Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Հանրապետականի իշխանությունը պահպանելու համա՞ր են

Մարտ 29,2016 15:52

«Նախագահական ընտրությունների պարագայում շատ հնարավոր էր, որ Հանրապետական կուսակցությունը չունենար այն թեկնածուն, որն առանց կասկածի կհաղթեր։ Դրան նախորդեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե մենք համակարգը փոխում ենք, բայց ՀՀԿ-ն երկար տարիներ, լուրջ տարիներ դերակատարում է ունենալու, այսինքն իշխանության մեջ է մնալու»,- այս մասին «Հայելի» ակումբում ասաց նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի նախաձեռնության ոգին իշխանությունը պահպանելու համար է։ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հակադարձեց, թե սա Հանրապետականի նախաձեռնությունը չէր եւ 10 տարի կուսակցությունները սա էին պահանջում։

«10 տարի Հանրապետական կուսակցությունը դա չէր ընդունում եւ այժմ, մի գիշերում, ընդունեց։ Տարօրինակ կլիներ, եթե Հանրապետականն ասեր, թե Սահմանադրություն է փոխել, որ մնա։ Պարզ է, որ չպետք է ասեր։ Հնարավոր է ես սխալ եմ, դատավորը ես չեմ։ Ընտրական օրենսգրքի ոգին էլ է նույնը։ Ինչպե՞ս անել, որ Հանրապետականը չկորցնի իշխանությունը։ Այդ տեսանկյունից այն համապատասխանում է ոգուն»,- արձագանքեց Վիգեն Խաչատրյանը։

Նա կարծում է, որ այսօր տեղի ունեցող բոլոր բանավեճերն օգտակար են, սակայն ցանկալի կլիներ, որ կուսակցություններն օրինական ձեւով իշխանությունը պահեին կամ ստանային. «Ինքնանպատակ չէ, որ ինչ-որ կուսակցություն անպայման հեռանա: Եթե ժողովուրդը կորոշի, որ ինչ-որ մեկը մնա իշխանության, դա ողջունելի է, եթե որոշեն ուրիշը պետք է գա, դա նույնպես ողջունելի է»։

Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ ընդդիմության պահանջը ճիշտ է. «Եթե մի գյուղապետի տեղակալ կարում է 350 ձայն կեղծել եւ գործը հասնում է դատարան, ինձ մոտ հարց է առաջանում, թե քանի՞ այդպիսի գյուղապետի տեղակալ է եղել Հայաստանում։ Ցուցակները հրապարակելու պահանջը ճիշտ է, քանի որ եթե դուք ցանկանում եք օրինական իշխանություն պահել, հենց դուք պետք է դա անեք։ Ես կարող եմ գալ ցուցակները նայեմ ու ասեմ, որ այս 100 մարդը գոյություն չունեն, ո՞նց եք քվեարկել»։

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ երբ քննարկումներ են սկսում, այլ ձեւաչափի առաջարկ է լինում. «Հետո մի ուրիշ խումբ հայտարարում է, թե իրենք ով են, որ ձեւաչափ առաջարկեն։ Հիմա իշխանությունն է նախաձեռնել, ասում ենք եկեք հասկանանք, թե ում հետ պետք է քննարկենք։ Բոլորը միայն բանավոր են ասում, գրավոր առաջարկ չեն ներկայացնում։ Ինչ վերաբերվում է ցուցակներին, մենք իզուր տեղը փորձում ենք հերթական անգամ ԸՕ-ի քննարկումից առաջ մեր ժողովրդի մեջ անվստահություն սերմանել։ Եթե մենք ընտրությունները հատուկ սարքերի միջոցով ենք անում, այլեւս խնդիր չկա մտածելու, թե մեկը մյուսի փոխարեն կարող է քվեարկել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031