«Հայաստան-Բելառուս խաղն ինչպես սպասվում էր, այնպես էլ եղավ։ Առաջին խաղն էր, որ թիմում շատ նորեկներ կային։ Պետք չէր հրաշքներ սպասել ու չեղան էլ այդ հրաշքները։ Նորմալ խաղ գնաց»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Բելառուս խաղին, ասաց «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Բուռնուչյանը։
Նա նաեւ նշեց, որ այս խաղի ընթացքում մարզիչը ծանոթանում էր հավաքականի հետ.. «Սուքիասյանի գլխավոր խնդիրն էմոցիոնալ, հին, լավ աշխատանքային մթնոլորտի վերականգնումն է։ Կարծում եմ, առաջին խաղի ընթացքում նորմալ ամեն ինչ անցավ։ Մայիսին ամերիկյան հավաք է լինելու։ Իմ կարծիքով նորմալ կարող ենք ընտրական փուլին մոտենալ»։
Գեւորգ Բուռնուչյանից հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի եւ Գեւորգ Կասպարովի բացակայությունը բացասական ազդեցություն ունեցա՞վ խաղի վրա. «Մովսիսյանի 1-2 տարվա խաղով միանշանակ կարելի է ասել, որ նա մեր հավաքականի առաջատարը չէր։ Այստեղ միակ բացակայությունն Արզումանյանինը կարելի է դիտարկել, որ որակյալ կորուստ կրեցինք»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը եւ Գեւորգ Կասպարովն այլեւս չեն հրավիրվի հավաքական։
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Գեւորգ Բուռնաչյանն ասաց, որ սա հակամարտության, ստեղծված մթնոլորտի ֆոնի վրա արված հայտարարություն էր. «Կարելի էր շատ ավելի այլ մակարդակով լուծվեր ու ամեն ինչը չհասներ այսպիսի էմոցիոնալ պայթյունի։ Հասել է մի վիճակի, որ անիմաստ է մեղավորներ փնտրելը։ Պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքները քաղում ենք»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ