Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան հետաքրքրված է հայկական ծառատեսակներով և մշտական տեղ է հատկացրել նրանց

Մարտ 29,2016 16:56

Դորթմունդ քաղաքի բուսաբանական այգում Հայաստանն արդեն իր բաժինն ունի: «Ռոմբերգպարկն» իր 64 հա տարածքով Գերմանիայում մեծությամբ առաջինն է: Իր տեսակով սա համարվում է աշխարհի չորրորդ խոշոր բուսաբանական այգին, որտեղ ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները: Եվ ահա այս այգու 3 հա տարածքում այսուհետ կներկայանա Հայաստանն իր ծառատեսակներով:

Dortmund_2

Նախաձեռնության հեղինակ Ազատ Օրդուխանյանի հավաստմամբ, Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնող բաժինը կլինի ամենամեծերից մեկը: Տարածքով այն ավելի մեծ կլինի, քան օրինակ` Արգենտինայի, Բրազիլիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի բաժինները: Սա հնարավորություն կտա ըստ պատշաճի ներկայացնել մեր երկրի բուսականությունը: «Այս տարածքը ստանալու համար անցած տարի օգոստոսին Ակադեմիական միությունը դիմեց, իրենք հատկացրեցին: Մեզ այս հարցում աջակցել են նաև  Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (CDU) մեր ընկերները»:

Dortmund_3

«Ռոմբերգպարկը» ոչ միայն բուսաբանական այգի է, այլ նաև խոշոր գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այն հիմնադրվել է 1818 թ. Ռոմբերգ ընտանիքի կողմից և, ի տարբերություն շատ գերմանական այգիների, կցված չէ որևէ համալսարանի: 1926-ին ընտանիքը հանձնել է այգին քաղաքին, պայմանով, որ այնտեղ պետք է տեղի ունենան մշակութային ծրագրեր: Ձեռք բերված պայմանավորվածությունն առ այսօր շարունակվում է: Այստեղ իրականցվում են մեծ փառատոներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և այլն: Բույսերն ուսումնասիրելու համար այգի են գալիս մասնագետներ ամենատարբեր վայրերից, իսկ ուսանողներն ու աշակերտներն էլ դասեր ու գործնական պարապմունքներ են անում:

Հայկական կողմն էլ իր հեթին ձեռք է բերել հետևյալ պայմանավորվածությունը. «Մենք, երեք հա վրա տնկում ենք հայկական ծառեր, իրենք հայերի համար տրամադրում են անվճար բնակարանային պայմաններ և անվճար ուսուցում: Եթե Հայաստանից ցանկացող լինի տեղի բույսերն ուսումնասիրելու, որ գան, մեր միջնորդությամբ այստեղ ապրեն և մասնակցեն ուսումնական պրոցեսին` գործնական և տեսական, դա վերաբերվում է բնապահպաններին և բուսաբաններին: Իրենք տարբեր ծրագրեր են առաջարկում, ուսումնասիրելու մեթոդները, թե ինչպես են իրենք ծառերը խնամում և այլն, և այլն: Մենք կարող ենք օգնել, որ հայ ուսումնասիրողն օգտվի պատրասի կրթվելու այդ հնարավորությունից»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Օրդուխանյանը:

Դորթմունդի «Ռոմբերգպարկի» հայկական բաժնի ծառատունկը տեղի կունենա ապրիլի 12-ին: Հայաստանից այստեղ են բերվելու թե’ պտղատու և թե‘ դեկորատիվ թփուտներ ու ծառեր` արաքսյան կաղնի, եփրատյան բարդի, աճարենի, թխկի, լորենի, մայրի, սոսի, փշատենի, խնձոր, տանձ, կեռաս, ծիրան, դեղձ, սերկևիլ, թուզ և այլն: Օրերս սիմվոլիկ ձևով երեք սոսի և երեք ընկուզենի տնկելով` Հայ ակադեմիականների միությունը այգու և քաղաքի որոշ  ղեկավարների հետ հիմք դրեց «Հայաստան»  բաժնին:

Dortmund_4

«Սա անում ենք, որ հաջողվի Երևանի և Դորթմունդի գործընկերությունը,- ասում է պարոն Օրդուխանյանը,- Պատրաստվում ենք ամռանը մեծ շուքով այգու բացումն անել: Մեր այս ծառատունկերն ընթանում են Բունդեսթագի նախագահ պրոֆ. Նորբերտ Լամմերթի հովանու ներքո: Իրեն էլ ենք հրավիրել, նաև այլ պաշտոնյաների, տեսնենք, որ օրը բոլորին հարմար կլինի, ըստ այդմ էլ կկազմակերպենք բացման արարողությունը»:

Հայաստանն այս միջոցառման շնորհիվ նախ մեծ ներկայություն է դառնում գերմանական խոշոր այգում` որպես հին մշակույթի երկիր: Ընթացքում կհստակեցվի նաև երկու կողմի այգիների գործընկեր դառնալու հարցը: Պարոն Օրդուխանյանի համոզմամբ, այս այգին Հայաստանին շատ օգուտ կբերի, որովհետև մենք, ցավոք, այն համապատասխան անհրաժեշտ պայմանները չունենք, որ մեր երկրում ուսումնասիրվեն ծառերի բոլոր առանձնահատկությունները: Նաև այդ նպատակով է միությունը նման պայմաններ ստեղծում:

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sargis says:

    я уверен, что с каждым днем нашего существования наш народ больше и больше творит хорошего подчеркивая етим нашу сущность и характер.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031