Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հասկանալ՝ ինչու է կինը միտինգի, ամուսինը՝ տանը». Ոստիկանապետի խորհրդականի պաշտպան

Մարտ 29,2016 21:22

Ելենա Օվսյանիկովան պրոֆեսիոնալ միջազգային գործակալ է, վերապատրաստվել է  Թուրքիայում, սեքս է առաջարկել ոստիկաններին, ներգրավված է եղել Վրաստանում, Ուկրաինայում, ատում է ՌԴ-ն: ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյանիկովայի պաշտպան՝ փաստաբան Լուսինե Հակոբյանն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեջբերեց ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ասածներն իր պաշտպանյալի հասցեին:

Ըստ փաստաբանի, Նարեկ Մալյանի այդ հայտարարություններից հետո իր պաշտպանյալը սոցցանցերով անձնական հաղորդագրություններ է ստացել, դրանք եղել են սեռական բնույթի առաջարկներ. «Նրանից ճշտում էին,  թե ի՞նքն է  եղել այն անձը, որ սեքս է առաջարկել ոստիկաններին»:

Ըստ Լուսինե Հակոբյանի. իր պաշտպանյալը փոխոստիկանապետի ու Նարեկ Մալյանի ասածներից հետո ծանր ապրումներ է ունեցել, ճնշվածության զգացում, հոգեկան տառապանք է ապրել:

Նարեկ Մալյանի պաշտպան՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հետաքրքրվեց՝ Ելենան, ակցիայի ժամանակ մոտենալով ոստիկաններին, ի՞նչ է ասել: Ելենայի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց՝ չենք կարող ներկայացնել հայցադիմումով արդեն ներկայացված տվյալները, դրանք հասանելի են, դատարանը ճշգրտեց՝ հայցադիմումում նշված չէ՝ ինչ է ասել ոստիկաններին:

«Բողոքի ցույցը խաղաղ է, բայց ոստիկանները նորից կանգնած են մահակներով ու վահաններով: Եթե այլ տեղեկություններ են հայտնի մեր կոլեգային, թող հրապարակի»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Ոտիկանների հետ զրուցելու նպատակը ո՞րն էր, սա պարոն Սիրունյանի հաջորդ հարցն էր:  Պարոն Եգորյանն էլ կրկնեց՝ հայցադիմումում նշված է:

Իսկ ամուսնու հե՞տ էր գնացել, ամուսինն այդ պահին ո՞ւր էր: Ուզում ենք հասկանալ՝ ինչու է կինը միտինգի, ամուսինը՝ տանը, սա էլ պարոն Սիրունյանի երրորդ հարցն էր:

«Դրանք արդեն ներկայացվել են, նայեք հայցադիմումը»,- կրկնեց Տիգրան Եգորյանը:

Նարեկ Մալյանի փաստաբանը նաեւ հետաքրքրվեց՝ Ելենա Օվսյանիկովան զբաղվածության առումով ինչ կարգավիճակում է. «Հայցվորն ինչով է զբաղվում, ուզում ենք հասկանալ՝ ինչով է զբաղվում, որ հասկանանք, գործարար համբավն ինչքանով է վնասվել: Հայաստան ե՞րբ է եկել»:

«Մենք դիտարկում ենք, որ այդ հարցերը կապ չունեն գործի հետ»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ Երևանում բնակվող Ելենա Օվսյանիկովան մասնակցել է  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ElectricYerevan ցույցերին, այդ ընթացքում ոստիկաններին կոչ արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ավելի ուշ ոստիկանապետի խորհրդականը Facebook-ում գրառում էր արել՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որը, իբր, երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկել: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ պահանջել էր, որ Օվսյանիկովան հեռանա տարածքից, որովհետև «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031