Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը փոխել է նախկին ոստիկանապետի պատժաչափը

Մարտ 29,2016 17:52

Այսօր՝ մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով հինգ տարվա ազատազրկման դատապարտված Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով չորս տարվա ազատազրկման դատապարտված Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով վեցուկես տարվա ազատազրկման դատապարտված «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին ազատ արձակել: Այս տեղեկությունը հաստատեց Անդրանիկ Ազիբեկյանի տիկինը՝ Քրիստինեն:

Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում դեռեւս տեղադրված չէ վերաքննիչ դատարանի կայացրած իրավական ակտը:

Նշենք, որ 2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման:

Նույն օրը Բաղանիս գյուղում Կոթիի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան: Ա. Խոջումյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել է նրա դատավճիռը բեկանել, նրան ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ա. Ավետիսյանի պաշտպանը խնդրել է բեկանել նրա դատավճիռը, նրան ճանաչել անպարտ եւ արդարացնել կամ Ա. Ավետիսյանին ազատազրկման ձեւով նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 64 հոդվածի կարգով մեղմացնել, պատիժ նշանակելու դեպքում, օրենքով սահմանված դեպքում ավելի մեղմ պատիժ նշանակել կամ՝ հոդվածի սանկցիայով նախատեսվածի նվազագույնը, միաժամանակ ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ նշանակելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Ա. Ազիբեկյանի պաշտպանը խնդրել է բեկանել դատավճիռը, նրան հռչակել անպարտ եւ արդարացված կամ Ա. Ազիբեկյանի արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական եւ նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր.-ի համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափը, իսկ եթե այդ պատժաչափը լինի ազատազրկման ձեւով պատիժը, ապա նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, վերը նշված խնդրանքները բավարարելն անհնարին լինելու դեպքում բեկանել դատավճիռը եւ այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ա. Ազիբեկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում: Սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը՝ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից Արմեն Ազիբեկյանը 1991թ. մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակումից Ոսկեպարի անտառում զոհվել է: Նա իր ծառայակից ընկերների հետ գնում էր սահմանը պաշտպանելու:

Անդրանիկ Ազիբեկյանի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ: 43-ամյա Անդրանիկ Ազիբեկյանը 3 տղա ունի, որից ավագն այժմ ժամկետային զինծառայության մեջ է, կրտսերը՝ 2 տարեկան :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031