Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուսա լեռան 40 օրը» այն դատաստանագիրքն է, որը դատապարտում է սաֆարովներին. Սերժ Սրապիոնյան

Մարտ 29,2016 20:25

Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը: Գիրքը չի վաճառվելու, այն լույս է տեսել խորհրդանշական 100 օրինակով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Հայ ազգային ինքնավարության» ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանի հովանավորությամբ:

Պարոն Ավանեսյանը նշեց, որ գիրքը վերահրատարակելու միտքը ծագել է 2014-ից. «Չնայած շատ միջոցառումներ կազմակերպեցինք նվիրված 100-ամյա տարելիցին, բայց ես մտածեցի անել մի բան, որ մնայուն կլինի: Ճիշտ է, 100 օրինակը շատ քիչ է, բայց խորհրդանշական բնույթ ունի. մի քանի օրինակ արդեն հանձնել ենք Հունգարիայի կենտրոնական գրադարաններին, թանգարաններին, 23-24 հատ Հայաստանին ենք տվել»:

Միջոցառմանը ներկա Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը խոսեց գրքի, պատմության ընթացքում կատարած նրա դերի մասին. «Վերֆելն այն եզակի, ազնիվ մտավորականներից է, որ առաջին անգամ իր ցասումի ու բողոքի ձայնը բարձրացրեց ընդդեմ մարդկության դեմ կատարված ոճրագործության. ես դժվարանում եմ ասել Ֆրանս Վերֆելը հայ գրող էր թե ավստրիացի: Նա հարազատ է մեզ, և շատ դեպքերում նույնիսկ մենք սիրում ենք «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակին փաստելու համար մեր ցավի մասին, փաստելու համար այն մարդկային հրեշավոր անարդարությունը, որ գործել է մեր ժողովրդի դեմ»:

Պարոն Սրապիոնյանն անդրադարձավ նաև Հունգարիայի իշխանություններին. «Բոլորին հայտնի են մեր և Հունգարիայի միջպետական հարաբերությունները: Մենք վիրավորված ենք հունգարական պետության իշխանություններից այն վիրավորանքի համար, որ հասցվեց մեզ, քանի որ «Մուսա լեռան 40 օր» այն դատաստանագիրքն է, որը դատապարտում է սաֆարովներին, որոնք 21-րդ դարում, կացինը ձեռքներին, միջնադարյան մեթոդներով, միջնադարյան մարդասպանի բնորոշ ոճով, քնած մարդուն կարող էին կացնահարել և հունգարական արդարադատության մարմինների կողմից Ադրբեջանին հանձնվել ու հերոսացվել այս վիրավորանքը չի վերաբերում հունգար ժողովրդին»:

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հիշեցրեց,  որ գիրքը հրատարակվել է 1933թ.-ին և թարգմանվել 36 լեզուներով. «Մինչ այսօր գիրքը լույս է տեսել մեկ միլիոն օրինակով. մեկ գիրք, շիրմաքար դրվել է ամեն մեկ միլիոներորդ հայորդու չունեցած գերեզմանի վրա: Գրքի հեղինակը չկա, բայց գիրքն ապրում է, և դրա շնորհիվ ապրում է նաև հեղինակը: Ցեղասպանությունից հետո սփյուռքը փորձել է տարբեր գրքեր գրել, կինոնկարներ նկարել, բայց ինչ արեց այս գիրքը աննկարագրելի է: Այսքան մեծ ճանաչում չի բերել մեզ մեր ժողովրդի պատմությանը որևէ գիրք, կինոնկար»:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ 100 օրինակը շատ քիչ է և պետք է նորից հրատարակել. «Ֆրանց Վերֆելի գործը ինչ լեզվով, որ լույս է տեսնում, դա կարելի է ցեղասպանության մշակութային ճանաչում անվանել: Նույնը վերաբերվում է այս հրատարակությանը: Խորհրդանշական լինելուց բացի՝ սա նաև մշակութային արժեք է և կարող է հարստացնել հունգարական գրականության գանձարանը: Կարծում եմ՝ այս գործը պետք է հասանելի և ճանաչելի դարձնել նաև հունգարացի ժողովրդին»:

Վերջում Ալեքս Ավանեսյանը խոսեց ապագա ծրագրերից. «Մենք գիտենք, որ այսօրվա երիտասարդները դժվարությամբ են հաստափոր գրքեր ընթերցում, ուստի նախաձեռնել ենք նաև վեպի սյուժեով երաժշտական ֆիլմի նկարահանում: Նախնական աշխատանքներն ավարտել ենք և նախատեսել սեպտեմբերի 21-ին ֆիլմը ցուցադրել Բուդապեշտում՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ»:

Արփի Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031