ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ:
Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:
Ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1…+2, ցերեկը +11…+13 աստիճանի սահմաններում»: