Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացած «պայթյուններին» սպասելիս

Մարտ 29,2016 10:14

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում կեղծ ահազանգ էր ստացվել Երեւան-Մոսկվա չվերթի եւ ապա ամբողջ օդանավակայանի պայթեցման մասին: Առաջ ինձ թվում էր, որ ինչ-որ «կատակասերներ» պարզապես ցանկանում են խաղալ մարդկանց նյարդերի հետ: Բայց երբ բրյուսելյան ահաբեկչություններից հետո հայտարարվում է նման պայթյունների մասին, եւ այդ ահազանգով ոտքի է հանվում համապատասխան ծառայություններում աշխատող մի քանի հարյուր մարդ, դա, ինձ թվում է, պարզ կատակ չէ, ավելի շուտ` նպատակաուղղված քարոզչություն է` մեր հասարակական հոգեբանության եւ, հետեւաբար, մեր անվտանգության դեմ ուղղված: Այդ լուրջ հանցագործության համար 350 հազար դրամ տուգանքը, համոզված եմ, քիչ է: Առանձնապես կողմ չեմ որեւէ հարցում խստությունների, բայց սա այն դեպքն է, երբ մարդկանց ահաբեկելու նպատակով կեղծ ահազանգի համար քաղաքացուն պետք է որոշ ժամանակով ազատազրկել: Որ ուրիշները 10 անգամ մտածեն նման բան անելուց առաջ: Ի դեպ, վերջերս Վրաստանի խորհրդարանը նման հանցագործության համար պատիժը զգալիորեն խստացրել է:

Կարեւոր է նաեւ, թե ինչպես ենք մենք` լրատվամիջոցներս, հայտնում այդ կեղծ ահազանգի մասին (ասում եմ՝ «մենք», որովհետեւ ինձ մնացածներից առանձնացնելու ոչ մի հիմք չունեմ): Եթե ահազանգ է ստացվել, թե մեկը հայտնել է, որ պայթյուն է լինելու, պետք չէ դրա մասին հայտարարել այնպես, կարծես թե դա պարտադիր պետք է տեղի ունենա կամ նույնիսկ արդեն տեղի է ունեցել: Հաշվի առնելով, որ մեր ընթերցողներն ու օգտատերերը հակված են հավատալու ցանկացած սարսափելի լուրի եւ չհավատալու ոչ մի լավ բանի, չարժե շահարկել մարդկանց վախերը:

Գրեք մի վերնագիր, ըստ որի՝ վաղը Հայաստանը ջնջվելու է աշխարհի երեսից, եւ ոչ մի կասկած չկա, որ նույն պահին մի քանի տասնյակ մարդ այդ նյութը «կկիսի» իր պատին, եւ նույնքան մարդ խորիմաստ մեկնաբանություն կգրի` «բա էդպես էլ պետք է լիներ», «ուրիշ բան սպասել հնարավոր չէր», «ես վաղուց եմ դա կանխագուշակել» (հատկապես այդ ոճով են մեկնաբանելու նրանք, ովքեր Հայաստանում չեն ապրում): Էլ ոչ ոք չի էլ կարդալու, թե ինչ է գրված այդ նյութում եւ ինչպիսի հիմնավորումներ են բերվում սպասվելիք «արմագեդոնին»: Թե ինչու է դա այդպես՝ երկար խոսակցություն է. համենայնդեպս, չեմ կարող ասել, որ մենք` լրատվամիջոցներս, այդ բացասական սպասելիքների ստեղծմանն անմասն ենք:

Իհարկե, ամբողջ աշխարհում ամենալավ «վաճառվողը» տագնապալի լուրերն են` մարդիկ սիրում են, երբ իրենց անընդհատ լարվածության մեջ են պահում: Բայց հաշվի առնելով մեր հայաստանյան որոշ առանձնահատկությունները՝ գուցե ձեռնպահ մնանք ամեն մի առիթով մարդկանց լեղապատառ անելուց:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. spartak says:

    Լրիվ համաձայն եմ Աբրահամյանի հետ: Տեղին մտահոգություն է:Այո՛, նմաններին ավելի խիստ պատիժ է հասնում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031