Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը վերջին երեք տարում անընդհատ ինտրիգային գործընթացներ է նկատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու շուրջ:
«Անընդհատ ինտրիգային գործընթացներ են, դժվարանում եմ ասել, թե Վարդան Օսկանյանի նախատեսած կուսակցությունն ինչքանով կդառնա հարթակ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Բայց այս կամ այն կերպ, որպես քաղաքական դերակատարներից մեկը, ինչու չէ օլիգարխներից մեկը, նա շահեր ունի ու կուզի վերադառնալ, Օսկանյանը կծառայի՞ այն խողովակը, որով կվերադառնա, դժվար է ասել, բայց որ նրանք համախոհներ են, անկասկած է: Ավելի լավ կլինի, որ Քոչարյանն ինքը նախաձեռնի, ինքը վերադառնա, որովհետեւ Հայաստանն այլեւս նախագահական հանրապետություն չի լինի ու կարեւոր է յուրաքանչյուր քաղաքական կառույցի, առաջին դեմքի ներկայությունը: Բացի դա՝ Վարդան Օսկանյանը արեւմտյան քաղաքական մշակույթի մեջ մեծացած մարդ է, ԱՄՆ-ում է կրթություն ստացել: Եթե այդ արժեքների կրողն է, ապա շատ ճիշտ կլիներ, որ այս համատարած ռուսականացման ճահճի մեջ արեւմտյան ազդեցությունն էլ լիներ ու հավասարակշռություն ստեղծվեր, այդ հավասարակշռության մեջ ծնվեր հայաստանամետը»,- կարծում է քաղաքագետը:
Նրա համար ողջունելի է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը. «Նա ու իր միջավայրը տասնյակ տարիներով արտաքին քաղաքականությամբ են զբաղվել ու հիմա դուրս են մղվել ակտիվ քաղաքական կյանքից եւ այդ ճանապարհով փորձում են վերադառնալ:
Բացի դա՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն, կուսակցությունների դերը չափազանց կարեւորվում է որակի իմաստով: Ասում են՝ նոր կուսակցություն, որը երկրին ծառայելու նպատակով է, բայց, ինչու չէ, նաեւ իրենց խմբային շահերին ծառայելու նպատակով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ