Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը կներկայացվեն հանրային լայն քննարկման

Մարտ 29,2016 13:45

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության համայնքային 1 ծառայողի նկատմամբ էլ կիրառվել է կարգապահական նկատողություն:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջնականապես կարգաբերվել է էլեկտրոնային կարգով քաղաքաշինական փաստաթղթերի համար նախատեսված դիմումները ներբեռնելու գործընթացը: Հանձնարարվել է գործընթացի իրազեկման հարցում լինել առավել ակտիվ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 1 դեպք է արձանագրվել: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը հատկապես բակային տարածքներում և գետնանցումներում ապօրինի առևտրի դեպքերը կանխելու ուղղությամբ:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 71 վարչական արձանագրություն է կազմվել: Այս ուղղությամբ «Սանիթեք» ընկերությանը և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է աղբահանությանը զուգահեռ, ուշադրության կենտրոնում պահել նաև սանիտարական մաքրման աշխատանքները:
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման աշխատանքները: Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները; Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաև Ծիծեռնակաբերդի հարակից լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում ևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031