Բրիտանական խորհուրդն այսօր ամփոփեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որը կազմակերպել է ՀՀ-ում բրիտանական դեսպանատան եւ Beeline-ի աջակցությամբ: Կազմակերպիչներն արձանագրեցին, որ այս տարի բրիտանական ֆիլմերի հանդեպ հայ հանդիսատեսի հետաքրքրությունն ավելացել է. «Երեւանում եւ մարզերում մոտ 25.000 մարդ է դիտել ֆիլմերը: Ցուցադրվեցին 2015 թվականի լավագույն բրիտանական ֆիլմերը: Այս տարի յուրաքանչյուր ֆիլմ երեք անգամ ցուցադրվեց, եւ դահլիճները լեփ-լեցուն էին, այսինքն, փառատոնը սպասված միջոցառում է դարձել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Նա ընդգծեց, որ փառատոնի ծրագիրը կազմելուց ընտրվել են բազմաբնույթ ֆիլմեր, որպեսզի յուրաքանչյուրը դիտի իրեն հետաքրքրող ֆիլմը. «Օրինակ, Էմի Ուայնհաուսի մասին ֆիլմը բավականին հայտնի դարձավ, նաեւ «Օսկար»-ի արժանացավ: Արձագանքները շատ էին: Օգտատերերն անգամ մեր ֆեյսբուքյան էջում կիսվում էին տպավորություններով»:
Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաեւ ֆիլմերի գրախոսականի մրցույթ: Գլխավոր մրցանակին արժանացած Սեգ Կիրակոսյանը եւ Արտակ Վարդանյանն այսօր պարգեւատրվեցին: Արտակ Վարդանյանի գրախոսականը «Էմի» ֆիլմի վերաբերյալ է: 27 տարեկանում կյանքից հեռացած Էմի Ուայնհաուսի մասին փաստավավերագրական ֆիլմն, Արտակի բնորոշմամբ, մոտ է հեռաուստալրագրությանը. «Այդ ֆիլմում պահպանվել են լրագրողական էթիկայի բոլոր կանոնները: Ինքս էլ Ուայնհաուսի երկրպագու եմ: Գրախոսականիս ուղերձն է այն, որ լրագրողները կարող են տապալել արտիստի կյանքը, բարձրացնել այն վերեւ, կամ այնպես անել, որ սայթաքի: Այս ֆիլմով էմիին նորովի ես ճանաչում: Հասկանում ես, որ նա չէր ուզում փառք եւ ճանաչում, այդ ամենն արել են լրագրողները եւ այն մարդիկ, որոնք պայմանագրեր են կնքել: Նա ուզում էր մի հասարակ ակումբում ջազ երգել… Կինոքննադատներն այս ֆիլմին բարձր գնահատական են տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մրցույթներ կազմակերպելուց բացի, Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի Երեւան էր հրավիրել բրիտանացի արվեստագետ Սայմոն Ուիլքինսոնին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ