Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի հետ հանդիպելու համար: Նախորդ հինգշաբթի կառավարության դիմում-նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն էր նրանց ասել, որ այսօր վարչապետը բնակիչներից մի քանիսին ընդունելու է: Տևական ժամանակ սպասելուց հետո կառավարության ներկայացուցիչներից և ոչ մեկն այդպես էլ նրանց հետ չհանդիպեց: Ալեքսանդր Ղազարյանը բնակիչների հետ միայն հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ հանդիպում չի լինելու:
«Արդեն 5-րդ ամիս է, որ գալիս ենք, խնդրում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, մեր հարցերին պատասխան տա, բայց ոչ ընդունում է, ոչ էլ լսում: Մենք այսօր հայտնվել ենք սարսափելի վիճակի մեջ՝ չգիտենք էլ արդեն ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք: Ալեքսանդր Ղազարյանն էլ մեզ նորից նույն բանն է ասում, ինչ նախորդ անգամ, թե վարչապետը դեռ ոչինչ չի պատասխանել, դեռ պետք է խորհրդակցություններ լինեն, ձեր հարցին պետք է լուծում տանք, դրանից հետո նոր ձեզ պատասխան կտանք, գնացեք ձեր տները նստեք մինչև այդ խորհրդակցությունը լինի, նոր ձեզ կտեղեկացնենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում իր և Ալեքսանդր Ղազարյանի հեռախոսազրույցի մանրամասները փոխանցեց բնակիչներից Ալլա Համբարձումյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ