Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանին Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումը չի հիացնում:
«Խնդիրն այն է, որ Պալմիրայում պարտված ջիհադիստական բազմությունը սահում է Թուրքիա»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում լրագրողներին ասաց նա:
«Մեր տեղեկություններով` Ադրբեջան են մտել ջիհադիստներ: Երբ Թուրքիայի կողմից ռուսական կործանիչը խփվեց, նույն օրը Ադրբեջան այցելեց Դավութօղլուն եւ պնդեց, որ Ադրբեջանը պետք է լայնամասշտաբ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Սա փաստ է, որը թաքուն չէ: Նախիջեւանը բաց դարպաս է` բոլորս լավ գիտենք: Վրացական հատվածն էլ թուրքական տնտեսական հարթակի է վերածվել: Թուրքիայի քաղաքականությունը տեսել են Սիրիայի հայաբնակ թաղամասերում: Էթնիկական զտումը եւ ցեղասպանությունը շարունակվում է` մարդկանց խաչելություն, հրկիզում, ջրի մեջ խեղդել… Այսօր մտածում ենք, թե ամեն ինչ փոխվել է Թուրքիայի պարագայում, բայց այս խնդիրը պետք է բարձրացնել»,-ասաց Վարդան Խաչատրյանը:
Նա չի կարծում, թե միգրացիոն ճգնաժամի լուծման նպատակով եվրոպական երկրներն ի վերջո կատարելու են Թուրքիայի պայմանները. «6 միլիարդը Թուրքիային տալու են առանց Եվրոպա վիզայի ռեժիմի : Եթե երկու միլիոն փախստականից է Եվրոպան սարսափահար, ապա 5 միլիոն է մտնելու եւ դուրս չգա: Այսինքն, Եվրոպան ընկնելու է «գիլիոտինի» տակ: Այնպես որ, երեւույթը ժամանակավոր կանգնեցնելու եւ վերադասավորվելու համար Եվրոպան տվել է այդ գումարը Թուրքիային»:
Կարդացեք նաև
Խաչատրյանի խոսքով` Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը փոխվել է. «Թուրքիան լավ ենթարկվող դաշնակիցներից չէ Եվրոպայի համար»:
Ինչ վերաբերում է քրդերին իր երկրի տարածքից արտաքսելու Թուրքիայի ծրագրին, կրոնագետը նկատեց, որ քրդերը Թուրքիայի տարածքը համարում են իրենց պատմական հայրենիքը. «Թուրքիայի համար մղձավանջ է պատկերացնել, որ արտերկրում գոյություն ունեցող քրդական ինքնիշխանությունները կմիավորվեն իր դեմ: Թուրքական բանակն ուժեղ է, բայց երեսուն տոկոսով բաղկացած է քրդերից: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ այդքանին կարտաքսեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ