Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ոչ գող եմ, ոչ անբարոյական»

Մարտ 29,2016 21:11

Վերջին օրերին մամուլում ոչ գրական կրքեր են բորբոքվել, ու այդ համատեքստում շրջանառվում է ճանաչված գրող Լեւոն Ջավախյանի անունը: Այս ամենին հետեւել են նաեւ գրողի հասցեին վիրավորական արտահայտությունները ֆեյսբուքում, որոնք հենց ֆեյսբուքում «հակահարված» են ստանում Ջավախյանին ճանաչող ու նրա գրականությունը գնահատող մարդկանց կողմից:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Ջավախյանը նշեց, որ այս պատմությանը նախորդել էր ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի «Աշխարհը Վերնիսաժի հայացքով կամ Լեւոն Ջավախյանի ավետարանը» վերնագրով հոդվածը:

Ինչ վերաբերում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի արձագանքին, Ջավախյանը նշում է. «Գրողների միության նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանը շատ կոռեկտ պատասխանել է իմ հոդվածին, այնուհետեւ նա ավելացրել էր, որ եթե հանդուրժում ես թուրքերին, ապա հանդուրժիր նաեւ քո գրող եղբայրներին: Շատ կոռեկտ եւ ճիշտ է ասված, բայց ես ինչպե՞ս կարող եմ հանդուրժել իմ նկատմամբ զրպարտանքները, երբ ինձ անվանում են հայրենիքի դավաճան, ասում են՝ քո նմանները պետք է արտաքսվեն Հայաստանից, երբ ինձ զրպարտում են ընդհուպ սեռական բնույթի զազրախոսություններով: Ախր հանդուրժողականությունն էլ սահման ունի: Ես գող չեմ, անբարոյական չեմ, ավազակ չեմ, պաշտոն չունեմ, որ կաշառք վերցնեմ, կոռուպցիոներ չեմ, քրեական օրենսգիրքը շրջանցած մարդ եմ, ո՞նց կարող են վարկաբեկել, դրա համար ստիպված դիմում են զազրելի միջոցների՝ օգտագործելով ֆեյսբուքը»:

Գրողը կցանկանար դատի տալ իրեն զրպարտողներին, սակայն գլուխ չունի դատական քաշքշուկների հետ:

Մեր հարցին՝ իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ իր դեմ նման «շարժում» է սկսվել, արդյոք նախա՞նձը, Լեւոն Ջավախյանը պատասխանեց. «Հարցին հարցով պատասխանեմ: Սարինյանն իր հոդվածն ավարտել էր հետեւյալ խոսքերով, որ Լեւոն Ջավախյանը ժամանակի ամենաականավոր գրողներից մեկն է, 21-րդ դարի նորաոճ գրականության հեռանկարում նա նշանակալից երեւույթ է…Հիմա ես հարց եմ տալիս, էդ իմ թուրքասիրությունը, հանդուրժողականությունը, բանը մի 6-7 տարի առաջ գրվել, խոսվել է, ինչո՞ւ մեկ էլ հանկարծ Սարինյանի հոդվածից հետո մեջտեղ եկավ: Բնականաբար մարդիկ ուզում են, որ իրենց պես մարդկանց մասին գրի Սարինյանը, ոչ թե Լեւոն Ջավախյանի նման «դավաճանների»… Ինչ մնում է տարբեր ազգերի հարաբերությանը, ինձանից առաջ մեծերն են ասել ու շատ են ասել, բայց ինձ շատ է դուր գալիս հատկապես 1898 թ. «Մուրճ» հանդեսում  Ղազարոս Աղայանի արտահայտած միտքը: Նա ասել է, որ մրցման մեջ մի ազգ մյուսին կարող է հաղթել ոչ թե ազգասիրությամբ, այլ մարդասիրությամբ, ազգասերը չի կարող մարդասեր լինել, բայց ճշմարիտ ազգասեր կարող է միայն մարդասերը լինել»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ եւ այսօր էլ շահարկվում է Լեւոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքը, որը պատմում էր հայ եւ ադրբեջանցի ընկերների մասին ու Բաքվի «Հանդուրժողականության կենտրոնի» կողմից մրցանակի էր արժանացել՝ «Հարավային Կովկասում խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզելու» անվանակարգում: Հավելենք, որ գրողի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ մարդիկ իրենց զորակցությունն են հայտել Ջավախյանին եւ կոչ արել չընկրկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ժամանակակից ամենատաղանդավոր հայ արձակագիրն է Լեվոն Ջավախյանը: Միայն նախանձ ու տգետ մարդը կարող է նման կեղտ դուրս տալ: «Քիրվա»-ի հերոսները հասարակ գյուղացի մարդիկ են, հենց հիմա էլ՝ իրական կյանքում իրար հետ կռիվ չունեն: Գուցե ասածներս շատերին դուր չգա, բայց դա է ճշմարտությունը:

  2. Էդիկ Մկրտումյան says:

    Լրջախող մարդը չի կարող նախանձ ու չարակամ լինել
    Ինձ թվում է, լրջախոհ, առողջ բանականություն ունեցող մարդը բամբասանքներով, զրպարտանքներով, վարկաբեկություններով չի զբաղվի: Ես համոզված եմ, որ նման զբաղմունքով զբաղվելը հատուկ է միայն ցածր ինտելեկտի տեր մարդկանց:
    Լևոն ջավախյան գրողը մեր այն գրողներից է, որը պատկանում է անկեղծ ինչ որ տեղ միամիտ մարդկային տեսակի: Այդ գրողը իր հոգու մաքրությամբ, անկեղծությամբ, իմ տպավորությամբ, ասոցացվել է իր հայտնի <> պատմվածքի հերոսի անկեղծությանը: Պատմվածքում, հասարակ ադրբեջանցի լինելը, կոմպրոմատ օգտագործելով որոշ մարդիկ փորձել են դատափետել ու վարկաբեկել Ջավախյանին: Ես կարծում եմ, որ դատափետողներն ու վարկաբեկողները դրանք այն մարդիկ են որոնք կամ չեն հասկանում ու տարբերում, որ հասարակ ադրբեջանցի քաղաքացու արարքը մի բան է, երկու պետությունների միջև թշնամական հարաբերությունները մի այլ բան: Եթե առաջին դեպքում հասարակ ադրբեջանցու դրսևորած անկեղծ ու բարոյական արարքը ներկայացնելու խնդիր է, ապա երկրորդ դեպքում երկու պետությունների միջև պատմական արդարության, քաղաքական, դիվանագիտական հարց է, որը չի կարելի կապել իրար հետ: Այդ մարդիկ մանավանդ իրեն գրող կոչողը դժվար թե չհասկանա այդ ամենը, ուստի ես գտնում եմ, որ դատափետելու ու վարկաբեկելու պատճառը նախանձն ու չկամությունն է՝ էժան հեղինակություն ձեռք բերելը:

    Էձիկ Մկրտումյան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031