Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դմիտրի Ադբաշյան. Օդանավակայանի նոր մասնաշենքը չի կարող միաժամանակ մի քանի մեծ ինքնաթիռ ընդունել (Տեսանյութ)

Մարտ 29,2016 15:44

«Մեր օդանավակայանի այսօր գործող ուղեւորային համալիրը նախատեսված է սպասարկելու ցանկացած տիպի օդանավերի»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց «Արմենիա միջազգային օդանավակայանների» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

Այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը մտահոգություն էր հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը չի կարող միաժամանակ մի քանի մեծ ինքնաթիռ սպասարկել:

Ըստ պարոն Ադբաշյանի, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մոտ կան 14 ինքնաթիռների համար կայաններ, որոնք կարող են սպասարկել անգամ կես կիլոմետրանոց օդանավեր: Ըստ ավիատորի, շենքի աշտարակն այնպես է հաշված, որ բարձրությունն ուղիղ 61 մետր է եւ մտնում է սահմանափակումների մեջ. «Այսինքն` այնպես են ընտրել այդ թիվը, որ դիսպետչերը, որը նստած է վերեւում, իր աչքով ամբողջ հորիզոնը կարող է տեսնել ու կառավարել բոլոր պրոցեսները, որոնք թռիչքի ժամանակ տեղի են ունենում օդանավի հետ»:

Մինչդեռ, ըստ Դմիտրի Ադբաշյանի, նորակառույց մասնաշենքն այդպիսի հնարավորություններ չունի: Նա համոզված է, որ «Զվարթնոցի» կլոր շենքը միջազգային պահանջներին հարմարացնելու դեպքում տասն անգամ ավելի էժան կնստի շահագործողի վրա, քան նոր մասնաշենքի կառուցումն է:

Չնայած պարոն Ադբաշյանի կարծիքով կլոր շենքը թերություններ էլ ունի. չկա մաքսատուն եւ այլ հարակից կառույցներ, ինչի հետեւանքով էլ շենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Բայց պարոն Ադբաշյանն ասաց, որ շենքի ամրությունը չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն կառուցված է այնպես, որ չվնասվի:

Հարցին, թե ինչո՞ւ են ուզում նոր շենք կառուցել, եթե կլոր շենքը տասն անգամ ավելի էժան կնստի շահագործողի վրա, եթե համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, պարոն Ադբաշյանն ասաց, որ ինքն էլ է ուզում իմանալ այդ հարցի պատասխանը:

Վերլուծելով Դուբայ-Դոնի Ռոստով ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառները՝ պարոն Ադբաշյանն ասաց, որ որոշ ապացույցներ վկայում են, որ խառնաշփոթ է ստեղծվել որոշ տեխնիկական պատճառներով եւ օդաչուները չեն կարողացել խառնաշփոթից գլուխ հանել եւ իրավիճակից ճիշտ դուրս գալ:

Պարոն Ադբաշյանի խոսքերով, օդաչուներին պետք է այնպես պատրաստել, որպեսզի կարողանան խուճապի չմատնվել եւ ինչ-որ կախված է իրենցից` փորձեն ցանկացած իրավիճակից դուրս գալ:

Մանրամասները՝  տեսանյութում

Նրա համոզմամբ, խորհրդային արտադրության ինքնաթիռներն ավելի հզոր եւ ապահով են, իսկ արեւմտյան արտադրությանը` տնտեսող:

Ավիատորը աբսուրդ է համարում սեփական քաղաքացիական ավիացիա եւ օդային օրենսգիրք չունենալը. «Մենք միակ երկիրն ենք, որ օդային օրենսգիրք չունենք: Ղարաբաղի պատերազմի տարիներին Հայաստանը տասնյակ ինքնաթիռներ ուներ, 60-ից ավելի օդաչուներ: Բաքվի ջարդերի ժամանակ ամեն մի օդանավը 300 մարդ էր տեղափոխում Հայաստան, այդ ո՞ր օտարերկրացի օդաչուն նման պայմաններում օդ կբարձրանար: Այդ օրերին կրակահերթի տակ հարյուրավոր թռիչքներ էին կատարվում: Ղարաբաղ զենք էին տեղափոխում, այնտեղից վիրավորների բերում: Այսօր ո՞վ է հիշում այդ օդաչուներին, մեկն Աֆրիկա է, մյուսը Ղազախստան եւ այլն: Երկիրը, որը չունի իր ավիացիան, չի կարող լինել անկախ պետություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031