Պարտադիր ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։
Ս.Համբարձումյանը, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է մարտի 24-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, մահացել` Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Նախնական քննության տվյալներով՝ զինծառայողին տարբեր առիթներով պարբերաբար վիրավորել, պատիվն ու արժանապատվությունն ստորացրել է նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կողմից այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով Ն.Չիչակյանը մարտի 29-ին ձերբակալվել է։
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին