Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը լեգիտի՞մ է արդեն, հանցագործ չի՞, չի՞ ուզում վերարտադրվի». Էդմոն Մարուքյանը՝ Զուրաբյանին

Մարտ 29,2016 17:58

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանելով  «4+4+4» ձեւաչափի հետ կապված քննադատություններին՝ ասել էր. «Մեզ քննադատում են՝ ասելով, որ այն ժամանակ, երբ գնում էինք Սահմանադրությունը քննարկելու, նկատի ունեն այն ֆոտոսեսիաները, դուք մեզ մեղադրում էիք, որ գնում ենք քննարկելու դա իշխանության հետ, հիմա էդ ո՞նց է լինում, որ դուք եք գնում քննարկելու իշխանության հետ: Սա պարզ դեմագոգիա է: Ամենակարեւորն այն է, որ նա Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ սա հանրության օրակարգն է: Սահմանադրական փոփոխությունների օրակարգը Սերժ Սարգսյանն էր մտցրել՝ վերարտադրման նպատակով»:

Այդ քննադատության հեղինակը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը. «Իրականում պարզ դեմագոգիա են հենց այդ հիմնավորումները, որովհետեւ չի կարելի այդպես բառախաղ անել: Եթե Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունը բխում է Սահմանադրական փոփոխություններից, հետեւաբար դա եւս Սերժ Սարգսյանի օրակարգն է: Եթե Սերժ Սարգսյանի օրակարգին իրենք չեն մասնակցում, ուրեմն պետք է նաեւ չմասնակցեին Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Այլ բան է, որ կարելի է անկեղծ լինել ու անկեղծ ասել, որ այն ժամանակ քննադատել ենք, սխալ ենք արել, հիմա գտնում ենք, որ ճիշտ է մասնակցելը: Ես կարծում եմ, որ մասնակցելը միշտ ճիշտ է, մասնակցել ինչ-որ մի բանի ու փորձել մի բան փոխել: Մենք Սահմանադրական բարեփոխումների ժամանակ այդ սկզբունքով էլ շարժվել ենք՝ առաջարկություններ ենք ներկայացրել, հանդիպել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ասել, որ այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է՝ ոչինչ չի փոխվում»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանն ասել է՝ Սահմանադրական փոփոխությունները կապ չունեն Ընտրական օրենսգրքի հետ, մեկը մյուսի շարունակությունը չեն, որովհետեւ Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանն է արել, որ վերարտադրվի, իսկ Ընտրական օրենսգիրքը փոփոխելը հանրության պահանջն է՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Վա՜յ, լավ, էլի՜: No comment: Ի՞նչ ասեմ, եթե տենց պետք է հիմնավորեն իրենց մասնակցությունը: Ես ասում եմ՝ լավ են անում, որ մասնակցում են, բայց պետք է արդար լինել: Այն ուժերին, որոնք մասնակցում էին եւ իրենք պիտակավորում էին, հիմա իրենք են մասնակցում: Իրենք ասում էին՝ իշխանությունը լեգիտիմ չի, իր ռեժիմն է ուզում վերարտադրի, հանցագործ իշխանություն է, իր հետ պե՛տք չի որեւէ բան բանակցել: Հիմա ես հարց եմ ուզում տալ՝ իշխանությունը լեգիտի՞մ է արդեն, հանցագործ չի՞, չի՞ ուզում վերարտադրվի: Այսինքն, իրենք իրենց ասածների գերին են դարձել, հետեւաբար պետք է ուշադիր լինել երբ ինչ ես ասում, որ քո ասածին գերի չդառնաս»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հրավիրել էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որ մասնակցեն քննարկումներին՝ դիտորդի կարգավիճակով: Նա պատասխանեց, որ կուսակցությունում կքննարկեն, կպատասխանեն, միանձնյա որոշում չի կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aren says:

    Երևի նույն Էդմոն Մարուքյանը չէր, որ Սահմանադրականի ժամանակ խելոք գնաց նախագահի մոտ, էտ ֆոտոսեսիային մասնակցեց

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031