Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը աստղաբաշխական աճ է արձանագրել. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2016 11:31

Այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը աստղաբաշխական աճ է արձանագրել։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2015 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է ավելի քան 82 տոկոս։

Այսինքն, արտահանումը ՀՀ-ից դեպի Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է։ Բայց վաղ է ուրախանալ։ Նախ` նման աճ ստացվել է միայն այն պատճառով, որ անցած տարի արտահանման ծավալները գահավիժել էին երկու անգամ՝ 16.5 միլիոն դոլարից հասնելով 8.5 միլիոն դոլարի, եւ դա է պատճառը, որ արտահանման ծավալների այս տարվա հունվարին արձանագրված մասամբ վերականգնումը վիճակագրական տեսանկյունից երեւում է որպես 85 տոկոս աճ։ Միեւնույն է, 2014 թվականի հունվարի համեմատ արտահանման ծավալը 2016 թվականի հունվարին մոտ 1 միլիոն դոլարով պակաս է եղել։ Իսկ թե ինչ ապրանքների հաշվին է այս տարվա հունվարին արտահանումը աճել, դեռ պարզ չէ, ու երեւի չպարզվի էլ։ Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային ծառայությունը այլեւս չի հրապարակում Հայաստանի արտաքին առեւտրի մանրամասն տվյալները, եւ այլեւս հնարավոր չէ ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ ենք արտահանում որեւէ երկիր։ Հենց այս հանգամանքը բավականին կասկածելի է դարձնում վերը նշված աճերի վերաբերյալ ցուցանիշը։

Կասկածները էլ ավելի են խորանում, երբ ցուցանիշները ուսումնասիրում ենք ամսական կտրվածքով։ Օրինակ, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 23 միլիոն դոլարի ապրանք։ Դա մոտ 12 տոկոսով պակաս է 2014 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, երբ արտահանվել էր ավելի քան 26 միլիոն դոլարի ապրանք։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում. անցած տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազում է 12 տոկոս, բայց հունվարին անցած հունվարի համեմատ արտահանումը հանկարծ «ցատկում» է 82 տոկոսով։ Այդ ինչի՞ հաշվին։ Այդ ի՞նչ արտադրանք հանկարծ սկսեցինք արտադրել, որ արտահանումը այդպես աճեց, այն դեպքում, երբ նախորդ ամսին նվազել էր։ Ու ընդհանրապես, անցած ողջ տարին համապատասխան ամիսների կտրվածքով արտահանումը դեպի Ռուսաստան էականորեն նվազած է եղել՝ մինչեւ 35 տոկոսով։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարեհ Սարգսյան says:

    Կարծում եմ այստեղ համեմատելու ցուցանիշներ կան, որ հասկանալի դառնան կասկածելու հիմքերը:-)
    https://www.ved.gov.ru/exportcountries/am/am_ru_relations/am_ru_trade/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031