայցվորը, ոստիկանների հետ երկխոսության մեջ մտնելը կարող էր անցանկալի գործողությունների բերել:

Պատահական չէ, որ Հունան Պողոսյանի խոսքերը մի փոքր կատեգորիկ են հնչել, երբ անվանել է  սադրիչ: Նա ոչ թե նպատակ է ունեցել կոնկրետ անձի արժանապատվությունը չարամտորեն նսեմացնել, այլ կանխել նման արարքի կրկնությունները, որովհետեւ նման արարքի մեջ տեսել են անվտանգության խախտում: Ոստիկանապետի ասածը կոչ էր, որ հայցվորը դուրս գա նշված տարածքից, որտեղ ոստիկաններն են ծառայություն իրականացնում, իսկ այդ պահանջից հետո հայցվորը հեռացել է ու չի փորձել խոչընդոտել ոստիկանների ծառայությունը:

Հունան Պողոսյանի կողմից հայցում նշված բառերը հրապարակելը, այսինքն, թե իբր փոխոստիկանապետն ասել է՝ մեր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ դուք անընդհատ գնում ու գալիս եք, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարում ենք, որ սադրիչ բառը փոխոստիկանապետն ասել է, բայց դիտավորություն չի ունեցել նվաստացնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը»:

Երևանում բնակվող Ելենա Օվսյանիկովան մասնակցել է  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ElectricYerevan ցույցերին, այդ ընթացքում ոստիկաններին կոչ արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ավելի ուշ ոստիկանապետի խորհրդականը Facebook-ում գրառում էր արել՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որը, իբր, երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկել:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ պահանջել էր, որ Օվսյանիկովան հեռանա տարածքից, որովհետև «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 26-ին ժամը 11-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031