Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի նոր Սահմանադրությունը անձնավորված է Էրդողանի կերպարի շուրջ

Մարտ 28,2016 19:25

«Ընդհանրապես Թուրքիայի իշխող կուսակցության վերջին տարիների գերնպատակներից մեկը սահմանադրական փոփոխություններ իրականացնելն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա համարում է, որ նոր Սահմանադրությունը  մի քանի թիրախային նպատակ ունի եւ ինչ-որ տեղ նաեւ անձնավորված է նախագահ Էրդողանի կերպարի շուրջ, քանի որ ըստ այդ Սահմանադրության՝ Թուրքիայում  տեղի են ունենալու հայեցակարգային, կառուցվածքային փոփոխություններ երկրի կառավարման հետ կապված. խորհրդարանական պետությունը դառնալու է նախագահական. «Ընդ որում, նախագահի ինստիտուտը բավականին ուժեղանալու է, եւ իր մեջ կրելու է պաշտամունքին բնորոշ որոշ տարրեր, մասնավորապես՝ արդեն իսկ Թուրքիայի քրեական օրենսգրքում մտցված է եւ ակտիվացված է մի հոդված՝ 299-րդ հոդվածը, որը սահմանում է երկրի նախագահի անձին վիրավորելու դեպքում քրեական պատասխանատվություն մինչեւ 3 տարի ազատազրկման ժամկետով: Ի դեպ, հիմա էլ Թուրքիայում մի քանի լրագրողներ հենց այդ հոդվածով դատապարտվել են, իսկ մեկն արդեն իսկ կրում է իր պատիժը ազատազրկման վայրում:

Բացի այդ՝ սրանով Թուրքիայում ստեղծվում է երկրորդ մի անվիճարկելի կերպար, եթե մինչեւ հիմա դա եղել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ապա հիմա դա լինելու է Էրդողանը: Այս Սահմանադրությունը հենց էրդողանական Սահմանադրությունն է, որը նաեւ վերաբերվում է Թուրքիայի մի կարեւոր այլ երեւույթին նույնպես, դա աշխարհիկության խնդիրն է: Քանի որ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է որպես աշխարհիկ պետություն եւ կրոնական կառույցներն ու կրոնամետ գործիչները հնարավորինս հեռու են պահվել քաղաքականությունից, իսկ հիմա ընդհակառակը՝ կրոնամետ նախագահ է Էրդողանը, իրականացնելու է փոփոխություններ եւ դրանով նաեւ որոշակիորեն էլ ավելի մեծ լեգիտիմություն է հաղորդելու կրոնական կառույցներին եւ կրոնական գործիչներին: Եվ արդեն նոր Թուրքիայի կերպարը լինելու է ավելի շատ իսլամական, իսկ Թուրքիայի ներկայիս հանրապետությունը իր հենքերից մեկը համարում էր աշխարհիկությունը, այսինքն՝ ոչ իսլամական բնույթը»:

Ռուբեն Մելքոնյանը համարում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ի պաշտոնե ստիպված է այդ բարեփոխումները իրականացնել, սակայն ցանկացած վարչապետի համար դա ոչ ցանկալի զարգացում է, քանի որ այդ փոփոխություններով սահմանափակվելու են վարչապետի լիազորությունները. «Դավութօղլուի ջանքերն, իհարկե՛, իրենց մեջ կեղծիք են պարունակում, քանի որ չի կարող որեւիցե քաղաքական գործիչ գնալ, այսպես ասած, ինքնաոչնչացման՝ կտրելով այն ճյուղը, որին  ինքը նստած է, իսկ վարչապետի լիազորությունները սահմանափակող Սահմանադրության ջատագովը Թուրքիայում նույն վարչապետն է: Սա խոսում է այն բանի մասին, որ իրականում նախագահ Էրդողանի բռնապետական մոլուցքը տարածվել է ամբողջ քաղաքական մեքենայի վրա, եւ այդ քաղաքական մեքենան սպասարկում է  մեկ անձի ամբիցիաներ»:

Թուրքագետի կարծիքով՝ թուրքական ընդդիմությունը փորձելու է ինչ-որ գործողություններ կատարել, բայց դրանք չեն ստացվելու. «Ընդդիմությունը մաքսիմում կարող է թույլ չտալ, որ խորհրդարանում տեղի ունենա սահմանադրական փոփոխությունների հաստատումը: Քանի որ դրա համար պահանջվում է բավական մեծ թվով պատգամավորների ձայն՝ 367 ձայն, իսկ իշխող կուսակցությունը ունի կարծեմ 338 պատգամավոր: Այսինքն՝ առավելագույնը, որ ընդդիմությունը կարող է անել չտալ 30 ձայն իշխող կուսակցության նախագծին եւ խորհրդարանում դա չանցկացնել: Բայց այստեղ ի հայտ է գալիս մյուս հնարավորությունը, իշխող կուսակցությունը այդ հարցը դնում է քվեարկության եւ որոշում են այն դնել համաժողովրդական հանրաքվեին: Այսինքն՝ երկու ճանապարհ կա՝ կա՛մ խորհրդարանով, կա՛մ անցկացնել համաժողովրդական հանրաքվե: Իշխող կուսակցությունը կընտրի երկրորդ ճանապարհը, քանի որ ինչպես ասացի, ընդդիմությունը ամեն կերպ կխոչընդոտի, որ խորհրդարանում դա անցնի:

Բայց դրանից ավել ռեալ շանսեր ընդդիմությունը չունի, առավելագույնը, որ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ նա պետք է անի, հակաքարոզչությունն է, այն էլ հենված անձի պաշտամունքի վրա, որովհետեւ սա արվում է Էրդողանի համար: Բայց եթե  հաշվի առնենք, որ 2014 թվականի նախագահական ընտրություններում, երբ պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդն ընտրեց նախագահին, եւ այդ ընտրությունների ժամանակ Էրդողանը ստացավ 50 տոկոսից ավելի ձայն, դա խոսում է այն բանի մասին, որ եթե Էրդողանը ստանում է 50 տոկոսից ավել ձայն, ապա Էրդողանի Սահմանադրությունը շանսեր ունի այդքան ձայներ հավաքելու համար: Եվ ընդդիմության կոնսոլիդացիան ընդամենը ավելացնելու է դեմ ձայները, բայց որոշիչ որեւէ ազդեցություն դժվար թե ունենա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031