Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները գրեթե զրոյական են

Մարտ 28,2016 17:20

Ուղիղ մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց, որ Իրանն ու Վրաստանը բանակցում են Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան տարանցման մասին, մեր հասարակությունը սպասում էր, թե ինչ զարգացումներ կլինեն:

Նախորդ ամիս, ինչպես գրել էր ռուսական TACC լրատվական գործակալությունը, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի՝ Թեհրան այցի ժամանակ քննարկվել է իրանական գազը Վրաստան տեղափոխելու հարցը: Այս բանակցություններում, ինչպես նշել էր Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին, քննարկվել են Իրանում արդյունահանված 200 միլիոն խորանարդ մետր գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման մասին: Իրանական կողմն ասել էր, որ ակնկալվում է գազի արտահանումը Վրաստան սկսել մարտի 21-ից հետո:

Ալիռեզա Քամելին նաեւ նշել էր՝ եթե գործարքի տնտեսական նպատակահարմարությունը ապացուցվի փորձով, արդեն կքննարկվեն Վրաստան գազի արտահանման միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը, սակայն իրանական գազի արտահանման այս տարբերակը կյանքի կոչելուց առաջ Վրաստանը Հայաստանից թույլտվություն պետք է ստանա գազի տարանցման համար:

Այս մեկ ամսվա ընթացքում որեւէ բան չէր պարզվում, թե Հայաստանն արդյոք կլինի՞ գազի տարանցիկ երկիր, եւ արդյոք Վրաստանը դիմե՞լ է Հայաստանի կառավարությանը: Արդեն կարծես թե մի փոքր որոշակիանում է այս թեման:

Կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ապրիլի 11-ին Թբիլիսիում հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների միջեւ: Այս հանդիպման ժամանակ, ըստ Յոլյանի, վերջնական լուծում կստանա իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու հարցը:

Պարոն Յոլյանն ասաց. «Գնում են բավականին ակտիվ աշխատանքներ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավելու տարածաշրջանային բոլոր խնդիրներում։ Եվ էլեկտրաէներգիայի, եւ գազի շուրջ բանակցությունները գնում են, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում, պարզ չէ՞, որ տրանզիտի գումարներ են հաստատվում, բյուջե փող է մտնելու դրանից՝ ոչ միայն գազի, այլեւ էլեկտրաէներգիայի համար»: Մինչ մերոնք պատրաստվում են մեկնել Թբիլիսի, Վրաստան-Ադրբեջան գազային համաձայնագիր է արդեն կնքվել, եւ Հայաստանն ու Իրանը, հնարավոր է, դուրս գան գազի այս խաղից:

«Առավոտը» նախարարին խնդրեց բանակցությունների մասին մանրամասներ հայտնել՝ արդյոք Հայաստանն ունի՞ հնարավորություն գազի տարանցիկ երկիր դառնալու, եթե այո, ապա մեր երկիրը ֆինանսական որքա՞ն օգուտ կունենա, եւ որքա՞ն կլինի «Գազպրոմի» օգուտը: Սակայն Յոլյանը մեր հարցին չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ բանակցություններից մանրամասներ հայտնել:

Մինչդեռ նկատենք՝ սա հենց այն խնդիրն է եւ այն թեման, որի շուրջ անգամ չնչին զարգացումները՝ թե՛ դրական եւ թե՛ բացասական, պետք է հայտնել հանրությանը, քանի որ շատ կարեւոր է, թե Հայաստանի ներկայացուցիչների դիրքերն այդ բանակցություններում որքան ամուր են եւ պահանջատեր:

Ունենալով հայտնի գազային պայմանագրի դառը փորձը, որը մեր բնակչության համար մեծ բեռ էր եւ ոչ հանրօգուտ, կարելի է ասել, մինչեւ վերջին պահը գաղտնի պահվեց, ու չնայած հանրության ընդվզմանը՝ այն ընդունեց Ազգային ժողովը:

Հիմա սա հաշվի առնելով՝ մեղմ ասած, մեր աչքը վախեցած է՝ հանկարծ այնպես չլինի, որ բանակցություններն ավարտվեն Հայաստանը գազի տարանցումից դուրս մղելով, կամ եթե անգամ հաջողվի, ապա ասենք՝ հօգուտ «Գազպրոմի», եւ մեր պետական բյուջե գազի տարանցման համար կոպեկներ մտնեն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը վստահ չէ, որ այս բանակցություններից Հայաստանը մեծ օգուտներ կքաղի: «Առավոտի» հետ զրույցում Հայկ Գեւորգյանն ասաց, որ այժմ դժվար է ասել, թե ինչ պայմաններով են գազը տեղափոխելու. «Եթե, իհարկե, բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ինչում ես, մեղմ ասած, կասկածում եմ: Բայց եթե նույնիսկ հաջողվի, ապա նշված չորս երկրներից ամենաքիչ օգուտը Հայաստանն է ստանալու, քանի որ գազը տեղափոխվելու է մի գազահամակարգով, որն ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմին»:

Տնտեսական մեկնաբանը հիշեցրեց տարիներ առաջ «Գազպրոմի» կողմից ձեռք բերված Իրան-Հայաստան՝ Մեղրիից մինչեւ Արարատ գազամուղի պատմությունը. «Սա տնտեսական որեւէ նպատակահարմարություն չուներ, տրամաբանություն չկար այդ գործարքում, որովհետեւ այդ գազամուղով գազը գալու էր միայն Երեւան ՋԷԿ, վերածվեր էլեկտրաէներգիայի, ապա գնար Իրան՝ 1/3 հարաբերակցությամբ»: Գեւորգյանը նկատեց, որ այդ գործարքն իրականում ուներ քաղաքական նպատակահարմարություն եւ հենց ներկայիս դեպքերի համար՝ երբ Իրանը ցանկանար Հայաստանով գազ արտահանել Վրաստան:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը տարիներ առաջ կնքելով գազային պայմանագիրը՝ զրկվել է ինքնուրույն որեւէ քայլ անելու հնարավորությունից. «Կորցրեցինք հնարավորությունը, երբ գազամուղը 2004 թվականին 2 անգամ փոքր կառուցվեց, երբ հրաժարվեցինք Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պարսկական միջոցներով կառուցել, մենք բոլոր հնարավորություններից զրկվեցինք, հիմա քաղում ենք պտուղները»: Տնտեսագետը նկատեց, որ իրանական գազը Հայաստանով Վրաստան տարանցելու բանակցությունները մեկնարկեցին, երբ դեռ չկար վրաց-ադրբեջանական գազային պայմանավորվածությունը:

Հիշեցնենք. մարտի սկզբին Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են մի համաձայնագիր, որով Ադրբեջանն ամբողջությամբ կբավարարի Վրաստանի գազի պահանջարկը: Վրաստանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն այլեւս հավելյալ ծավալի բնական գազ ձեռք բերելու կարիք չունի՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Իրանից:

«Ապրիլին Թբիլիսիում կհավաքվեն, կխոսեն, հետո մեզ կասեն՝ ոչինչ չստացվեց»,- գազային առաջիկա հանդիպման մասին ասաց Վահագն Խաչատրյանը:

Եվ քանի որ Յոլյանը բանակցություններից ոչինչ չմանրամասնեց, մեզ մնում է ենթադրություններ անել ու հույս ունենալ, որ Թբիլիսիում հանդիպումների ժամանակ գոնե էլեկտրաէներգիայի տարանցման հարցում կշահենք:

Հիշեցնենք, որ Կախա Կալաձեն Իրանում ասել էր, որ Վրաստանը հնարավորություն ունի Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա մատակարարել Իրան, իսկ ձմռանը, երբ Վրաստանում էներգիայի սպառումը առավելագույն ցուցանիշների է հասնում, կարող են Հայաստանի տարածքով Իրանից էլեկտրաէներգիա ներկրել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031