Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Պատժիչ գործողությունները կշարունակվեն, եթե հակառակորդը չփոխի իր պահվածքը»

Մարտ 28,2016 17:59

«Հիմա սահմանային իրավիճակն անհամեմատ ավելի հանգիստ է։ Երկու օր լարված էր, իսկ այսօր հանգիստ է»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ:

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:

Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս գործողությունների շնորհի՞վ էր, որ իրավիճակը հանդարտվեց։ «Կարծում եմ, այո։ Եվ դա շարունակվելու է, եթե հակառակորդն իր պահվածքը չփոխի»,- պատասխանեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ինչպես միշտ՝ Ադրբեջանը չհարգեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը եւ խախտեց հրադադարի ռեժիմը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես էր եկել Նովրուզ Բայրամի եւ Զատիկի օրերին հրադադարի ռեժիմի պահպանման կոչով։ Իսկ մարտի 21-ին այդ կոչին միացել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031