Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ մեկ տարի առաջ այդ օրը «Եղնիկներ»-ում մարտիրոսված և վիրավորված հայորդիների

Մարտ 29,2016 10:27

Անցած մարտի 19-ին Արցախի հյուսիսային «Եղնիկներ» տարածքում հայոց բանակի զինվորները հետ մղեցին թշնամու դիվերսիոն-հետախուզական ջոկատի մի քանի տասնյակ ասկյարներին՝ պատճառելով կորուստներ: Հերոսամարտում հայոց բանակը ևս կորուստներ ունեցավ. մարտիրոսվեցին 3 քաջորդի՝ Հակոբ Խաչատրյանը, Արշակ Հարությունյանը և Սարգիս Գաբրիելյանը, իսկ Սամվել Հակոբյանը ստացած վերքերից մահացավ օրեր անց:

Հակոբ Գագիկի Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր: Մնացել էր ընդամենը 9 օր, որ հերոսը դառնար 19 տարեկան: Անցել է մեկ տարի, և լրացավ հերոսի ծննդյան 20 ամյակը, սակայն նա մեզ հետ է իր հերոս անմահությամբ: Անցած նոյեմբերին այն կրթօջախը, որտեղ սովորել և ավարտել էր Հակոբը, անվանակոչվեց նրա անունով: Մարտի 28-ին Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվ. միջն. դպրոցի մուտքի մոտ հերոսի լուսանկարն էր՝ «Ծնունդդ շնորհավոր, հերոս» գրությամբ: Այս լուսանկարի տակ աշակերտները ելույթով ներկայացրեցին հերոսին, հանդես եկան ասմունքով, երգերով՝ նվիրված Հակոբին ու նրա մարտիրոս ընկերներին:

DSCN8616

Մինչ աշակերտների ելույթը՝ հնչեց օրհներգն Ազատ ու անկախ Արցախի, որի հավերժ ազատ ու անկախ մնալու համար մարտիրոսվեց քաջորդին: Եղավ լռության րոպե:

Դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանը, խոսելով իր սանի մասին, նշեց, որ Հակոբն ակտիվ էր դպրոցում կազմակերպված բոլոր միջոցառումներում, հանրապետական ու շրջանային մարզական ու ինտելեկտուալ մրցույթներում: Սիրում էր պատմություն առարկան և պատահական չէ, որ ընդունվեց Երևանի պետ. մանկավարժական համալսարանի պատմություն բաժինը: Կիսատ թողնելով ուսումը՝ մեկնեց բանակ և տուն եկավ վահանի վրա:

DSCN8612

-Հակոբը, գիտակցելով իր քայլի ողջ լրջությունը, հայրենի թանկ հողի համար տվեց ամենաթանկը՝ կյանքը: Ապացուցեց, որ հայրենասիրությունը լոկ բանավոր խոսք չէ, այլ գործ, որը ձեռք է բերվում անմահությամբ, իսկ մեզ՝ ապրողներիս, սովորեցնում ապրել և մեծարել…Հավերժ փառք քեզ, խիզախ պատանի, անվեհեր հերոս, ծնունդդ շնորհավոր:

Աղաձորի համայնքի ղեկավար Մկրտիչ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հերոսի ծնողներ տեր և տիկին Խաչատրյաններին՝ Հակոբի նման որդի հայրենիքին պարգևելու համար՝ ասելով՝ կորստի մեծ ցավն իր հետ բերում է նաև հպարտություն, և այսօր բոլոր աղաձորցիները, քաշաթաղցիները հպարտ են, որ ունեցել են Հակոբ որդի:

Հակոբի հայրը՝ Գագիկը, դիմելով ներկաներին, հայտնեց շնորհակալություն և ասաց. «Այսօր իմ միակ արու զավակի 20 ամյակն է, և այդ առթիվ նրա անվ. դպրոցում կազմակերպվել է միջոցառում: Աշակերտներն իրենց ելույթում ասացին՝ հպարտ են, որ Հակոբի կրտսեր ընկերներն են, երդվեցին, որ չեն մոռանա նրան, կլինեն հայրենասեր: Հպարտ եմ նաև ես՝ իմ ընտանիքով և պարզ ճակատով ենք կանգնել ձեր առաջ: Հպարտ ենք, որ ունենք Հակոբի նման զավակներ:

DSCN8685

Այնուհետև հերոսի հայրը մաղթեց՝ խաղաղությունը տիրի աշխարհին, հերոսություններ լինեն մշակույթի, աշխատանքի, գիտության բնագավառներում:

Խաչատրյանների ընտանիքը որդու ծննդյան օրվա առթիվ դպրոցին նվիրեց համակարգիչ:

Մարտի 19-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում, կայացավ ցերեկույթ՝ նվիրված մեկ տարի առաջ այդ օրը «Եղնիկներ»-ում մարտիրոսված և վիրավորված հայորդիներին: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նաև Հակոբի ծնողներին է տրվել շնորհակալագիր, հուշանվեր և դրամական պարգև:

Միջոցառումից հետո դպրոցի ողջ անձնակազմն այցելեց Հակոբի շիրիմին, աշակերտներն ու ուսուցիչները ծաղիկներ խոնարհեցին: Շիրմաքարին հերոսի՝ զինվորական հագուստով, զենքը ձեռքին մեծադիր լուսանկարն է՝ տակը գրված. «Հայր, մի ոտնաթաթ անգամ չենք նահանջի»:

Աղաձորում Հակոբի շիրիմով է հիմնադրվել գերեզմանոցը, որը, ինչպես նշեց դպրոցի տնօրենը՝ Եռաբլուրի մի մասնիկն է: Ավագ ընկերոջ շիրիմին էր այցելել նաև ժամկետային զինծառայող Արմեն Պետրոսյանին, որը նույն դպրոցի շրջանավարտ է, մեկ տարի է, ինչ բանակում է և լավ ծառայության համար դիրքապահ զինվորին՝ որպես խրախուսանք, զորամասի հրամանատարությունը արձակուրդ է տվել: Հակոբից մեկ տարի ուշ է դպրոցն ավարտել Արմենը, լավ է ճանաչում ընկերոջը և նրա նման պարտաճանաչ է հայրենիքը պաշտպանում:

Քաշաթաղի մայր գետը՝ Հակարին, այս մասում է միանում Արաքսին, որի ձախափնյա այս բնակավայրում թեկուզ նահատակ, հավերժ սահմանապահ-վահան մնաց Հակոբը, իր շիրիմով ավելի սրբացրեց ազատագրված ու վերստին հայացած Հայոց Կովսական պատմական գավառի այս տարածքը: Օրը համընկավ նաև Մեռելոցին. Հերոսի շիրիմին խունկ ծխեցինք, երիցս փառք տվեցինք:

Հայրը տեղեկացրեց, որ նպատակ ունի նոր հիմնված հանգստարանում մատուռ կառուցել: Հրաժեշտ տվեցինք քաջին, ում շիրմաքարի մոտ փողփողում են Հայոց 2 հանրապետությունների Եռագույնները, որոնց պատիվը պաշտպանեց ու մարտիրոսվեց Հակոբ Գագիկի Խաչատրյանը՝ ՀՀ և ԼՂՀ Նախագահների կողմից հետմահու արժանանալով «Արիության համար» մեդալների, այլ պարգևների, և ամենակարևորը՝ հայ ժողովրդի սիրուն ու հարգանքին:

Միջոցառմանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, աղաձորցիներ, զինվորականներ, հյուրեր:

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ. Աղաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031