Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեր թիմի մարզիչը. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2016 11:47

Համատարած քննարկվում է ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ արգելել է մարզչին թիմ հրավիրել Յուրա Մովսիսյանին, Գեւորգ Կասպարովին, Ռոբերտ Արզումանյանին, եւ հնչում է հարց, ո՞վ է ՀՖՖ նախագահին նման իրավունք տվել, եւ ո՞վ է մեր թիմի իրական մարզիչը։

Աշխարհում չկա ֆուտբոլի հետ կապ ունեցող որեւէ անձ, որը չփորձի խառնվել թիմի (հավաքականի) գործերին, չփորձի կազմի հետ կապված իր սեփական դատողությունները որպես միակ ու ճիշտ լուծում ներկայացնել։ Առավել եւս՝ ֆուտբոլային ղեկավարները, որոնք մեծ հաշվով պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար։

Շատ հեռուն չգնանք. Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է իր առաջատար հարձակվող Կարիմ Բենզեմային, եւ այս հարցը քննարկվում է անգամ Ֆրանսիայի կառավարությունում, սպորտի նախարարը կողմ է որակազրկմանը եւ հայտարարում է, թե մարզիկները պետք է օրինակելի կյանքով եւ վարքով ապրեն, պաշտպանության նախարարն էլ համարում է, թե հավաքականի պատիվը ավելի բարձր է։ Օրեր առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Օլանդն է խոսել Բենզեմայի որակազրկման մասին ու խորհուրդ տվել կրկին քննարկել այդ հարցը։ Ո՞վ է Ֆրանսիայի հավաքականի մարզիչը այս դեպքում։

Սպորտը, մասնավորապես ֆուտբոլը ներկայումս դարձել է քաղաքականության օղակ, եւ ազգային հավաքական ներկայացնելը կարող է համարվել անգամ պետական ծրագիր, հետեւաբար պետական, մարզական ղեկավարների խառնվելը պետք չէ համարել արտառոց ինչ-որ երեւույթ։ Ուղղակի այդ դեպքերում պետք է քննարկվեն նման որոշումների իրավացիությունը, եւ առաջին հերթին գլխավոր մարզչի արձագանքը։

Հիշենք նաեւ, թե ինչպես Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկեց թիմի ավագ Ջոն Թերիին, որից հետո հրաժարական ներկայացրեց հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն։ Ֆուտբոլի պատմության միգուցե մեծագույն թիմի՝ 1970 թվականին Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Բրազիլիայի հավաքականի ստեղծող, հայտնի մարզիչ ու լրագրող Ժոաո Սալդանյան այս առիթով ունի, կարելի է ասել պատմական հայտարարություն։ Երբ այդ հավաքականը նոր էր ստեղծվում, Սալդանյային կազմի հետ կապված խորհուրդներ էին տալիս բոլորը՝ պետական ու ֆուտբոլային ղեկավարները, չինովնիկները, ակումբների տերերը, ֆանատները, անգամ՝ տան անդամները, եւ Սալդանյան հայտարարել է. «Բրազիլիայում ապրում է 60 միլիոն մարդ, որոնք կազմի հետ կապված սեփական տեսակետներն ունեն։ Բայց ես եմ հավաքականի մարզիչը եւ վաղը խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, որոնց կընտրեմ ես»։ Սալդանյային, ի դեպ, հեռացրին պաշտոնից եւ Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի մարզիչն էր Չագալոն։

Վերադառնանք մեր հավաքականին։ Արդյո՞ք այս պահին հավաքական պետք է հրավիրվեին Արզումանյանը, Կասպարովը, Մովսիսյանը։ Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը շարունակում է աշխատանքը, հետեւաբար պարզ է նրա կարծիքը։ Ընդհանուր առմամբ Մովսիսյանը ներկայումս շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից, Կասպարովին համարժեք փոխարինողներ գոնե վերջին տարիներին ունեցել ենք (ինչն, ի դեպ, ապացուցեց Բելառուսի հետ խաղում հանդես եկած Արսեն Բեգլարյանը), Արզումանյանն էլ ինքն է հրաժարվել հավաքականում հանդես գալուց։ Սրանք փաստեր են, որոնք դուրս են էմոցիոնալ դաշտից եւ չունեն անձնական դրդապատճառներ։

 

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031