Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ի տարբերություն սահմանագծում ադրբեջանցիների ակտիվությանը, նրանց կողմից պասիվություն է արձանագրել վիրտուալ ասպարեզում:
«Վերջին երեք տարվա ընթացքում գնալով՝ հակերային խմբերի ակտիվությունն ընկնում է, բավականին լուրջ դեմքեր ասպարեզից դուրս են եկել: Բացատրություն չունեմ, մի քանի ենթադրություն կարելի է անել, բայց հիմքեր ու փաստեր չկան: Ադրբեջանական հակերային խմբերի կողմից հնարավոր հարձակումներ սպասվում են մարտին 31-ին, այդ օրը Ադրբեջանում հռչակվել է ադրբեջանցիների ցեղասպանության օր, այսինքն, նոր հնարած օր է ու այդ օրն էլ է օգտագործվում ակտիվանալու համար, դրանից հետո կարելի է ենթադրել՝ հարձակումներ կլինեն ապրիլի 24-ին, որովհետեւ վերջին տարիներին, ադրբեջանցիները թուրքերից ավելի ակտիվ են ցեղասպանության թեմայով»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա, հայաստանյան պաշտոնական կայքերը 2009-ից ԱԱԾ-ի պաշտպանության տակ են ու դրանից դուրս միջադեպեր չեն արձանագրվում, բայց կան կայքեր, որոնք պաշտոնական հարթակում երկրորդ կարգին են դասվում ու հատուկ պաշտպանվածության տակ չեն գտնվում, այդ հարթակում միջադեպեր լինում են. «Ամենաոչ բարվոք վիճակում Արցախի պետական կայքերն են, որոնք վերջին տարիներին բազմիցս հարձակման են ենթարկվել»:
Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում վերջին միջադեպերը, մեդիա փորձագետը չի շտապում կապել հայաստանյան ու ադրբեջանական տոների հետ. «Ավելի շատ սպասվող նախագահների վաշինգտոնյան հանդիպման հետ կապ ունի, ակնհայտ երեւում է, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը փորձում է իրավիճակը սրել, որ հետո կարողանա դա օգտագործել որպես քարոզչական միջոց, միջնորդների վրա ճնշում գործադրելու առումով: Փորձում են ցույց տալ, որ միջնորդներն առաջ չեն տանում բանակցային գործընթացն ու բան չի փոխվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ