Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթի» պատվիրակները կմեկնեն Բաքու՝ համոզելու

Մարտ 29,2016 12:23

Բրյուսելում անցած շաբաթ կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների արդյունքում, ինչպես հայտնի է, Քաղաքական հանձնաժողովի նիստում զեկույց է ընդունվել, որի համահեղինակը նաեւ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ այդ զեկույցում առաջին անգամ հղում է արվում 1994-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրին, զինադադարի պահպանմանը: Առանձին կետով խոսվում է նախագահների հանդիպման, հարցի խաղաղ կարգավորմամբ լուծման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտության, փակ սահմանների առկայության մասին:

Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում էին «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը:

«Քաղաքական խմբերում հիմնական համաձայնություններն ենք ձեռք բերել`ընդհանրական ձեւակերպումների շուրջ»,- ասաց Արտակ Զաքարյանը: Խոսքն այն մասին է որ Ուկրաինան, Վրաստանը եւ այլք կողմ են տարածքային ամբողջականության սկզբունքին:

Մարդու իրավունքների սկզբունքի պաշտպանության հարցում Հայաստանն այդ հարթակում միայնակ է մնում, ինչը կարող է Ադրբեջանի կողմից լավագույնս օգտագործվել եւ շահարկվել: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ հարցի վերաբերյալ առանձին զեկույց էր պատրաստվել, որը վերջին պահին դուրս է բերվել օրակարգից: Բայց, ըստ բանախոսի, այն իր դերն արդեն խաղացել էր:

«Մեր պատվիրակությունը վերապահումներ ուներ այն հարցերում, որոնք ուղղված էին ՌԴ շահերին եւ մեր անվտանգության հարցերին: Մեր պատվիրակությունը դեմ է քվեարկել դրանց: ԼՂՀ հարցին առնչվող անհամաձայնություններ են եղել՝ ընդհանուր ձեւակերպումների համատեքստում, մեր պատվիրակությունը պատրաստ է եղել իր վետոյի իրավունքը կիրառել, բայց բանը դրան չի հասել, այդ առաջարկները ետ են վերցվել: Բոլոր չորս զեկույցներն ունեն մաքուր բնույթ»,- մանրամասնեց Արտակ Զաքարյանը`հավելելով, որ մեր պատվիրակներն այս առումով բավական ակտիվ աշխատել են հանձնաժողովներում, կուլիսային քննարկումներում:

Ադրբեջանն, ինչպես հայտնի է, յոթ ամիս է դիմում է ներկայացրել «Եվրանեսթից» դուրս գալու համար: Անցած տարի ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցեց վեհաժողովի Երեւանում կայացած նիստին, թեպետ հայաստանյան պատվիրակությունը Բաքվում մասնակցել էր վեհաժողովի նիստին:

Հայաստանյան պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ասում է, որ ադրբեջանական պատվիրակության բացակայությունը պարապուրդի չի մատնել մեր պատվիրակներին: Հայաստանյան պատվիրակությունն, ըստ պատգամավորի, նախահարձակ գործեց`փորձելով նաեւ այդ հարթակում ապացուցել, որ Հայաստանն ու Ադրբեջանը «զույգ» չեն: Ավելին, բացարձակ տարբերվող մոտեցումներ եւ ընկալումներ ունեն: Թեւան Պողոսյանի կարծիքով, կարողացել են ամրագրել այն գիտակցությունը, որ «Եվրանեսթը» մեզ համար ԼՂՀ հարցի լուծման հարթակ չէ, այն իր առաքելությունն ունի`եվրոպական արժեքների ամրագրում, մշակույթի տարածում եւ այլն:

Եվրանեսթի պատվիրակությունն առաջիկայում պատրաստվում է մեկնել Բաքու`ադրբեջանական պատվիրակությանը հորդորելու՝ ետ վերցնել դիմումը: Պատվիրակության անդամների հետ զրույցում Արտակ Զաքարյանը համաձայնության է եկել, որ Բաքու մեկնելու իրենց գինը չպիտի լինի որեւէ խոստում ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հետ կապված ինչ-որ բանաձեւ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031