Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում արտահայտել է մի անընդունելի համոզմունք, որ ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն:
Հարկ ենք համարում պրն. Փափազյանին իրականության դաշտ հրավիրել, հիշեցնելով, որ նա արտահայտել է միանգամից մի քանի ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր:
1. ՀՅԴ-ն սփյուռք չէ, և սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, և որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել իր կարևոր դերը և նշանակությունը, որը մենք ընդունում և հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը և ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, և դրանից ոչ ավելի: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ինչպես Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը Հայաստանն է մոնոպոլիզացրել, այնպես էլ ՀՅԴ-ն է սփյուռքը փորձում մոնոպոլիզացնել՝ իրեն ներկայացնելով որպես դրա միակ տերն ու տնօրենը:
2. ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որևէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այն պարզապես պայմանավորված է հայաստանյան ՀՅԴ վերնախավի իշխանական աթոռներ ձեռք բերելու պատեհապաշտությամբ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ձևով իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատևելու համար, և այդ ընթացքում հնարավոր ՀՀԿ ներքին և արտաքին մրցակցություններին դիմակայելու նպատակով, Սերժ Սարգսյանին հարկավոր են նոր դաշնակիցներ: Եվ այս դերում հայաստանյան դաշնակցական ղեկավարները տեսան իրենց՝ մոռանալով, որ իրենք այս նույն իշխանություններից հեռացել էին նրանց վարած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման քաղաքականության պատճառով:
Կարդացեք նաև
3. Երրորդ և ամենացավալի կեղծիքը այն է, որ պրն. Փափազյանը ՀՀ իշխանություններին ընդունում և ներկայացնում է որպես օրինական իշխանություններ, և հպարտանում է, որ իր կուսակցությունը դրա մաս է կազմում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել են ընտրակեղծիքների և արյան միջոցով, և շարունակում են իշխել ընտրակեղծիքների միջոցով: Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեն, որը նույնպես ՀՅԴ-ն ներկայացնում է որպես հպարտության արժանի ձեռքբերում, ՀՀ պատմության մեջ ընտրակեղծարարության ամենախայտառակ դեպքերից մեկն էր:
Կեղծիքը, իշխանության ապօրինի զավթումը և դրան միանալը որևէ կերպ սփյուռքի հետ կապ չեն կարող ունենալ և սփյուռքի բարօրությանը չեն կարող նպաստել: Սփյուռքը երբեք չի ցանկացել և չի ցանկանա մաս կազմել ապօրինի, հանցագործ իշխանության, որը ոտնահարում է իրենց հայաստանյան եղբայրների և քույրերի իրավունքները և աղքատության է մատնում բնակչությանը:
Ափսոսանք ենք հայտնում՝ տեսնելով ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը, որը ընդունելի չէ ոչ սփյուռքում, ոչ Հայաստանում և ոչ էլ նույնիսկ շարքային ազնիվ դաշնակցականներից շատերի համար : Հարգելով հանդերձ սփյուռքում գործող ցանկացած կուսակցության և անհատի սեփական դիրքորոշումը, ՀՅԴ ղեկավարությանը առաջարկում ենք ՀՅԴ-ն չներկայացնել որպես սփյուռք և ՀՅԴ կուսակցական քարոզչությունը չներկայացնել որպես սփյուռքի դիրքորոշում:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Խնդիր չունիմ այստեղ ՀՅԴ-ի մասին արտայայտուած զանազան կարծիքների հետ:
Միայն թէ, խորապէս անտրամաբանական, ինքնահակասական է՝ յատկապէս այս յայտարարութիւնը եւ ընդհանրապէս այս խմբակին կեցվածքը:
Թէ որ, լաւ, ՀՅԴ-ն չի ներկայացնում համայն Սփիւռքը: Հապա դո՞ւք էք աւելի շուտ ներկայացնում զայն… Քանզի վերեւ արդէն, բազմիցս, խօսում էք Սփիւռքի անունով:
Իսկ ամէն դէպքում, երեւի ՀՅԴ-ն մի քիչ աւելի մեծ թիւով Սփիւռքահայեր կը ներկայացնէ, քան թէ այս ուրուական «կազմակերպութիւնը»:
Հարգելի Հ.Շ.,
Ինչպես նշել ենք, սփյուռքը բազմազան է, որի մեջ մտնում են շատ մարդիկ որոնք որևէ կուսակցական կողմնորոշում չունեն՝ ոչ դաշնակ են, ոչ հնչակ, ոչ ռամկավար և ոչ էլ մեկ այլ բան: Այդ սփյուռքի մեջ նաև մենք ենք մտնում՝ Հայկական Վերածնունդը: ՀՅԴ-ն այս բոլորին չի ներկայացնում և բոլորի անունից չի կարող խոսել: Մենք նույնպես սփյուռքի անունից չենք խոսում՝ չէ որ մենք ասում ենք, որ սփյուռքը բազմազան է: Եվ ոչ ոք չի կարող խոսել ամբողջ սփյուռքի անունից: Մենք ընդամենը դա ենք ասում, և եթե նորից որևէ մեկ կուսակցություն խոսի ամբողջ սփյուռքի անունից մենք իրավունք ունենք հիշեցնելու որ սխալվում են: Այդքան բան:
Մնաք բարյավ: