Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում զինված միջադեպի ժամանակ կրակոցներ են արձակվել Ղազարյան եղբայրների ուղղությամբ, որոնցից մեկը սպանվել է. քրեական գործն ուղարկվել է դատարան

Մարտ 29,2016 17:00

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում զինված միջադեպի ժամանակ Կնյազ Ղազարյանի սպանության, եղբոր՝ Գագիկ Ղազարյանի նկատմամբ սպանության փորձի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է Ղազարյան եղբայրների ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 7-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, նրանց թվում՝ Ղազարյան եղբայրները՝ հրազենային կոտորակային վնասվածքներով, որոնցից մեկն օրեր անց մահացել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ղազարյան եղբայրների հետ Գյումրիի Մյասնիկյան փողոցում վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանը՝ նախկինում առաջացած տարաձայնությունների կապակցությամբ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանից Ա.Գրիգորյանը դեպքի վայրում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել Կնյազ ու Գագիկ Ղազարյանների ուղղությամբ՝ սպանելու դիտավորությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներով եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Կ.Ղազարյանը 2015 թվականի մարտի 11-ին մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Քրեական գործի նախաքննությունը մեղադրյալ Ա. Գրիգորյանի մասով ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:

Գյումրիում զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, խուլիգանության, մարմնական վնասվածքներ պատճառելու մասով, շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031