Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Ալ-Բուստանում» հայ երաժիշտներին շատ ջերմ ընդունեցին»

Մարտ 29,2016 15:01

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) այս տարի ևս՝ երրորդ անգամ անընդմեջ մասնակցեց Բեյրութում անցկացվող ավանդական «Ալ-Բուստան» հանրահայտ միջազգային փառատոնին՝ որպես պաշտոնական նվագախումբ։

Ստորև ներկայացվում է հարցազրույց ՀՊԵՆ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։

– Մաեստրո Սմբատյան, ո՞րն էր այս տարվա փառատոնի յուրահատկությունը։

-Պետք է նշեմ, որ այս տարի երիտասարդական նվագախումբը հանդես եկավ մի շարք երիտասարդ, սակայն արդեն համաշխարհային հռչակ վայելող կատարողների հետ, ինչպիսիք են երգչուհի Աննա Կասյանը (Վրաստան), ջութակահարուհի Լետիսիա Մորենոն (Իսպանիա), թավջութակահար Էդգար Մորոն (Ֆրանսիա)…

Բավական է ասել, որ ներկայումս Աննան հանդես է գալիս լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտիի գրեթե բոլոր ներկայացումներում։ Նա բնակվում է Թբիլիսիում, Մայր Հայաստանում, ավաղ, երբեք չի եղել, սակայն հույս ունենք, որ այս տարի նա Երևանում հանդես կգա մեր նվագախմբի հետ։ Աննան իսկական «օպերային դիվա» է, և փառատոնը եզրափակող գալա-համերգում նա պարզապես ցնցեց դահլիճը:

Անթերի էր թավջութակահար Էդգար Մորոն, դաշնակահարուհի Գլորիա Կամպաները Իտալիայից հրաշալի կատարեց Բեթհովենի համերգը մեր նվագախմբի հետ, Լետիսիա Մորենան, ում հետ անցած տարի Վարշավայում Պենդերեցկու փառատոնին կատարեցինք Շոստակովիչ, այս անգամ հիանալի հանդես եկավ Վենյավսկու համերգով։

Հիշվեց նաև այսօր մեծ համբավ վայելող դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինի (Ռուսաստան) մենահամերգը՝ Սկրյաբին, Ռախմանինով, Պրոկոֆյեվ։ Մինչ այդ լսել էի իր կատարումների ձայնագրությունները, և այս հիրավի ֆենոմենալ համերգից հետո հաստատ որոշեցի, որ այս տաղանդավոր դաշնակահարին ևս պիտի հրավիրենք Հայաստան՝ մեր նվագախմբի հետ համերգ տալու։

Ինչպես միշտ, մենք կատարեցինք հայ կոմպոզիտորների գործերը․մեծն Խաչատուրյան, նաև՝ Ջոհն Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմը»։

Ընդամենը տաս օրում ՀՊԵՆ-ը նվագեց վեց համերգ, և բոլորն էլ՝ տարբեր ծրագրերով։

Համաձայնե՛ք, որ սա բավականին խոսուն ցուցանիշ է։ Ավելացնեմ, որ այս տարի լրանում է մեծն Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակը, ուստի փառատոնը չէր կարող անտեսել այս հիշարժան տարելիցը։ Այսպես, մենք կատարեցինք Էլգարի «Ֆալստաֆը», Չայկովսկու «Համլետը», «Ռոմեո և Ջուլիեթը»։

Ես և փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչանոն ղեկավարեցինք Երիտասարդական նվագախմբի երեքական համերգ։

– Իսկ ինչպե՞ս ձեզ ընդունեց հանդիսատեսը։

– Լեցուն դահլիճներ էին, հանդիսատեսը շատ ջերմ էր, բնականաբար, շատ հայեր կային։ Կարևորն այն է, որ մենք՝ անհամեստություն չհամարեք՝ մեր կատարումներով կարողանում ենք օտար հանդիսատեսի մոտ բարձր կարծիք ստեղծել Հայաստանի մշակույթի մասին։

Ի դեպ, դրա մի վկայությունն էլ այն է, որ մենք հրավեր ստացանք հաջորդ տարի ևս որպես պաշտոնական նվագախումբ մասնակցել «Ալ-Բուստան» փառատոնին։ Կրկնեմ. այսօր աշխարհում բնավ հեշտ չէ գտնել նվագախումբ, որը բարձր մակարդակով կատարեր վեց համերգ տաս օրում, այն էլ՝ տարբեր ծրագրերով, և, ինչ խոսք, փառատոնի հոգաբարձուների խորհրդի անդամները դա գնահատեցին ըստ արժանվույն։

-Հիմա խոսենք մոտակա ծրագրերի մասին:

– Այս պահին դրանցից գլխավորը ապրիլի 24-ին Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությունն է, և ՀՊԵՆ-ը արժանացել է այդտեղ հանդես գալու պատվին։

Այս կապակցությամբ թույլ տվեք հիշեցնել, որ անցյալ տարվա ապրիլի 24-ին հանդես եկավ մեր նախաձեռնությամբ ստեղծված 24/04 նվագախումբը։

Վերադառնալով «Ալ-Բուստան» փառատոնին, կուզենայի հատուկ ընդգծել դրա գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչանոյի դերը փառատոնի հաջողված լինելու մեջ, նաև այն, որ նա փայլուն ղեկավարեց ՀՊԵՆ-ի երեք համերգները։

Ի դեպ, մաեստրո Մարչանոն ապրիլի 4-ին Օպերայի և բալետի թատրոնում կղեկավարի «Նորմայի» նորացված բեմադրությունը՝ դա երջանկահիշատակ վաղամեռիկ մաեստրո Գեղամ Գրիգորյանի ցանկությունն էր, որ «Նորման» և «Տոսկան» ղեկավարի հենց Ջանլուկան․․․

Ջ. ՉԱԽԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031