Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանության պատասխանը`ՀԱԿ-ին. «Կհանդիպենք վաղը, 17.30-ին»

Մարտ 29,2016 20:40

Հովհաննես Սահակյանը` ՀԱԿ-ի`«4+4+4» ձեւաչափի եւ ՄԻՊ-ի առաջարկների մասին

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`ընդառաջ գնալով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հորդորին, գրավոր ներկայացրեց Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձեւաչափով քննարկումների առաջարկը: Իշխանությունը պատրա՞ստ է ընդունել ՀԱԿ-ի մեկնած ձեռքը:

– Մենք նախկինում ասել ենք, որ ցանկացած ձեւաչափով պատրաստ ենք քննարկել ԸՕ-ի նախագիծը, ցանկացած քաղաքական ուժի հետ: Այն հասարակական կազմակերպությունները, անհատ քաղաքացիները, որոնք գրավոր առաջարկներ են ներկայացրել մեզ, դրանք էլ ենք քննարկման առարկա դարձնելու: Ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների առաջ քաշած «4+4+4» ձեւաչափին էլ ենք ասել, որ պատրաստ ենք, այսօր էլ նամակով պատասխանել ենք: Վաղը, 17.30-ին մենք պատրաստ ենք քննարկել նախագիծը`իրենց առաջ քաշած այդ ձեւաչափով:

– Արմատական ընդդիմությունը, հայտնի է, որ հինգ հիմնական հարց է առաջ քաշում, որոնցից մեկը`տեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցում կարծես իշխանությունը պատրաստ է զիջել, մինչդեռ քվեարկած ցուցակների հրապարակման հարցին`կտրականապես դեմ եք: Էլ ի՞նչ զիջումների եք պատրաստ գնալ:

– Դեռ ժամանակ կա, բովանդակային քննարկումներ կանենք, իրենց հարցերին կպատասխանենք, մեր մոտեցումները կներկայացնենք: Ամենայն հավանականությամբ, ապրիլի մեկին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդեն կքննարկենք նախագիծը:

– Այսինքն, չի բացառվում, որ մյուս քառօրյայում նախագիծն արդեն օրակարգում տե՞ղ  գտնի:

– Չի բացառվում: Բայց հնարավոր է հանձնաժողովու քննարկումներ անենք, որոշակի դադար վերցնենք`հավելյալ առաջարկները քննարկելու, ապա նոր լիագումարի դատին ներկայացնելու: Մենք ունենք Սահմանադրությամբ սահմանված ժամկետ`հունիսի մեկը, որ մինչ այդ պետք է քննարկենք եւ ընդունենք Ընտրական օրենսգիրքը:

– ՀԱԿ-ի առաջարկած ձեւաչափից դուրս են մնում խորհրդարանում ներկայացված այլ ուժեր, քանի որ ՀԱԿ-ն էլ, «Ժառանգությունն» էլ, միատարր քաղաքական ուժեր չեն:

– Այդ ձեւաչափը մենք չենք առաջ քաշել, իրենք են առաջ քաշել, թող որոշեն`ո՞ր չորսն են գալու, մենք խնդիր չունենք: Բայց այնպես չէ, որ մյուս առաջարկներն անտեսվելու են: Ավելին, արդեն իսկ առաջարկներ կան Հրանտ Բագրատյանից, Խաչատուր Քոքոբելյանից, Թեւան Պողոսյանից, նաեւ ՀՀԿ-ից`Ռուզաննա Մուրադյանից եւ այլոցից: Դա միակ ձեւաչափը չէ, պարտադրող ձեւաչափ չէ: Եթե մի քանի ուժեր այդ ձեւաչափի շուրջ են համախմբվել`միատեղելով իրենց առաջարկները, ավելի լավ: Հասարակական դաշտն էլ այդ չոր ներկայացուցիչները չեն միայն, այլ առաջարկներ էլ ենք ստացել հասարակական հատվածից:

– Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՀԱԿ-ը մերժեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն ու քննարկումն, ասելով, որ դա ձեւական գործընթաց է, որն ավարտվելու է միայն իշխանության հետ լուսանկարվելով: Մինչդեռ, ՀԱԿ-ն այժմ ինքն է համանման առաջարկով հանդես եկել`քննադատության արժանանալով այլ ընդդիմադիրների կողմից:

– Մենք կարեւոր գործընթացների մեջ ենք եւ շատ ավելի մեծ տեղ ենք տալիս դրանց բովանդակությանը, քան ձեւին: Ուստի, պետք է կարողանանք քննարկումների կառուցողական դաշտ ստեղծենք:

-Այսինքն, իշխանության կողմից չի՞ շահարկվի այն, որ ՀԱԿ-ն է երկխոսություն նախաձեռնում:

-Բնականաբար`ոչ: Մենք երբեք էլ, ոչ մի բան չենք շահարկել: Այս փուլը մենք դիտարկում ենք կառուցողական դաշտում քննարկումների փուլ: Եթե ՀԱԿ-ը ցանկություն ունի գալ եւ իշխանության հետ նստել ու քննարկել`պատրաստ ենք:

– Մի քանի օր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կասկած էր հայտնել, որ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը կլինեն հաջորդ խորհրդարանում: ՀՀԿ-ում որոշում կա՞ թե ովքեր պետք է լինեն հաջորդ խորհրդարանում, ովքեր`ոչ:

– Բնականաբար չի կարող նման բան լինել: Հավանաբար, Վահրամ Բաղդասարյանի խոսքը մի փոքր այլ կերպ եք փոխանցում: Կա մի պարզ ճշմարտություն`ժողովուրդն է որոշում, թե ո՞վ է լինելու խորհրդարանում եւ ի՞նչ կազմով:

– ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:  Դրանցում ներառված են նաեւ քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը եւ դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանման մասին, քվեարկության սենյակում տեղական դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնման մասին, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասին եւ այլ առաջարկներ: Այսինքն, այն առաջարկները, որոնք նաեւ ընդդիմությունն է առաջ քաշում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Հանձնաժողովը դեռ չի ստացել այդ առաջարկները: Երբ կստանանք`կքննարկենք:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031