Օբաման մերժել է Էրդողանի առաջարկը ներկա գտնվելու ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրքական դրամով կառուցված մզկիթի բացման արարողությանը:
Օբաման նաեւ որեւէ պաշտոնական հանդիպում չի նախատեսել Էրդողանի հետ, Վաշինգտոնում՝ առաջիկա հինգշաբթի օրը սկսվող միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կմասնակցի, Մերիլենդ նահանգում, «Ամերիկյան կրոնական կենտրոն» անվամբ թուրք-իսլամական մզկիթի բացմանը:
Ըստ թուրքական աղբյուրների, կենտրոնը նպատակ է ունենալու «կրոնի վերաբերյալ ճիշտ և ժամանակակից» տեղեկություններով իրազեկել հասարակությանը, ուղղորդել հավատքի, կրոնական արարողությունների ու բարոյականության հարցերում: Մզկիթը մեծ համալիր է, որը ներառում է մշակութային կենտրոն, ընդունելության առանձին շենք, հյուրատուն և թուրքական ոճով կառուցված տներ:
Կարդացեք նաև
Նույն աղբյուրների համաձայն՝ մզկիթը միակն է ԱՄՆ-ում, որն ունի 2 մինարեթ: Մզկիթի ներսում և բակում կարող են կրոնական արարողության մասնակցել միաժամանակ 3.000 մարդ:
Մշակույթի կենտրոնում հիմնադրվող Իսլամական հետազոտությունների կենտրոնն էլ խորհրդատվական ծառայություններ է մատուցելու սովորելու նպատակով ԱՄՆ ժամանած թուրք ուսանողներին:
Միջուկային անվտանգության գագաթնաժողովի չորրորդ եւ վերջին նիստը Վաշինգտոնում իր աշխատանքը մեկնարկելու է հինգշաբթի օրը: Նախատեսվում է այդ ֆորումին մասնակցեն 51 երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այդ շարքում նաև Եվրոպայի Միության եւ Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակություններ:
ԱՄՆ պետական բարձրաստիճան պաշտոնյաները «The Wall Street Journal»-ին հայտնել են, որ Օբամայի որոշումը չպետք է դիտվի որպես Էրդողանի նկատմամբ արհամարհանք, որովհետև երկու նախագահները անցյալ նոյեմբերին Թուրքիայում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և ապա փետրվարին հեռախոսազրույց են ունեցել:
ԱՄՆ աղբյուրների համաձայն, Էրդողանի նկատմամբ Վաշինգտոնի գաղջ վերաբերումը՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբի, Սիրիայում կռվող քրդերի և Թուրքիայում ընդդիմադիր ուժերի և մամուլի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքն է:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Մերիլենդ նահանգի մզկիթի համար Թուրքիան ծախսել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
«Արաքս» շաբաթաթերթ,
Թեհրան, 28-03-2016 թ