Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխոստիկանապետն ուղղակիորեն զրպարտել է հայցվորին». Փաստաբանը հիշեցրեց Հունան Պողոսյանի արտահայտությունները

Մարտ 29,2016 21:00

Ելենա Օվսյանիկովան ընդդեմ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի ու ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայցով դատաքննությունն այսօր շարունակվել է: Ելենա Օվսյանիկովան  դատարանից պահանջում է պարտավորեցնել նշված անձանց հերքել իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները: Նա նաեւ մի քանի միլիոն դրամի հասնող գումար է պահանջում՝ որպես բարոյական փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Երևանում բնակվող Ելենա Օվսյանիկովան մասնակցել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած Electric Yerevan ցույցերին, այդ ընթացքում ոստիկաններին կոչ արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ավելի ուշ ոստիկանապետի խորհրդականը Facebook-ում գրառում էր արել՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որը, իբր, երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկել:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ պահանջել էր, որ Օվսյանիկովան հեռանա տարածքից, որովհետև «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:

Ըստ Ելենայի պաշտպան՝ փաստաբան Լուսինե Հակոբյանի, իր պաշտպանյալը ակցիայի օրը ոստիկանության ներկայացուցիչներին հորդորել է ուժ չկիրառել ակցիայի խաղաղ մասնակիցների նկատմամբ, իսկ արդյունքում փոխոստիկանապետը նրան անվանել է սադրիչ. «Իմ պաշտպանյալի գործողությունները սադրանք չեն, փոխոստիկանապետն ուղղակիորեն զրպարտել է հայցվորին: Նա նաեւ ասել է՝ մեր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ դուք նրանց առջեւ գնում, գալիս եք: Հունան Պողոսյանի այդ արտահայտությունը լսել են թե իմ պաշտպանյալը, թե նրա ընկերուհին, որն այդ պահին եղել է Ելենայի կողքին: Այդ արտահայտությունը լսել է առնվազն նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որն ավելի ուշ civilnet-ին տված հարցազրույցի ժամանակ  ասել է, որ նման հայտարարություն արվել է….»:

Փաստաբանը մեջբերեց նաեւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դիտարկումները. «Նարեկ Մալյանը իմ պաշտպանյալի վերաբերյալ facebook-ում  գրառում է արել, թե ոստիկանության սպաներից մեկը  բարկացած հայհոյեց՝ ասելով, եթե մյուս անգամ մոտենա  զորքին, զորքը սեքսուալ  ֆանտազիան սիրով կիրականացնի, առավել եւս, որ տղաները դրա կարիքն ունեն»:

Անդրադառնալով Ելենա Օվսյանիկովայի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին՝ փաստաբանը շարունակեց մեջբերումները: Մասնավորապես, ըստ նրա մեջբերման, պատգամավորը հայտարարել է, որ Ելենայից ուժեղ ալկոհոլի հոտ էր փչում, հետո շտապել է շտկել իր հայտարարությունը, թե միգուցե Ելենայի կողքին կանգնած անձի վրայից է ալկոհոլի հոտ փչել:

Փաստաբանը կրկին անդրադարձավ փոխոստիկանապետի ասածներին ու նշեց, որ. «Ընդամենը ոստիկանությունից պահանջվում էր ներկայացնել ապացույց, որ իր պահվածքով ու գործողություններով ոստիկանությանը իմ պաշտպանյալը դրդել է վատ արարքի, իսկ սադրանք բառը հենց վատ արարքի դրդել իմաստն ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031